Մատչելիության հղումներ

Արտաշես Թումանյանը գոհ է «Լինսի» հիմնադրամի ծրագրի իրականացման ընթացքից


Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի՝ այսօր հրապարակած տվյալներով, վերջին 4 տարիների ընթացքում՝ 1998 թվականից մինչեւ օրս Հայաստանում կատարվել է 770 միլիոն դոլարի ներդրում:

Հայաստանում սփյուռքահայերի ներդրումներին նվիրված սեմինարի ընթացքում նախագահի աշխատակազմի ղեկավարը առավելապես կենտրոնացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի գործունեությանը:

Մոտ 10 տարվա ընթացքում «Հայաստան» հիմնադրամի միջոցով ստացված գումարները հասնում են մոտ 80 միլիոն դոլարի: Այդ գումարի կեսը տրամադրվել է Լեռնային Ղարաբաղին: Հայաստանում օգտագործված մյուս կեսից 21 միլիոնով 1994 թվականին իրականացվեց «Ձմեռ» ծրագիրը, որի շրջանակներում ապահովվեց առաջին անհրաժեշտության օբյեկտների գործունեությունն ու բնակչությանը անվճար նավթ բաժանվեց՝ բնակարանները ջեռուցելու համար: Մնացած գումարը տրամադրվել էր աղետի գոտու վերականգնմանը:

Արտաշես Թումանյանը ավելի մանրամասն խոսեց «Լինսի» հիմնադրամի գործունեության մասին, քանի որ նա այդ ծրագրի համակարգողն է Հայաստանում: 2001 թվականից իրականացվող 150 միլիոն դոլարի ծրագիրը, ինչպես հայտնի է, ունի երեք ուղղություն՝ ճանապարհաշինություն, այդ թվում՝ մայրաքաղաքի փողոցների վերանորոգում, բնակարանաշինություն աղետի գոտում եւ մշակութային օջախների վերանորոգում:

Արտաշես Թումանյանը տեղեկացրեց, որ 2001 թվականին իրացվել էր 10 միլիոն դոլար, այս տարի՝ ավելի քան 60 միլիոն դոլար: Մնացած 80 միլիոն դոլարի աշխատանքները կատարվելու են մինչեւ 2003 թվականի նոյեմբերը:

«Ըստ էության, Մեղրին այսօր միջազգային կարգի մոտավորապես ճանապարհով կապված է Բագրատաշենի հետ», - ճանապարհաշինության ծրագրով լուծված ռազմավարական խնդիր մատնանշեց Թումանյանը: Անդրադառնալով աղետի գոտում բնակարանաշինարարությանը, նախագահի աշխատակազմի ղեկավարը ասաց. - «Այս ծրագրի մեխը աղետի գոտում բնակարանների պրոբլեմի լուծումն էր վերջնական»: Այդ նպատակին են ծառայում ԱՄՆ Զարգացման գործակալության ծրագիրը, որով բնակարաններ գնելու համար 12 միլիոն դոլար է տրամադրվել, եւ «Լինսի» հիմադրամի տրամադրած 45 միլիոնը, որով, ըստ ճշտված թվերի, աղետի գոտում կառուցվում է 3766 բնական:

«Այսինքն ըստ էության 2003 թվականին այս լուրջ ներդրման շնորհիվ մենք բնակարանների պրոբլեմը լուծում ենք», - ասաց Արտաշես Թումանյանը:

Մշակութային ծրագրով վերանորոգվում են մշակությանին 40 օջախ՝ թատրոններ, թանգարաններ, հուշարձաններ: Երեւանի փողոցների բարեկարգմանն անդրադառնալով, Թումանյանը ասաց, որ դա ամենափոքր ծրագիրն է՝ տեղեկացնելով, որ 2003 թվականին կատարվելու է գրեթե նույնքան աշխատանք, որքան կատարվել է անցնող տարում:

Սեմինարի ժամանակ, որին, ի դեպ, ոչ մի սփյուռքահայ գործարար չէր մասնակցում, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, պատգամավոր Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում ներդրումային մթնոլորտը բարենպաստ չէ: Նրա ձեւակերպմամբ, «մենք սփյուռքը հարստացնում ենք արտագաղթով, ակնկալում, որ սփյուռքը մեզ կհարստացնի ներդրումներով»: Պատգամավորի խոսքերով, «Զվարթնոց» օդանավակայանի եւ Երեւանի կասկադի սեփականաշնորհումը ցույց է տալիս, որ ներդրումների համար Հայաստանի օրենսդրական դաշտը հրապուրիչ չէ՝ Էռնեկյանն ու Գաֆեսճյանը Հայաստան չէին գա, եթե նրանց համար հատուկ-բարենպաստ օրենքներ չընդունվեին:

Արտաշես Թումանյանը, մինչդեռ, խոսելով վերջին տարիներին նկատելի միտումների մասին, ասաց, որ Հայաստանում գործունեություն ծավալելու համար պետության կողմից լիակատար, լիարժեք, ազատ պայմաններ են ստեղծվել սփյուռքի բոլոր կառույցների եւ անհատների համար:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG