Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան


Մեկօրյա այցով երկուշաբթի օրը Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ջոզեֆ Ռալսթոնը՝ երկրի ղեկավարության հետ հանդիպումներում քննարկելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2003 թվականին Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Չիթեչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մեկ տարի առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի այցի ժամանակ քննարկվել էին քաղաքական խնդիրներ, իսկ այժմ հնարավորություն կա անդրադառնալ ռազմական հարցերին:

«Պարոն Ռալսթոնի այցելությունը հնարավորություն է տալիս որոշ չափով ճշտել եւ ռազմական համագործակցությունը այդ նույն ֆորմատով [«Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում]», - ասաց Չիթեչյանը՝ ավելացնելով, որ խոսքը հիմնականում Հայաստանի խաղաղապահ գումարտակի մասին է: ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ գործողություններին մասնակցելու մասին քաղաքական որոշումն ընդունվել է մոտ 1 տարի առաջ: - «Իրականացման խնդիրները շատ ավելի բարդ են»:

Վիգեն Չիթեչյանի խոսքերով, դա երկար գործընթաց է, եւ «մենք հույս ունենք հաջողությամբ ավարտել այն»: Անդրադառնալով Հայաստան - ՆԱՏՕ գիտական համագործակցությանը, Չիթեչյանը ասաց, որ այստեղ մենք կարող ենք արդեն իսկ հպարտանալ. - «Այդ ուղղությամբ Հայաստանը առաջինն է մնացած բոլոր նախկին Սովետական Միության երկրներից: Գիտական համագործակցության բնագավառում մենք բավականին հաջողություններ ունենք: 51 գրանտեր են այս հինգ տարվա ընթացքում ստացել մեր գիտնականները, ունենք 2-3 ընդհանուր ծրագրեր»:

Օրվա ընթացքում գեներալ Ռալսթոնը հանդիպումներ ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին: Անդրադարձ է եղել 2003 թ. ամռանը այդ ծրագրի շրջանակում Հայաստանում կայանալիք զորավարժություններին, ինչպես նաեւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի խաղաղարար վաշտի մասնակցության հարցերին:

Այս հանդիպումից հետո Ջոզեֆ Ռալսթոնի եւ Սերժ Սարգսյանի համատեղ ասուլիսում Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց. - «Մենք նշել ենք, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ զարգանում են համաչափ, ամեն տարի ավելանում է մեր մասնակցությամբ միջոցառումների քանակը եւ որակը, մենք հույս ենք հայտնել, որ այս տեմպերը, այսպիսի համագործակցության ձեւը կշարունակվի»:

«Վերջին ժամանակահատվածում մեր հարաբերությունները շատ են խորացել: Դա հարաբերությունների այն տեմպն է, որը նախընտրում է Հայաստանի ժողովրդը: Ես այստեղ չեմ եկել, որպեսզի այդ գործընթացները արագացնեմ այն չափից ավելի, որն այսօր ընդունելի է հայ ժողովրդի համար», - իր հերթին ասաց Ջոզեֆ Ռալսթոնը՝ ավելացնելով, որ Հայաստան - ՆԱՏՕ հարաբերություններում նկատելի է քանակական եւ որակական համագործակցության ընդլայում:

Քանակական առումով գրանցվել է միջոցառումների մեծ աճ. եկող տարի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ միջոցառումների թիվը կհասնի 50-ի: Իսկ որակական առումով, որպես կարեւոր միջոցառում նշվեց գալիք տարվա հունիսին այդ նույն ծրագրով Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք զորավարժությունը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG