Մատչելիության հղումներ

Լրագրողները պահանջում են շրջանառությունից հանել «Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը


Ազգային ժողովում ուրբաթ օրը կազմակերպված լսումների ընթացքում լրագրողները կրկին պահանջեցին շրջանառությունից հանել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը՝ մինչեւ գալիք մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ավարտը:

«Զանգվածային լրատվության մասին» օրինագծի ճակատագիրը, եթե անկեղծ լինենք, հեղինակի՝ այս դեպքում, կառավարության ձեռքում է, եւ վերջինս կարող է մինչեւ հունվար հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկել նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկել֊-ընդունելու հարցը: Ավելին, օրինագծի հիմնական հեղինակը՝ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը դա գերադասելի համարեց՝ պատճառաբանելով, որ Եվրախորհրդի առջեւ օրենքն ընդունելու պարտավորությունը հետաձգված է մինչեւ հունվարի 1-ը: Դրանից հետո՝ մինչեւ նախագահի ընտրությունը, հերթական նստաշրջանում ժամկետային առումով տեսականորեն բացառվում է օրենքի երեք ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունումը:

Դեկտեմբերյան, փետրվարյան, ապրիլյան, հիմա էլ արդեն հոկտեմբերյան տարբերակ անվանումներով, հարուստ ու փոփոխական կենսագրությամբ այս օրինագծի ներկայիս տարբերակի հիմնական բարեփոխում է դիտվում լրատվամիջոցների լիցենզավորման, գրանցման սկզբունքների բացառումը, հիմնական թերություն են դիտվում լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը վերաբերող դրույթները:

Ընդդիմախոսները պնդում են, թե խոսքի ազատության բազում թակարդներ կան թե' բուն նախագծում, թե' նրա հետ բերված մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխություններում: Աշոտ Աբովյանը պնդում է, թե ոչ մի թակարդ էլ չկա:

Սակայն այսօր բովանդակային եւս մի նորամուծություն է հայտնվել, որն ընդունվելու դեպքում «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի մասնաճյուղ֊-գրասենյակը պարզապես հայտնվում է օրենքից դուրս կարգավիճակում: Օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող լրատվամիջոցին Հայաստանում, ըստ նախագծի, թույլատրվում է լրատվական գործունեությունն իրականացնել միմիայն որպես ձեռնարկատեր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ կարգավիճակ է ունենալու ամերիկյան Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող, շահույթ չհետապնդող, օրինապահ, պարտաճանաչ եւ Հայաստանի պայմաններում ոչ մանր հարկատու «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի մասնաճյուղը, Աբովյանը պատասխանեց. - «Ձեռնարկատիրական... Չէ՞որ դուք շահույթ եք ստանում գովազդից»: Հակափաստարկին, որ «Ազատություն» ռադիոկայանը գովազդ տեղադրելու իրավունք չունի եւ երբեք չի տեղադրում, տարակուսած փոխնախարարը, այնուամենայնիվ, խոստովանեց, որ սա մտածելու տեղիք տալիս է:

Մամուլի Ազգային ակումբի ներկայացուցիչները քննարկման ընթացքում ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը, երբ փոխնախարար Աբովյանը փաստորեն չընդունեց նրանց՝ այս անգամ դահլիճի ամբիոնից հնչեցրած կոչը՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը շրջանառությունից հանել օրինագիծը: Ակումբի փոխնախագահ Նարինե Դիլբարյանի ձեւակերպմամբ, ընդունելի եւ ոչ ընդունելի դրույթներով հանդերձ, չի կարելի նախընտրական բեւեռացումների բովում լրատվությանն առնչվող օրենք ընդունել:

Ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հայտարարեց. - «Եթե դուք չեք ուզում մամուլին տալ ազատություն, այդ դեպքում այդ ազատությունը մենք ձեզնից կնվաճենք»:

«Այն պատգամավորները, այն կուսակցությունները, որոնք կողմ կքվեարկեն այս նախագծին, մենք կպարտավորվենք նրանց նկատմամբ հակաքարոզչություն տանել», - ասաց Մամուլի ազգային ակումբում «Ա1+» հեռուստաընկերությունը ներկայացնող Վարդան Վարդանյանը:

Մամուլի «Երեւան» ակումբի մոտեցումը օրենքն ընդունելու գործընթացին փոքր ինչ այլ է: «Լարված քաղաքական մթնորոլտում նման օրենք քննարկելը նշանակում է, որ խորհրդարանականները պարզապես ուշադրություն չեն դարձնի ոչ մի բանի վրա եւ կոճակը կսեղմեն, որովհետեւ այս պահին իրենց այլ բաներ են հետաքրքրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ակումբի ղեկավար անդամներից Մեսրոպ Հարությունյանը: Մյուս կողմից, նրա խոսքերով, քանի որ հատկապես հասարակություն ֊- լրատվամիջոցներ հարաբերությունները կարգավորելուն ուղղված օրենքի անհրաժեշտություն տեսնում է «Երեւան» ակումբը, եւ չնայած իրենց առաջարկությունները չեն ընդունվել, իրենք շարունակում են առաջարկություններ ներկայացնել, քանի որ մտածում են, եթե հանկարծ ընդունվի նախագիծը, գոնե մշակված լինի:

Ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը կիսում է այդ կարծիքը, քանի որ, նրա խոսերով, եթե խորհրդարանական մեծամասնությունը սատարեց, այդ օրենքը ընդունվելու է:

Օրինագծի գլխադասային հանձնաժողովները՝ լրատվական հարցերովը եւ պետաիրավականը, դեռեւս իրենց եզրակացությունները չեն տվել փաստաթղթին, եւ մինչեւ դեկտեմբերի 20֊-ը սպասելու են նախագծի դրույթների շուրջ գրավոր առաջարկությունների:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը ոչ միայն տասնյակ սկզբունքային առաջարկներ ունի, այլեւ համաձայն է հայտնի բնորոշմանը՝ ավելի լավ է մամուլ՝ առանց կառավարության, քան հակառակը:

«Չի կարող լինել զանգվածային լրատվության միջոցների մասին օրենք, որտեղ կանոնակարգված չեն լրագրողի իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության եւ պաշտպանվածության հիմնահարցերը», - ասաց նա:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG