Մատչելիության հղումներ

«Հայկական ավիաուղիներ»-ը կշարունակի իրականացնել թռիչքները դեպի Ռուսաստան


Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տարածած հաղորդագրության, Ռուսաստանը հունվարի 9-ից սկսած չի ընդունելու «Հայկական ավիաուղիներ» ընկերություն որեւէ ինքնաթիռ՝ կուտակված մոտ 3 մլն դոլարի պարտքի պատճառով: «Հայկական ավիաուղիներ»-ի ունեցած պարտքը նորություն չէ, սակայն նման խիստ որոշման մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տարածած լուրը հարուցել է ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի վրդովմունքը:

«Ես տեղյակ եմ այդ ինֆորմացիային, բայց դա չի համապատասխանում իրականությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արսեն Ավետիսյանը: - «Հայկական ավիաուղիները» իրոք ունի որոշակի ֆինանսական պարտավորություններ «Ռոսաերոնավիգացիա» կազմակերպության հանդեպ, սակայն այն թիվը, որ նշել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բավականին չափազանցված է»:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ «Ռոսաերոնավիգացիա»-ի հետ «Հայկական ավիաուղիներ»-ը ունի պարտքերի մարման համաձայնագիր, գրաֆիկ, ըստ որի վճարումները ժամանակին կատարվում են:

«Հայկական ավիաուղիներ» ընկերության տնօրենը չհրապարակեց պարտքի չափը՝ ասելով, թե դրա իրավունքը չունի՝ մեկ անգամ էլ շեշտելով, որ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հրապարակած թիվը՝ 3 մլն դոլար, չի համապատասխանում իրականությանը:

Արսեն Ավետիսյանի կարծիքով, սա դիտավորությամբ բաց թողնված սուտ տեղեկատվություն է: «Ինֆորմացիան տալու մեջ բավականին լուրջ դեր են խաղացել մրցակից ավիաընկերությունները, որոնք այլ կերպ չկարողանալով «Հայկական ավիաուղիներ»-ի հետ մրցակցել, փորձում են գտնել այլ ճանապարհներ»:

Այս պարտքերը, Ավետիսյանի խոսքերով, կուտակվել են անցյալում, իսկ հիմա պարբերաբար մարվում են: Նրա ներկայացրած տվյալներով, ամեն ամիս նախապես վճարվում է ընթացիկ պարտավորությունը եւ մարվում պարտքի մի մասը: Հունվար ամսվա համար արդեն կատարված է 80 հազար դոլարի նախկին պարտքի մարում եւ 140 հազար դոլար ընթացիկ վճարում: Ամբողջ պարտքը նախատեսված է մարել 1 տարվա ընթացքում:

Ավիաընկերության մամուլի խոսնակ Գայանե Դավթյանի հաղորդմամբ, «Հայկական ավիաուղիներ»-ը կուտակված բավականին մեծ պարտավորություններ ունի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 19 մլն դոլար:

Կառավարությունում ներկայումս քննարկվում են «Հայկական ավիաուղիներ»-ի ապապետականացման ուղիները՝ դիտարկվում են ե'ւ մասնավորեցման, ե'ւ հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակները: Ընկերության ղեկավարությունը, մամուլի խոսնակի փոխանցմամբ, «Հայկական ավիաուղիներ»-ը ի վիճակի է եւ կարող է ինքնուրույն դուրս գալ ստեղծված կացությունից՝ մարել պարտքերը եւ դառնալ շահութաբեր ընկերություն:

Հավաստի աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ կառավարությունը նույնիսկ որոշել է արդեն, թե ով կարող է լինել հավանական նոր սեփականատերը: Շրջանառում է Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում արդեն տնտեսական գործունեություն ծավալած շվեյցարացի գործարար Ֆրանկ Մյուլլերի անունը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG