Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հիմա առավել ձգող կենտրոններ են դարձել նախագահի թեկնածուների նախընտրական շտաբները, եւ «Հայկական ժամանակ»-ի ու «Օրրան»-ի թղթակիցներն այսօր արդեն կիսվում են Ռոբերտ Քոչարյանի շտաբ այցից իրենց տպավորություններով: Երկուսն էլ զրուցել են շտաբի լրատվության դեռ պաշտոնապես չնշանակված պատասխանատու Վահագն Մկրտչյանի հետ, որին «Օրրան»-ում ներկայացնում են այսպես. - «Պատկանում է «ներկաների» կողմից օրգանապես ատվող «նախկինների» կաստային, ավելին՝ ղեկավարում էր այդ հիերարխիայում ագիտպրոմի հզորամաս-շտաբ պաշտոններից մեկը, որն ակտիվ դրսեւորվել է 96-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունների ընթացքում.. Սեփական ղեկավարի առաջադրանքը թեկուզ կացնային մեթոդով լուծելու խնդրում իրապես հազվագյուտ կադր է»: Ինչեւէ, վերջինիս հետ զրույցը լրագրողներին տվել է, մասնավորապես, հետեւյալ իմացությունները. - «Դեռ վերջնականապես հստակ չէ, թե ի՞նչ մարտավարություն են որդեգրելու. ասենք՝ հակաքարոզչությո՞ւն մյուս թեկնածուների նկատմամբ, թե՞, ընդհակառակը։ Կամ, դեռ ճշտվում են, թե մեր թեկնածուին հատկապես ի՞նչ կերպ պետք է ներկայացնեն հանրությանը... Մկրտչյանը քիչ հավանական է համարում, որ իրենք օգտվեն սեւ PR-ից, չնայած, նաեւ չի թաքցնում, որ մյուս թեկնածուների դեմ ունեցած կոմպրոմատները քննարկվելու են... Դեռեւս չի կարեւորված իմիջմեյքեր ունենալու անհրաժեշտությունը... առաջիկա օրերի ընթացքում կլինի պաշտոնական հաղորդագրություն, եւ կնշվեն այն կոնկրետ անձինք ու նրանց պարտականությունները, որոնք ներգրավված են լինելու թեկնածու Քոչարյանի նախընտրական շտաբում»:

«Արդյո՞ք նախագահ Քոչարյանը վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ նույն ժամանակահատվածում մշտապես բնակվում է Հայաստանում: Պատասխանը միանշանակ այո է», - հավաստում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ այսօր մանրամասն հղումներ անելով այս պնդման իրավական հիմքերին, որոնց առանցքում հետեւյալն է. առ այսօր օրինական ուժ ունեցող իրավական ակտ է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված որոշումը, որով ամրագրված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, «Առավոտ» թերթն այսօր ընդգծում է. - «Նա որեւէ քաղաքական ուժի, հասարակական կազմակերպության կամ ազգային մտավորականի աջակցության կարիք չունի: Կարիք չունի նաեւ զանգվածային լրատվամիջոցների քարոզչության: Քանզի նրան աջակցում են բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության նախարարությունը, Հարկային տեսչությունը եւ բոլոր պալատական բիզնեսմենները: Հայաստանում այդ ամենը միանգամայն բավարար է նախագահի վերընտրվելու համար: Սակայն «սատարման համագումարներն» ու անհատական շողոքորթ ճառերը պետք են. ա/ քաղաքական գործընթացի պատրանք ստեղծելու համար, բ/ պաշտպանելով նախապես ընտրված թեկնածուին, քծնողները հույս ունեն, որ փետրվարի 20-ից հետո Քոչարյանն իրենց վարձահատույց կլինի... Սատարող-աջակցողներն այնքան շատ են, որ փետրվարի 20-ից հետո նախագահը դժվար ընտրության առաջ կկանգնի՝ ում ինչ տալ: Երկիրը փոքր է եւ աղքատ, բարիքները՝ քիչ: Այնպես որ, բացառված չէ՝ ոմանք անվարձահատույց կմնան», - նախազգուշացնում է «Առավոտ»-ը:

Տալ-վերցնելու մոտիվներ է «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում շոշափել եւ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը. - «Սովորաբար ինձ սիրում են, Սերժին՝ տրվում: Չնայած ես այստեղ դատապարտելի բան չեմ տեսնում, քանի որ Սերժը շատ լավ է վճարում: Միայն դատապարտելին այն է, որ իր այդ հաճույքների համար վճարում է ընդհանուր՝ «օբշչակի» փողերից»:

Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կանխատեսմամբ, առաջին եռյակը կկազմեն Ռոբերտ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, իսկ մնացած 12-ից ամենամեծ հնարավորություններն ունեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վազգեն Մանուկյանը: Միեւնույն ժամանակ, Թորոսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում նշում է. - «Քաղաքական ուժերը չեն կարող անաչառ լինել ընտրությունների գնահատման հարցում, քանի որ ընտրությունների անմիջական մասնակից են ու շահագրգիռ կողմը»: «Ինչպե՞ս եք գնահատում բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, մտավորականների, ագրարայինների, ամասնապահների եւ այլոց «անմնացորդ ինքնազոհաբերումը» եւ ինքնանվիրումը Ռոբերտ Քոչարյանին: Հավատո՞ւմ եք այդ անսահման սիրուն»: Այս հարցին ի պատասխան, Տիգրան Թորոսյանը, մասնավորապես, ասել է. - «Հաճախ հասարակական կազմակերպություններին թվում է, թե իրենք կարող են քաղաքականությամբ զբաղվել՝ խաբելով ժողովրդին: Ուրիշները ինքնացուցադրմամբ են զբաղված, դրանք մարդիկ են ու կազմակերպություններ, որոնք ինչ-ինչ ակնկալիքներով են ավելորդ ակտիվություն դրսեւորում: Կարծում եմ, Քոչարյանի համար առաջիկա ըտրությունների արդյունքի տեսակետից հիմնական խնդիրը հենց նման մարդկանց, նման կազմակերպությունների ինքնագործունեությունը զսպելն է լինելու, քան ընդդիմության հետ մրցակցությունը»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում վերլուծելով առաջադրված թեկնածուների համապատկերը, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն էլ առանձնացնում է նախագահի պաշտոնի չորս հավակնորդների, որոնք կարող են գլխավորել թեկնածուների ցանկը՝ Ռոբերտ Քոչարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արտաշես Գեղամյան եւ Ստեփան Դեմիրճյան: «Մնացած թեկնածուները, երեւի թե, մինչեւ 5-6, լավագույն դեպքում՝ 7 տոկոսի կարող են հավակնել», - կանխատեսում է սոցիոլոգը: Ու թեեւ մրցակիցների այսպիսի տոկոսային միագումարը Ռոբերտ Քոչարյանին այնքան էլ շատ տոկոս չի թողնում, Գեւորգ Պողոսյանը ընդգծում է. - «Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը զգալիորեն ավելի բարձր է, քան մնացած երեքինը: 14 թեկնածուները ավելի շատ մրցակցելու են միմյանց հետ, քան գործող նախագահի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG