Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեւանում անցկացված հեռախոսային հարցման համաձայն, որ ներկայացնում է «Առավոտ» թերթը, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի մայրաքաղաքի բնակչության մոտ 66 տոկոսը: Երկու շաբաթ առաջ այս ցուցանիշը 7 տոկոսով ավելի էր: Ինչ վերաբերում է թեկնածուների վարկանիշային շարժին, երկու շաբաթվա ընթացքում կայուն 24 տոկոս ձայնն է պահպանել Ռոբերտ Քոչարյանը՝ էական առավելություն ունենալով մերձակա՝ Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, Րաֆֆի Հովհաննիսյան եռյակի նկատմամբ: Այսուհանդերձ, վերջիններիս հավաքական տոկոսային միագումարը 7-ից հասել է 14-ի: Այս երեքի մեջ էլ այս շաբաթ առաջ է անցել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 6 տոկոսից ավելի ցուցանիշով:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի գնահատականով, ինչքան էլ որոշ քաղաքական գործիչներ փորձում են ընտրարշավին կենդանություն հաղորդել հենց մեկնարկում՝ չի ստացվում: Եվ առայժմ այս ամենը, դերակատարների արհեստական իրարանցումը ավելի շուտ հիշեցնում է բրազիլական հեռուստասերիալ, որը ոչ թե հետաքրքրություն է առաջ բերում, այլ գրգռում է: «Օրրան» թերթի դասակարգմամբ, ոչ իշխանական թեւի ներկայացուցիչները միմյանցից խստորեն տարբերվում են իրենց առաջադրած նպատակների եւ դրանց հասնելուն նախընտրած միջոցների առումով, բայցեւայնպես հստակորեն բաժանվում են երկու մեծ խմբերի. պայքարի ելած ու պատրաստ մարդկանց եւ իրենց տեղն այս արեւի տակ ապահովելու խնդիր ունեցողների: «Առաջին խմբում անխուսափելի են էական «վերադասավորումները», եւ, աստիճանաբար, հրամայական է դառնալու մեկ միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու պահանջը», - ընդգծել է «Օրրան»-ը:

Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Թեկնածուների քանակը ցնցող է: Եթե փորձենք ժողովրդի տոկոսային հարաբերակցությամբ այն բաղդատել, ապա կստացվի ընդհանուր առմամբ բոլորիս էլ ծանոթ պատկեր: Այն է՝ հայերը ինքնահավան ժողովուրդ են, չեն ըմբռնում իշխանության իրական իմաստը, եւ որ «ցանկացած կուխարկա կարող է ղեկավարել պետությունը» լենինյան սկզբունքը առ այսօր ամուր մխրճված է մեր հայրենակիցների ուղեղներում»: Այս առումով «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում բացասաբար է արտահայտվել եւ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը. - «Ակնհայտ է, որ կան առաջադրված թեկնածուներ, ովքեր ոչ միայն հաղթելու հույս չունեն, այլեւ նույնիսկ նպատակ չունեն հաղթելու: Եթե նրանք թեկնածու են ուզում լինել ու ավելորդ փող ունեն, ուրեմն երկու արատներից մեկը հաստատ ունեն՝ կամ հիմար են, կամ էլ ինքնահավան գոռոզամիտներ»:

Իսկ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի «Ազգային միաբանության» էջում այսօր ներկայացնում է ազգային համաձայնության կառավարության իր հետեւյալ տեսլականը. - «Առաջին հերթին նկատի ունենք Ստեփան Դեմիրճյանին եւ Արամ Սարգսյանին: Նրանց հետ նաեւ Վազգեն Սարգսյանի հավատարիմ զինակիցներ Ալբերտ Բազեյանի, Վաղարշակ Հարությունյանի, Սմբատ Այվազյանի եւ հարյուրավոր այլ ազնիվ մարդկանց, ում վստահում էին Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: Կամ էլ՝ մի՞թե կարելի է այսպես անտեսել Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի այն մեծ ներուժն ու փորձը, որ նրանք կուտակել են Երրորդ Հանրապետության կայացման տարիներին: Ինչպե՞ս կարելի է հայրենիքի բարգավաճման գործին չծառայեցնել այն անձնական եւ քաղաքական կապերը, որ Ռուսաստանի իշխանական շրջանակների հետ ունեն Վլադիմիր Դարբինյանը, Գառնիկ Մարգարյանը եւ Դեմկուսի Արամ Սարգսյանը: Հայաստանի վաղվա օրվա համար չափազանց կարեւոր կլինեն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի փորձն ու գիտելիքները... Շատ օգտակար կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի պոտենցիալը այսօր գրեթե չի օգտագործվում: Ես նկատի ունեմ նաեւ մեր հայրենակից Արա Աբրահամյանին, որը կարողանում է օգնության ձեռք մեկնել մեր հարյուր-հազարավոր հայրենակիցների՝ ԱՊՀ երկրներում», - լրացնում է Գեղամյանը, ապա ավելացնում նաեւ Պետրոս Մակեյանին, Հանրապետական կուսակցության ու Դաշնակցության տասնյակ ազգային նկարագիր ունեցողների...

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծականում այսօր փաստագրվում է. - «Ընդդիմադիր 16-ի ուղիղ կեսը Ժողովրդահայրենասիրական դաշինք կոչելը քաղաքական դաշտում բացարձակապես ոչինչ չփոխեց: Կոմունիստները մինչ օրս չեն հասկացել, թե հավակնորդների շարքում ինչո՞ւ ոչ սեփական թեկնածուին պետք է սատարեն: Նաեւ չեն պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ Արտաշես Գեղամյանից եւ Աշոտ Մանուչարյանից: Ամենեւին էլ հարթ չեն հարաբերությունները «Ազգային միաբանության» եւ սոցուժերի միջեւ... Գեղամյանին Մանուչարյանի հետ դաշնակցելը ձեռնտու է այնքանով, որքանով շահավետ է վերջինիս միջոցով պահպանել կապը մի շարք այլ ուժերի հետ: Մանուչարյանի կարիքը կզգացվի նաեւ այն դեպքում, եթե մինչեւ ընտրությունները չհաջողվի Ստեփան Դեմիրճյանին համոզել Ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնելու հեռանկարի դիմաց զիջել առաջնայնությունը Գեղամյանին», - ենթադրում է մեկնաբանը՝ ամփոփելով. - «Դատելով ամենից, 16-ի շրջանակում նախկին համախոհները ավելի լուրջ ու սկզբունքային հարցեր ունեն լուծելու իրար հետ եւ իրար դեմ անզիջում պայքարի ընթացքում կարող են մոռանալ հանցավոր վարչախմբի դեմ համատեղ պայքարի մասին... Ընտրությունների արդյունքները արդեն կանխատեսելի են, թեեւ քաղաքական խաղերը՝ հետագա գոյատեւման համար, դեռ կշարունակվեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG