Մատչելիության հղումներ

Նաղդայլանը վստահեցնում է, որ Հանրային հեռուստատեսությունը «հավասարակշիռ» է լինելու


Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը վստահ է, որ Հանրային հեռուստատեսությունը նախագահական քարոզարշավի ժամանակ հավասարակշիռ է լինելու: Ընտրություններում, սակայն, իր թեկնածությունն է առաջադրել նաեւ գործող նախագահը, ինչը բոլոր ժողովրդավարական երկրներում լրատվամիջոցներին դժվար կացության մեջ է դնում:

«Ազատություն» ռադոիակայանի հետ հարցազրույցում Տիգրան Նաղդալյանը չհամաձայնեց, թե Հանրային հեռուստատեսությունը նախագահամետ է կամ հատուկ համակրանք ունի նախագահի նկատմամբ: «Ես չեմ կիսում գնահատականը՝ նախագահամետ կամ հատուկ համակրանք ունենալու», - ասաց նա: - «Ընդհանուր համակրանք՝ այո: Եթե ինձ որպես անհատ նկատի ունենաք, գաղտնիք չէ՝ այդ համակրանքը գործող նախագահի նկատմամբ կա, եւ ես անձամբ, որպես քաղաքացի, առկա դաշտում 15 թեկնածուներից միայն նրա հետ կարող եմ որեւէ հույս կապել այս երկրի զարգացման առնչությամբ: Սա կապ չունի կոնկրետ հեռուստատեսության աշխատանքի հետ»:

Հարցին, թե արդյո՞ք օրերս Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի տարեդարձի առիթով հեռարձակված ֆիլմը նախագահի ընտրարշավի ոլորտից չէր, Տիգրան Նաղդալյանը պատասխանեց. - «Հիմա ամեն ինչ, որ արվում է կարող է ընկալվել որպես նախընտրական քարոզարշավի մի մաս»:

Խոսելով առաջիկա քարոզարշավի մասին, Տիգրան Նաղդալյանն ասաց, որ հանրությանը ներկայացնելու են բոլոր թեկնածուներին: Այսպես, հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 17-ը՝ պաշտոնական քարոզարշավի ընթացքում, Հանրային հեռուստատեսությունն օրենքով պարտավոր է յուրաքանչյուր թեկնածուի 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի եթեր տրամադրել: Հանրային հեռուստատեսությունը պատրաստելու է նաեւ սեփական առանձին հաղորդումներ բոլոր թեկնածուների հետ:

Տիգրան Նաղդալյանը վստահ է, որ նախագահի ընտրությունները կավարտվեն մեկ փուլով: «Գործող նախագահը հստակ ծրագրով իրականացնում է այն, ինչ պետք է անի, մյուս թեկնածուների կողմից ես տրամաբանված ընտրարշավ ընդհանրապես առայժմ չեմ տեսնում»:

Նաղդալյանը չհամաձայնեց, թե անցկացված բոլոր հարցումներով Ռոբերտ Քոչարյանի ունեցած ամենաբարձր վարկանիշը անգամ բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար՝ փաստարկելով, թե «սոցիոլոգիան նրբություններ կան»: Նախագահի վարկանիշը, ըստ նրա, այսօր 50 տոկոսին է գնում: Նրա խոսերով, հրապարակված վարկանիշները մայրաքաղաքային են, իսկ աղետի գոտուց ու հարակից շրջաններից ստացված նախնական տվյալները վկայում են, որ այդ շրջաններում առավել բարձր է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը:

Պատասխանելով հարցին, թե ով կլինի «երկրորդ ֆավորիտը», Տիգրան Նաղդալյանը տվեց Ստեփան Դեմիրճյանի անունը: «Վերապահումով ես նրան երկրորդ ֆավորիտ կանվանեի: Ես նրան կանվանեի երկրորդ տեղի ֆավորիտ», - ասաց նա: - «Ես ավելի շատ հակված կլինեի տեսնել, օրինակ, Վաղգեն Մանուկյանին... Ցավոք սրտի, Վազգեն Մանուկյանը կորցրել է իր աստեղային պահը»:

Նաղդալյանը ժխտեց այսօրվա մամուլում հայտնված լուրը իրեն «դիվանագիտական աքսորի ուղարկվելու» մասին՝ ավելացնելով, որ դրան որպես նախընտրական հումորի է վերաբերում եւ կարծում է, որ ընտրարշավի շրջանում այդպիսիք շատ կլինեն:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG