Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հեռախոսակապի նոր կոդ է առաջարկում Լեռնային Ղարաբաղի համար


Ռուս պաշտոնյաների տեղեկացմամբ, Ռուսաստանը առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղի միջազգային հեռախոսակապը՝ տրամադրելով նոր՝ ռուսաստանյան միջազգային կոդ:

Ռուսաստանի կապի նախարարությունը եւ «Ռոստելեկոմ» ընկերությունը անցած ամիս անջատել էին միջազգային 3747 կոդը՝ խզելով Լեռնային Ղարաբաղի հեռախոսային կապը Ռուսաստանի, ինչպես նաեւ նախկին խորհրդային հանրապետությունների հետ:

Վիճահարույց այդ որոշումը հետեւել էր Ադրբեջանի հնչեցրած կոշտ բողոքներին, թե Լեռնային Ղարաբաղի հեռախոսակապը պետք է լինի Ադրբեջանի, եւ ոչ Հայաստանի միջոցով: Ադրբեջանը ողջունել էր այդ որոշումը: Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները, այդուհանդերձ, հերքում են, թե որոշումն ընդունվել է ադրբեջանական կողմի ճնշման տակ:

Ռուսաստանի կապի նախարարության մամուլի խոսնակ Սերգեյ Գրիգորենկոն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենց նախարարությունը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայումս հարցը քննարկում են Հայաստանի իշխանությունների հետ: Նրա խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել «ռուսաստանյան միջազգային կոդ»:

Գրիգորենկոն ավելացրեց, որ եթե առաջարկությունը արժանանա հայկական կողմի հավանությանը, այն կներկայացվի նաեւ Ադրբեջանին:

Մոսկվայում գործող նախաձեռնող խմբին, մինչդեռ, չի գոհացնում այս առաջարկությունը: Խումբը հետամուտ է Արցախի հետ նախկին հեռախոսակապի վերականգնմանը: Խմբի ղեկավար, լրագրող Արսեն Մելիք-Շահնազարովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խումբը ներկայումս անդամակցության առաջարկներ է հղել Մոսկվայում բնակվող ղարաբաղյան ծագում ունեցող ազդեցիկ գիտնականներին ու գործիչներին:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG