Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ձեռք բարձրացնել լրագրողի կյանքի վրա՝ նշանակում է ձեռք բարձրացնել ազատ խոսքի, հասարակության, երկրի եւ նոր միայն անձի վրա», - տարվա առաջին համարում ընդգծում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Եթե փորձենք վերջին երեք տարում կատարվածը ընդհանրության մեջ դիտարկել, չենք կարող չնկատել, որ երբ երկրում համեմատաբար բարվոք ու վաղվա օրվա անելիքի հստակության մթնոլորտ է ստեղծվում, գտնվում է մի ձեռք, որ կրակոցով տակնուվրա է անում եղածը: Ի վերջո պե'տք է իմանանք, թե որտեղից են ուղղորդվում կրակող ձեռքերը»:

Այս թեման այսօր աշխատանքը վերսկսած նաեւ մյուս թերթերի առաջին էջերին է: «Ազգ»-ի խմբագրի համոզմամբ, «իր կատարման եղանակով եւ ժամանակավորումով Տ. Նաղդալյանի սպանությունը որոշապես հետապնդում էր քաղաքական նպատակներ»: «Այդ ոճիրն ուղղված էր հանրապետության նախագահի դեմ, որոշապես պատգամ էր նրան։ Քանզի Նաղդալյանը ոչ միայն նախագահի մերձավորագույն անձերից մեկն էր, այլեւ նրա վարած քաղաքականության, հետեւաբար նրա վերընտրության ամենաջերմ ջատագովներից մեկը։ Այսպիսով, հանրապետության նախագահը կրկնակի պատասխանատվության առաջ է կանգնեցվում սպանության գործի բացահայտման խնդրում», - գրում է խմբագիրը՝ նաեւ շեշտելով. - «Մարդասպանը կամ մարդասպանները, նրանց վարձած անձը կամ անձինք ձգտում են առաջին հերթին մեզ վախեցնել, սարսափի մթնոլորտ ստեղծել լրագրողներիս համար անկախ մեր դավանած գաղափարներից ու տեսակետներից։ Հետեւաբար այս իմաստով Տիգրան Նաղդալյանի սպանությունն ուղղված էր մեզանից յուրաքանչյուրի դեմ»։

«Ով կասի, թե Տիգրան Նաղդալյանի սպանությունը քաղաքական չէ, միանշանակ դասվելու է նույն այդ քստմնելի ոճիրը մտահղացող-իրականացնող ճիվաղների շարքում, - իր հերթին ձեւակերպել է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Գոնե այժմ բոլորին ակնհայտ է ու հստակ, որ դեկտեմբերի 28-ի սեւ տեխնոլոգիան «գաղափարապես» հունցվում ու հասունանում էր այդ օրվան նախորդած առնվազն վեց ամիսներին»։ Մեկնաբանը մեջբերումներ է ներկայացնում այդ ընթացքում ընդդիմադիր որոշ ղեկավարների արտահայտություններից, ուր սպառնալիքներ կան ու նաեւ ինչ-որ անակնկալ մատուցելու խոստում: «Դուք պատերա՞զմ եք ուզում։ Կստանա'ք պատերազմ», - արձագանքում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը։ - «Մենք դրան պատրաստ ենք. հակառակ կողմի բարձրացրած ալիքը իրենց իսկ դեմ կշրջվի շատ շուտով»։

«Ինչո՞ւ առաջին իսկ պահից Տիգրան Նաղդալյանի սպանությունը դարձավ շահարկման առարկա: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս իշխանությունն ունի բոլոր հարցերի պատասխանները՝ դեռ այդ հարցերը ծագելուց առաջ», - հարցեր է առաջ մղում «Օրրան» թերթը: - «Հանրային հեռուստատեսության եթերից մի քանի օր հասարակությանը մատուցվեցին մեղադրանքներ ու սպառնալիքներ, որոնք բուն հանցագործության հետ ոչ մի կապ չունեին, պարզապես պետք էր պատրվակ՝ այդ ամենը ասելու համար ու այդ պատրվակը գտնվել էր»: «Օրրան»-ը շեշտադրել է. - «Իսկ ինչու ոչ մեկը չհիշեց իսկի, որ Տիգրան Նաղդալյանը այս երկրի կյանքի ճակատագրական շատ իրադարձությունների հետ ամենաուղղակի կապն ուներ, որը նրան դարձնում էր նաեւ վտանգավոր գաղտնիակիր: Համենայն դեպս՝ նվազագույնը բոլոր նրանց համար, ովքեր ակնհայտորեն կապ ունեին հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը»:

«Առավոտ» թերթի խմբագիրը հավասարապես հավանական է համարում չորս վարկած. - «Դա արել է ընդդիմությունը՝ Քոչարյանին եւ նրա շրջապատին ահաբեկելու, նախագահին քարոզչական կարեւոր ռեսուրսից զրկելու, երկրի իրավիճակը ապակայունացնելու, նախագահին ակտիվորեն պաշտպանող եւ ընդդիմությանը անխնա քննադատող լրագրողից վրեժխնդիր լինելու նպատակով... . Դա արել է իշխանությունը՝ ընդդիմության վրա մեղքը գցելու եւ նրա դեմ քարոզչական, իսկ եթե դա հնարավոր լինի՝ նաեւ քրեական հետապնդումներ կազմակերպելու համար... Տիգրան Նաղդալյանի սպանությունը ինչ-որ ձեւով կապված է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետ», եւ վերջապես՝ տնտեսական վարկածը, քանզի վերջին տարիներին հանրային հեռուստատեսությունը դարձել է բարգավաճող բիզնես: «Ամենացավալին այն է, որ այս հանցագործությունը նույնպես չի բացահայտվելու: Նախընտրական շրջանում իշխանությունն ու ընդդիմությունը ամեն ձեւով կշահարկեն սպանությունը՝ մեղքը գցելով իրար վրա: Ընտրությունները կանցնեն, եւ ոճրագործության մասին էլ բոլորը կմոռանան», - ամփոփում է խմբագիրը:

Ի պատասխան ընդդիմադիր մամուլին նախապես ուղղված ակնարկների, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ մասնավորապես ընդգծում է. - «Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ վարկած մի առաջադրեք, կամա թե ակամա խոսում են մարդասպանի դիրքերից, որովհետեւ մեծացնում են չբացահայտվելու նրա շանսը: Այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է վարկածներ առաջադրել, եւ յուրաքանչյուրը պետք է կարողանա հիմնավորել ու փաստարկել իր վարկածը: Հայաստանում չպետք է լինեն փակ թեմաներ, եւ մենք թույլ չենք տալու, որ լինեն փակ թեմաներ: Որովհետեւ ի վերջո սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե իրենց թույլ է տրվելու փոքր Հայաստանը վերածել մեծ կառափնարանի»: «Հայկական ժամանակ»-ի խտացմամբ՝ «Տիգրան Նաղդալյանի սպանությունը չափազանց ուժեղ հարված էր Հայաստանի հանրային անվտանգության շահերին: Այդ սպանությունը հանրությանը ներարկեց վախի հերթական չափաքանակը: Մենք բախվեցինք մի իրադարձության հետ, որը փոշիացնում է այս երկրում ապահով ապրելու հնարավորության վերջին հույսերը: Մարդիկ իրենց զգում են մի չհայտարարված պատերազմի մարտադաշտում, որտեղ յուրաքանչյուրը յուրաքանչյուր պահի կարող է նահատակվել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG