Մատչելիության հղումներ

Ընդդիմության քաղաքական հայտարարությունը Նաղդալյանի սպանության առնչությամբ


Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումը այսօր հրապարակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ քաղաքական հայտարարությունը, որում հեղինակները, խորապես ցավակցելով սպանվածի ընտանիքին եւ հարազատներին, համոզված պնդում են, որ նման հանցագործությունները հնարավոր են դարձել երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի հետեւանքով. - «Գործող վարչախմբի օրոք տխուր օրինաչափություն են դարձել բարձրաստիճան պաշտոնյաների, պետական, հասարակական եւ քաղաքական գործիչների չբացահայտված սպանությունները»:

Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ նախկին իշխանությունների օրոք էլ այդ կարգի սպանություններ եղել էին, եւ դրանց մի մասը առ այսօր չի բացահայտվել:

Հայտարարության հեղինակները անընդունելի եւ անբարո են համարում իշխանությունների եւ քաղաքական որոշ ուժերի գործելաոճը, երբ արդեն սպանությունից հետո նախաքննության մարմնին ուղղորդելու միտումով ընդդիմության հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնում են, բացառվում են, սակայն, «ժողովրդի մեջ առավել շրջանառվող «Հոկտեմբերի 27-ի եւ այլ վարկածներ»:

Հանրապետության դատախազությունից հստակ չեն պատասխանում, թե արդյո՞ք քննվում է «Հոկտեմբերի 27»-ի վարկածը: Տիգրան Նաղդալյանի սպանությունը, անշուշտ, որոշակիորեն ազդելու է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության հետագա ընթացքի վրա: Աշոտ Սարգսյանի խոսքերով, թե' վկաների բացակայությունը հանրապետությունից, թե' վկաների սպանությունը ազդելու է դատական նիստի ընթացքի վրա:

Ընդդիմադիր միավորման հայտարարության հեղինակները կոչ են անում «հանդես բերել քաղաքական զսպվածություն, ոչ մի դեպքում չխախտել անմեղության կանխավարկածը, հասարակությանը զերծ պահել անհարկի շահարկումներից»:

«Չկա չբացահայտվող հանցագործություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հոկտեմբերի 27»-ի գործով Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը: - «Աշխատանքի որակի եւ ժամանակի մեջ է հարցը: Կբացահայտվի, միգուցե ուշ բացահայտվի: Միակ պատճառը, որ կարող է չբացահայտվել, դա այն է, որ չուզենան բացահայտել»:

Իսկ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով նախաքննական մարմինը հնարավոր եւ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում է: Հարցաքննվում են նաեւ սպանվածի հարազատները, ընկերները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG