Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Ռոբերտ Քոչարյանի գրանցման համար նախաձեռնված ստորագրահավաքը խիստ ծանր է առաջ գնում. - «Բնակիչները ոչ միայն հրաժարվում են ստորագրել, այլեւ անպատվում եւ վիրավորում են ստորագրահավաք անցկացնողներին: Ուստի, գործն արագ առաջ տանելու համար պետական գերատեսչություններում եւ այս կամ այն գործարարին պատկանող գործարաններում պարզապես հավաքում են աշխատակիցների անձնագրերը»: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, հօգուտ գործող նախագահի նույնատիպ հարկադրական ստորագրահավաք է եւ դպրոցներում: Իսկ մյուս թեկնածուների ստորագրահավաքի մասին լուրեր այսօրվա մամուլում ընդհանրապես չկան:

«Առավոտ» թերթի խմբագրականը համադրում է, որ Հայաստանի հաջողությունների, վերելքի մասին խոսում են միայն մեր իշխանությունները: Իսկ ուրիշները մեզ լրիվ այլ բաներ են ասում: Ստացվում է՝ դա ճշմարտություն է միայն ներքին օգտագործման համար, ընտրազանգվածի աչքին թոզ փչելու միջոց: «Իսկ իրական համոզիչ ապացույցներ, որ մեր երկիրը նման վերելքների մեջ է, այդպես էլ չկան», - շրջանակել է «Առավոտ»-ը:

Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հետ կապված էլ «Այբ-Ֆե» թերթում այսօր մասնավորապես մատնանշված է. - «Շատ ավելի իրավացի ու միջազգային հանրության համար էլ հասկանալի կլիներ, եթե 89 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդուներ Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ից առանձին վերցրած մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի վերամիավորման մասին»: Այլապես՝ «եթե մեր իշխանությունների համար սույն որոշումը սրբություն է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունն ունի երկու պետական դրոշ, երկու հիմն, երկու նախագահ եւ այլն: Ընդ որում, նշված որոշումով Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորված Լեռնային Ղարաբաղն էլ օգտվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքներից եւ Քրեական ու Քրեադատավարական օրենսգրքերից, այլ, չգիտես ինչու՝ Խորհրդային Միության»:

«Բոլոր իմ դժգոհություններով հանդերձ, պատճառ չունեմ մտածելու, թե ժամանակն է փոխել Ռոբերտ Քոչարյանին», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Սոս Սարգսյանը: - «Ընդդիմադիրներին ուզում եմ ասել՝ ես ավելի ընդդիմադիր եմ: Քանզի ավելի շատ եմ ցավում եւ գուցե ավելի խորքից եմ տեսնում եղած թերությունները: Բայց հասկանում եմ մի բան՝ իշխանափոխությունը Հայաստանի զարգացմանը չի կարող նպաստել... Պետք է թույլ տալ, որ Ռոբերտ Քոչարյանը իր ծրագրերը շարունակի, ավարտին հասցնի»: «Մարդիկ, ովքեր զբաղված են մանր-մունր ինտրիգներով, սրա-նրա վրա ցեխ շպրտելով, չեն հասկանում, որ ճիշտ է՝ հայերս դե յուրե Հայաստան ունենք, բայց դեռեւս խորապես չենք գիտակցում եւ չգիտենք՝ ինչ բան է պետությունը», - շեշտում է Սոս Սարգսյանը: - «Մինչ օրս էլ շարունակում ենք մնալ ոչ պետական ազգ: Մենք դեռ ապրում ենք թայֆաներով, մեր անձնական շահերով. ջերմություն ստանո՞ւմ ենք, տա՞ք ենք, լա՞վ ենք, կո՞ւշտ ենք: Ցավոք, սա է մեր հոգեբանությունը, հայ մարդու փիլիսոփայությունը»:

«Նախագահական ընտրություններում առաջադրված որ թեկնածուին էլ հարցնես, երկրի գերխնդիր է համարում ազգային անվտանգության, ինքնիշխանության պահպանման ռեսուրսների ստեղծումը, բայց», - զուգադրում է «Ազգ» թերթի մեկնաբանը, - «դեռ նախագահական բուն քարոզարշավը չի սկսվել, թեկնածուներն արդեն ձեռ ու ոտ են ընկել՝ իրար հերթ չտալով մեկ այս պետություն են մեկնում, մեկ այն»: «Այնպիսի տպավորություն է, կարծես գոնե մի անգամ Ռուսաստան չգնալը վատ նախանշան է, ու այդ դեպքում տվյալ թեկնածուն զրկվում է նախագահ դառնալու բոլոր շանսերից... Ինքնիշխանությունից խոսող այդ մարդիկ իրենց նետում են դրսի ուժերի գիրկը՝ այս կամ այն նպատակով կամ ծրագրերով, ու, թերեւս, մոռանում, որ փոխադարձ շահեր ասվածը նաեւ շատ հստակորեն արտահայտված պարտավորություններ է ենթադրում», - շեշտադրվում է «Ազգ»-ում:

Նախընտրական այս ընթացքում ավելի ու ավելի են ծավալվում քաղաքական բանավեճերը հեռուստաալիքներով: «Օրրան» թերթը դիմել է մի շարք մարդկանց՝ ինչ են մտածում դրանց որակի ու անհրաժեշտության մասին: Առանցքում հիմնականում հետեւյալ գնահատականներն են. քաղաքական բանավեճի կուլտուրա մենք մեծ հաշվով դեռ չունենք, եւ դրանում միայն լրատվամիջոցներին չէ, որ պետք է մեղադրել. - «Լուրջ քաղաքական քննարկումներ չեն արվում: Ծրագրեր ընդհանրապես չեն քննարկվում: Անընդհատ ընդհանուր խոսակցություններ են... Քիչ է պատահում, որ խոսեն ըստ էության, կամ տրված հարցն իր էությունից բխող պատասխան ստանա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG