Մատչելիության հղումներ

Վախճանվել է Հրանտ Մաթեւոսյանը


«Ես հիմա աշխարհի ամենամենակ մարդն եմ, որովհետեւ ընկերներիցս ոչ մեկը չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարզացրույցում երկու տարի առաջ ասել էր անցած դարի հայ արձակի խոշորագույն վարպետ Հրանտ Մաթեւոսյանը: Եվ այսօր չկա արդեն ինքը...

Մաթեւոսյանը, իր իսկ խոսքերով, գրականություն էր բերում ոչ թե իր զայրույթը կամ բարկությունը, այլ իր սերերը, որ մնացել էին իր մանկության մեջ, ծննդավայրում՝ Լոռու Ահնիձոր գյուղում, որտեղ ե'ւ մաճ է բռնել, ե'ւ խոտ հնձել, ե'ւ կով ծնեցրել, պատվաստ դրել: «Աստծո որեէ արարած եթե կարողանա ասել, թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի, թե ինքն ինչու է գրող եւ ինչու է գրում», - 1995 թվականին հրատարակված երկհատորյակի մուտքի խոսում գրել է Հրանտ Մաթեւոսյանը:

50-ական թվականների վերջից ի վեր մեր գրականությունը լցվել է մաթեւոսյանական հանճարով մեկընդմիշտ դրոշմված երկերով՝ «Օգոստոս», «Մենք ենք, մեր սարերը», «Ահնիձոր», «Ալխո», «Մեծամոր» եւ այլ ստեղծագործություններով, որոնք բոլորովին նոր հոսանքներ բերեցին 60-70-ականների հայ գրականության մեջ, նոր կերպարներ, նոր՝ հրանտմաթեւոսյանական լեզվամտածողություն: Այդ տարիների մասին նա հետո ասելու է, որ գրականությունը նոր-նոր էր իրեն գտել, իսկ ինքն էլ գրականության մեջ ավելի բարձր բան էր գտնելու, քան ռեալիզմը:

Գուցե այդ պատճառով էր, որ նշված տարիներին Մաթեւոսյանն ասես մեկուսացած էր մյուս գրողներից ու բնավ էլ չէր վայելում խորհրդային տարիներին շատ արվեստագետների բաժին հասնող բարիքները: Փոխարենը Մաթեւոսյանը միշտ ունեցել է իր ընթերցողը: Եվ ոչ միայն Հայաստանում. նրա գրքերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով: Եվ դա էր նրա երջանկությունը՝ գիտեր, թե ում համար է գրում:

«Ծափողջյունով չեմ ես մտել Երրորդ Հանրապետություն», - նույն հարցազրույցում ասել էր գրողը: - «Առաջին օրերից էինք շփոթված, որ իսկապես անկախությունը տրվել է, բայց ոչ մեկս ոգեւորված չէինք, որովհետեւ ոչ ոք էլ, կարծես թե, չհասկացավ, թե ինչ է կատարվում մեզ հետ: Եվ իրականությունը չմտավ մեր հասկացություն եւ մեր բառամթերք: Իրականությունը գնաց իր հունով, մեր վերաբերմունքը՝ պոեզիայով, պրոզայով, հոդվածով, քաղաքական կուսակցությունների բանաձեւերով, գնաց մի ուրիշ [հունով]»:

Եվ լռեց մեծ գրողը: Համենայն դեպս, այդպես էլ չհրատարակեց իր վերջին երկու վիպակները, որոնց վրա աշխատում էր վերջին տասը տարիներին: «Մտանք մի հասարակարգ, որտեղ այլեւս, կարծես, միմյանց չենք պատկանում: Ոչ միայն մենք եւ երկիրը, այլ նաեւ մարդիկ, որ մի քիչ միմյանց էին պատկանում... Բայց էսօր էլ էս մեկուսացումը մի քիչ աղքատությունից, մի քիչ էլ՝ շատ ավելի նոր ժամանակների երեւույթ է... էնպիսի կորուստներ, էս տասը տարվա ընթացքում էնպիսի զարհուրելի կորուստներ...»:

Թե' ժողովրդի, թե' հասարակության, թե' պետության կորուստները իրենն էին՝ գրողինը: Բայց նա կորցրել էր նաեւ հասարակության մեջ «ծառուղում նստած, իմ գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկան»:

Մեծ գրողը համոզված էր, որ յուրաքանչյուրիս պարտքը իրեն պատրադրելն է հասարակությանը. - «Ինչ հասարակություն ուզում է լինի, մեղավորը դու ես, որ քեզ չես պարտադրում: Պարույր Սեւակը իր ժամանակ իրեն պարտադրեց... Թումանյանը իրեն պարտադրել է: Էսօրվա մեր չգոյության մեղքը միայն մերն է: Գրող ես՝ դու քեզ պարտադրի էս հասարակությանը»:

Հրանտ Մաթեւոսյանը հույս ուներ, որ ժողովուրդը կգտնի վաղվա օրը: «Ժողովուրդը վաղվա օրվա ապահովություն ունենար, իր հայրենիքը սա համարեր, ոտքը փախուստի չլիներ, վաղվա օր լիներ: Վաղվա օրով ժողովուրդը լույս կունենա, հաց կունենա, վաղվա հոգս չի ունենա, մանավանդ երկու օրվա հեռանկար կունենա, եւ արժեքները կվերադառնան իրենց պատվավոր տեղը, որոնց մեջ նաեւ ես, բանաստեղծությունը, նկարչությունը»:

Հրանտ Մաթեւոսյանը ներկայացնում էր խորհրդային տաղանդավոր գրողների այն սերունդը, որին պատկանում են ղրղըզ Չինգիզ Այտմատովը, վրացի Նոդար Դումբաձեն, ռուս Անդրեյ Բիտովը: Խորհրդային գրականագիտությունը 80-ական թվականներին նրանց ստեղծագործությունները որակում էր «այգայնականների գրականություն»:

Ներկայումս Բելգիայում Ղրղըզստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Չինգիզ Այտմատովը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային զրույցում Մաթեւոսյանին բնութագրեց որպես «խորհրդային եւ հետխորհրդային գրականության դասական հեղինակ եւ մեծ վարպետ»:

«Մենք սերնդակիցներ էին, եւ ես նրան լավ էի ճանաչում», - ասաց Այտմատովը: - «Մաթեւոսյանը շատ ակտիվ էր իր գրական ստեղծագործության մեջ Վերակառուցման տարիներին»:


Գայանե Դանիելյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG