Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով նախագահ Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ դառնալուն, «Հայկական ժամանակ» թերթը մեկնաբանում է. - «Առաջին հայացքից անսպասելի թվացող այս նշանակումը, ըստ էության, խիստ տրամաբանական է, առավել եւս, եթե հարցին մոտենում ենք հակառակ կողմից եւ փորձում պատկերացնել, թե ուրիշ էլ ում Քոչարյանը կարող էր վստահել այդ պաշտոնը: Ըստ էության, գործող նախագահը շատ փոքրաթիվ քաղաքական թիմ ունի, եւ այս իրողությունից է բխում Հարությունյանի նշանակումը»: Վերջապես Ալեքսան Հարությունյանը ի պաշտոնե կզբաղվի պետական քարոզչության համակարգմամբ, ինչով զբաղվում էր առանց այդ էլ», - արձագանքում է «Առավոտ» թերթը: Այստեղ, ինչպես եւ «Հայկական ժամանակ»-ում, տարակույս է ընդգծված Հանրային հեռուստառադիոընկերության փոխնախագահի ընտրության առնչությամբ՝ որպես ոլորտի հետ կապ չունեցող մարդու: Բայց միաժամանակ, մատնանշելով նրա կենսագրությունը նախագահի աշխատակազմում, բխեցվում է, թե հենց սա' է ներկայիս տրամաբանության մեջ:

«Խուճապի մատնվել պետք չէ» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասում է. - «Կարծում եմ, կհաջողվի պահպանել ներքին կայունությունը եւ համամիտ չեմ այդ ողբերգական դեպքի առնչությամբ այսօր հնչող տարաբնույթ հայտարարություններին: Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կտրուկ գնահատականներից, առավելագույնս զուսպ լինել եւ սպասել նախաքննության արդյունքներին... Որեւէ մեկին օգուտ չի տա այս հարցը հատկապես նախընտրական փուլում շահարկելը»: Տիգրան Թորոսյանը եզրափակել է. - «Ուղղակի այսպիսի ցավալի երեւույթները կանխելու համար անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել, որպեսզի Հայաստանը դառնա իսկապես կայուն, ժողովրդավարական, զարգացող պետություն»:

Իշխանամետ լրատվամիջոցների մատուցումների հետքերով «Օրրան» թերթը հակադարձ հարցեր է դրել. - «Ի՞նչն է խանգարում իշխանություններին, որպեսզի նրանք գտնեն թիվ երկրորդ ուչաստկովիին, որը, ամենայն հավանականությամբ, հեշտորեն կբացահայտի այս ստոր հանցագործությունը եւս, եւ ամեն բան իր տեղը կընկնի: Չէ որ, ի վերջո, բոլոր տեսանելի ու, առաջին հայացքից գոնե, անտեսանելի լծակները հենց իշխանությունների ձեռքին են, եւ դրանց կիրառումն էլ առանձին ջանք ու եռանդ չի պահանջում: Եվ վերջապես՝ բարոյակա՞ն է արդյոք, ահաբեկչությունները կանխելու ու դրանք բացահայտելու փոխարեն այժմ էլ հասարակության գաղափարական ու բարոյական ահաբեկչությամբ զբաղվել»:

«Քաղաքական կյանքը Հայաստանում մեռած է», - խտացրել է այսօր «Առավոտ» թերթի խմբագիրը՝ ըստ այդմ էլ ուրվագծելով. - «Առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու է Ռոբերտ Քոչարյանը: Դրան նպաստող բազմաթիվ գործոններից է գաղափարական պայքարի բացակայությունը եւ, որպես հետեւանք, հասարակության բացարձակ անտարբերությունը քաղաքական գործընթացների նկատմամբ: Գաղափարական հենքի բացակայությամբ աչքի են ընկնում թե' իշխանության եւ թե' ընդդիմության ճամբարները: «16»-ի ընդդիմադիր դաշինքին իրավամբ մեղադրում են գաղափարական խայտաբղետության մեջ... Բայց արդյոք չի՞ կարելի նույնը ասել Քոչարյանին սատարող ուժերի մասին: Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, խնդիր չունի: Նա բացարձակ պրագմատիկ է՝ կարող է միաժամանակ լինել թե' ծայրահեղ ազգայնական, թե' լիբերալ, խաղալ բասկետբոլ եւ հեռուստաընկերություն փակել: Բայց նրան աջակցող կուսակցությունները, միավորվելով մի ձոներգող երգչախմբի մեջ, դիմազրկում են թե' իրենց եւ թե' ընդհանրապես քաղաքական դաշտը: Հասարակությունն այլեւս չի հավատում, որ որեւէ ընդդիմադիր կամ իշխանամետ քաղաքական գործիչ կամ ուժ որեւէ քայլի է դիմում իր գաղափարներից ելնելով, ոչ թե սեփական նյութական խնդիրները լուծելու համար»: Հետեւաբար, խմբագրի կանխատեսմամբ, «տեսանելի ապագայում իշխանությունը Հայաստանում ընտրությունների միջոցով չի փոխվի: Իշխանությունը մեր երկրում կարող է փոխվել միայն հեղաշրջման միջոցով: Բայց քանի որ ներկա փուլում Հայաստանում հեղաշրջման վտանգ էլ, բարեբախտաբար, չկա, հետեւաբար, Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնելու է իր պաշտոնը այնքան ժամանակ, որքան Աստված իրեն կյանք է պարգեւել: Այսինքն՝ թե 5, թե 10 տարի հետո Քոչարյանը կարող է գտնել «իրավական» փաստարկներ՝ նախագահ մնալու համար»:

«Մեր բնակչության միայն չորս տոկոսն է իրեն անվանում այս կամ այն կուսակցության անդամ։ Սա չի համապատասխանում կուսակցությունների հրապարակած թվերին», - «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում փաստել է Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գեւորգ Պողոսյանը։ - «Տասը տարի շարունակ պարբերաբար անցկացվող մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ հետաքրքրվածությունը կուսակցությունների հանդեպ անընդհատ նվազում է»։ Պատճառը, ինչպես այս տեսանկյունից էլ շեշտվում է, ձեւավորումներն են «ոչ թե սոցիալական որոշակի խմբերի, հասարակության որոշակի հատվածի հիմքով, սրանց շահերի առաջ մղումով, այլ այս կամ այն անձի շուրջ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG