Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում ասում է. - «Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունները բավական լուրջ եւ երկար ժամանակ է, որ պատրաստվում են նախագահական ընտրություններին: Մեկ տարուց ավելի է, ինչ արվում էին գործնական քայլեր... Կուսակցությունների պառակտումը ոչ թե օբյեկտիվ քաղաքական զարգացումների հետեւանք էր, այլ մեկ կենտրոնից ղեկավարվող գործընթաց»: Ընդհանուր առմամբ, «հատկապես տատանվող ընտրազանգվածն ամեն անգամ գերին էր դառնում այդ երկու գաղափարների՝ «խաղ չկա» եւ «այլընտրանք չկա» քարոզչությանը», - մատնանշում է Սուրեն Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ իրականում թե' Արտաշես Գեղամյանը, թե' Ստեփան Դեմիրճյանը կարող են դառնալ լուրջ հավակնորդ: «Ժողովրդի հետ իմ շփումները, առողջ դատողությունը եւ վերլուծությունները բերում են այն համոզման, որ անպայման կլինի երկու փուլ», - ամփոփում է նախկին նախարարը: - «Ուղղակի մնացած ժամանակահատվածում աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, միասնական ճակատ ստեղծելու գործընթացից է կախված՝ կմնա՞ գործող նախագահը, թե՞ կհաղթի ընդդիմությունը»:

ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը այսօր «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ընդգծում է. - «Վաղաժամ է խոսել 16-ի պառակտման կամ վերջի մասին: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ ընդդիմությունն ունենալու է ուժեղ եւ անպայման հաղթող թեկնածու»: Ադրադառնալով վերջերս տարածուն դարձած սոցիոլոգիական հարցումներին, Ստեփան Դեմիրճյանը նշում է, որ դրանք, ինչպես եւ 1998 թվականին էր, իրականության հետ որեւէ առնչություն չունեն եւ ընդամենը ֆոն են ընտրակեղծիքների համար. - «Ո'չ այդ հարցումներում մեզ տրվող բարձր տոկոսներն են մեզ էյֆորիայի մեջ գցում, ո'չ էլ ցածր տոկոսներն են ընկճում: Ռեալ պատկերը մենք հրաշալի գիտենք, ինչպես նաեւ հասկանում ենք, որ հսկայական գործ ունենք անելու: Առանց այդ հարցումների էլ ակնհայտ է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ այս երկրում հնարավոր են ազատ-արդար ընտրություններ: Եվ առանց այդ հարցումների էլ պարզ է, որ կա ընդդիմության միավորման հասարակական պահանջ, եւ այդ միավորման դեպքում, իսկապես, կարծում եմ, երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինի»:

«Հայկական ժամանակ»-ում հատուկ ուշադրություն է հրավիրված ՀԿԿ (Հայաստանի կոմունիստական կուսակցություն) ղեկավար Վլադիմիր Դարբինյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ի անդամագրվելը Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքին բնավ չի ենթադրում, որ նախագահական ընտրություններում իրենք անպայման պաշտպանելու են Արտաշես Գեղամյանի թեկնածությունը. - «Միասնական թեկնածուի հարցը պետք է քննարկվի 16-ի ներսում»: Իսկ կոմկուսի ներսում, ինչպես արձանագրվում է, չնայած առաջին քարտուղարի նոր հավաստումներին, մինչեւ օրս միասնականություն չկա Գեղամյանի հռչական դաշինքին միանալու հարցում: ՀԿԿ երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը, օրինակ, այսօր էլ «Իրավունք» թերթում շեշտում է. - «Դաշինքի մեջ լինելը այնպիսի ուժերի հետ, որոնց անդամակցում է Աշոտ Մանուչարյանը, բացառվում է... Ո՞ւմ պարզ չէ, որ նա հատուկ ծառայությունների հանձնարարությունն է կատարում»:

Օրերս պատգամավոր Կիմ Բալայանը թերթերից մեկում պնդում էր, թե ընդդիմության՝ նախագահի թեկնածուների մեջ կան այլ երկրների գործակալներ»: «Օրրան» թերթը փոխանցում է մի քանի արձագանք. - «ՀԿԿ առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ այդպիսի բան է ասվել... Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը «այդ ամենը» որակեց մեկ բառով՝ «Անհեթեթություն»... «Հանրապետություն» կուսակցությունից Վաղարշակ Հարությունյանն էլ նշեց. - «Կիմ Բալայանը որպես իրավաբան, բացի ասելուց, պետք է դիմի համապատասխան մարմիններին, որպեսզի վերջիններս զբաղվեն այդ հարցով, իսկ եթե ոչ՝ համապատասխան մարմիննե'րը պետք է զբաղվեն Կիմ Բալայանով»:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր ընդգծված է հետեւյալ մտահոգությունը. - «Իշխանության լեգիտիմության հարցը չի կարող քննարկվել արտաքին սպառնալիքների չեզոքացման խնդրից առանձին»: «Գալիք ընտրություններն են ցույց տալու, թե առաջիկա հինգ տարիներին ունենալո՞ւ է արդյոք Հայաստանը լեգիտիմ, ուրեմն եւ արտաքին առումով անխոցելի իշխանություն, թե՞ ոչ: Մինչդեռ արդեն այսօր ընդդիմության ուժերից ու գործիչներից շատերը ցուցադրում են Հայաստանի վրա արտաքին ճնշման գործիքներ դառնալու իրենց պատրաստակամությունը՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ հետընտրական շրջանում նման միջամտությունների համար», - մեղադրում է «Հայոց Աշխարհ»-ը՝ սահմանելով. - «Նախընտրական ու ընտրական գործընթացների բառապաշարից ընդհանրապես պետք է հանել իշխանության լեգիտիմության հարցը»:

«Երկիր» թերթում ընտրական ընթացքից խտացված է. - «Իրականում ունենք հանրապետության նախագահի երկու թեկնածու։ Ծրագրերով, մոտեցումներով, առաջարկներով, գաղափարներով, կատարվածի ու չկատարվածի հաշվեկշռով ներկայացող թեկնածու, եւ ունենք նրան քննադատող մեկ այլ թեկնածու, որը հանդես է գալիս 14 տարբեր դեմքերով»։

Իսկ «Իրավունք» թերթը ավարտվող շաբաթն ամփոփել է մասնավորապես հետեւյալ դիտարկումներով. - «Գործող նախագահը ընտրություններում «խաղագումարը» դնելու է հիմնականում վարչական ռեսուրսի եւ ուժային կառույցների վրա ու որոշ չափով օլիգարխների վրա, իսկ իշխանամետ կուսակցությունները հիմնականում կատարելու են այդ ընտրությունների քաղաքական ծխածածկույթի դերը: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է իր վերընտրությամբ պարտավոր չլինել կուսակցություններին, առավել եւս ՀՀԿ-ին, եւ ընտրություններից հետո որեւէ էական պարտավորություն չստանձնել այս կուսակցությունների նկատմամբ հատկապես ապագա ԱԺ-ն ու կառավարությունը ձեւավորելու մասով: Սա կարող է այդ կուսակցությունների մի մասին դրդել ամենապատասխանատու պահին երես թեքելու Ռոբերտ Քոչարյանից: Ամենակարեւորն այն է, որ ընդդիմադիր դաշտում, այնուամենայնիվ, տեղի չունենան փոխադարձ օտարացման ու թշնամացման գործընթացներ, եւ ընդդիմությունը կարողանա հանրությանը ներկայացնել իրական ու մրցունակ այլընտրանք: Այդ դեպքում միանգամայն հնարավոր է 1996-ի հասարակական ռեզոնանսի երեւույթի կրկնությունը, եւ իշխանափոխությունը կդառնա միանգամայն իրագործելի գործընթաց», - կարծում է «Իրավունք»-ի մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG