Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Որպես քաղաքական, ընտրարշավային ընթացքի շատ թե քիչ նոր երեւույթ «Հայկական ժամանակ» թերթն առանձնացնում է, թե «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումներում ինչ-որ բան փոխվել է: Երեկ Արամ Սարգսյանը հասկացրեց, որ այս պահին հակված չէ իր թեկնածությունը որեւէ մեկի օգտին հանելու տարբերակին: «ՀԺԿ-ում այս հայտարարությունը տհաճ անակնկալ են համարում, սակայն, առայժմ հրաժարվում են պաշտոնական մեկնաբանությունից», - ավելացնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Այն, որ ընդդիմությունը հրաժարվեց իր նախնական, խիստ հուզական մտադրությունից, այսինքն՝ հենց այսօր բացահայտել միասնական թեկնածուին, վկայում է, որ նա կարողանում է սթափորեն գնահատել ե'ւ իր, ե'ւ գործող նախագահի հնարավորությունները», - գնահատում է այսօր «Օրրան» թերթի խմբագրականը: - «Միասնական թեկնածուի դեպքում, ով էլ նա լիներ, պետական ու պետականացված մեքենան նրան, մեղմ ասած, պարզապես սկսելու էր վարկաբեկել այսօրվանից սկսած»: «Օրրան»-ի ձեւակերպմամբ, հիմա կեղծ ընդդիմադիրներին վերջնականապես տեսնելու, նրանցից զատվելու եւ կրիտիկական մասսա դառնալու պահն է արդեն: Մինչդեռ հակառակ միտումներ են նկատվում: «Աններելի է մեկ եւ միասնական նպատակ ունենալով հանդերձ՝ այդպես փոշիանալ ու փոշիացնել այն ուժերը, որոնց հետ ժողովուրդը կապում է իր նվիրական հույսերը», - այս առումով կոչականում է «Օրրան»-ը: - «Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, ասել է իր մեծ Ոչ-ը: Մնում է կազմակերպչական եւ տեխնիկական խնդիրներ լուծել: Չպետք է այնպես անել, որ ժողովուրդը մոլորվի հենց իրենց՝ ընդդիմադիրների արանքներում»:

Երկրապահ-կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կարծիքով, դեռ ձեռք բերածը պաշտպանելու, այլ ոչ թե իրար մեջ ինչ-որ բան կիսելու ժամանակն է: «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում նա նաեւ բանաձեւել է. - «Չեմ կարծում, որ աշխատելու, գործ անելու ժամանակն ավարտվել ու եկել է խոսելու ժամանակը»: Այսուհանդերձ, Մանվել Գրիգորյանն իր խոսքն ասում է եւ նախագահական ընտրությունների առնչությամբ. - «Վստահ եմ, որ հայրենիքի պաշտպանության համար զենք վերցրած յուրաքանչյուր կամավորական առաջիկա հինգ տարիներն ընդգրկող այս կարեւոր ժամանակահատվածը կցանկանա անցնել իր մարտական ընկեր Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ թե պատահական քաղաքական գործչի հետ»: Չնայած այս վստահությանը, ԵԿՄ վարչության նախագահը խոսում է նաեւ երկրապահների բազմազանության մասին՝ մասնավորապես ակնարկելով, թե «որոշ մարդիկ տառապում են առաջնորդ լինելու մարմաջով եւ իրենց հավակնությունները բավարարելու համար կազմակերպություններ ստեղծում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրեց իր թեկնածությունը՝ հակառակ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի համոզված կանխատեսումների: Այս կապակցությամբ վերջինս «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Ես սխալվեցի, քանի որ հաշվի չառա շատ հանգամանքներ: Սա առանձին զրույցի նյութ է, որին կանդրադառնամ հետագայում»: Իսկ առայժմ Շահնազարյանը իր մեկնություններն է ներկայացնում, թե ինչպես Հայաստանը կարող էր հայտնված լինել Միացյալ Նահանգների կողմից առավել զգուշանալի դիտվող երկրների ցանկում. - «Իմ տեղեկություններով, անցյալ տարի, սեպտեմբերի 11-ից հետո, աֆղանական ծագումով որոշ անձինք, որոնք կասկածվում են միջազգային ահաբեկչության կառույցի անդամներ լինելու կամ դրանց հետ կապեր ունենալու մեջ, Հայաստանի Հանրապետության անձնագրերով մուտք են գործել Միացյալ Նահանգներ... Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների պետական համակարգում բացառվո'ւմ են նման թյուրիմացությունները, որ մի երկիր մտնի այդպիսի ցուցակի մեջ եւ հետո անմիջապես դուրս բերվի: Չի բացառվում, որ ԱՄՆ իշխանությունները դա արել են կանխամտածված ձեւով, որ եղել են լուրջ հիմքեր այդ քայլը կատարելու համար: Դա էլ է քաղաքականություն՝ սկզբից ընդգրկել ցուցակում, այնուհետեւ հանել: Համենայն դեպս, այս ամենն առավել նման է հերթական նախազգուշացման»:

Նախագահական ներկա ընտրարշավի հարթության վրա նայելով Ռուսաստանի գործոնին, Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. - «Կարծում եմ՝ Ռուսաստանի ղեկավարությունը, հանձին Հայաստանի ներկայիս նախագահի, ունի ժամանակի փորձությամբ ստուգված վստահելի գործընկեր եւ հատուկ ցանկություն չունի այդ տեղում տեսնելու ուրիշ մարդու: Այս իմաստով ես փոփոխություններ չեմ ակնկալում»: Ռուսաստանի հետ է'լ ավելի ձուլվելու՝ որոշ թեկնածուների շարժերի առնչությամբ Հովհաննիսյանը ընդգծել է. - «Համոզված եմ, որ եթե անգամ ամբողջ Հայաստանը մի մարդու պես ցանկություն հայտնի դառնալ Ռուսաստանի մաս, նրանց ղեկավարությունը մեզ գրկաբաց չի ընդունելու: Ռուսաստանի տնտեսությունն այլեւս դադարել է գաղափարականացված լինելուց եւ երբ ասում ես, թե քո հավատարիմն եմ, ուզում եմ քեզ հետ ապրել, նրանք նախ փողն են հաշվում՝ կարո՞ղ են քեզ կերակրել, թե՞ ոչ: Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրացիան, ձրիակերի կարգավիճակով, Մոսկվային բնավ էլ ձեռնտու չէ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG