Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր հրապարակված են նախագահի թեկնածու առաջադրվածների կենսագրական տվյալները, եւ այդ կապակցությամբ հիշեցվում է. - «Երբ տվյալները հրապարակելու հարցը քննարկվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, եւ կարծիք հայտնվեց, թե պետք չէ սահմանափակել կենսագրականների ծավալը, «Հայաստանի Հանրապետության» թղթակիցը հարցրեց, թե արդյոք մտավախություն չունե՞ն, որ թեկնածուներից յուրաքանչյուրը իր պատկերացրած ձեւով կօգտվի չհստակեցված այդ կարգից եւ արդյունքում հրարավոր է, ասենք, Պարույր Հայրիկյանը իր կենսագրական ուղին ներկայացնի «Գուլագ»-ի եւ այլնի պատկերավոր եւ երկար նկարագրությամբ, կամ Արտաշես Գեղամյանը մանրամասն ներկայացնի տանկերի առջեւ կրծքով դուրս գալու պատմությունը: Հանձնաժողովի նախագահ պարոն Սահրադյանը այն ժամանակ պատասխանեց, թե չի կարծում, որ թեկնածուները չարաշահեն տրված հնարավորությունը»: Հիմա, սակայն, ակնհայտ է, որ «մտահոգությունը անհիմն չէր, եւ թեկնածուներից առնվազն մի քանիսի թիմակիցները չարաշահել են տրված հնարավորությունը՝ սկսելով փաստորեն նախընտրական քարոզչությունը», - մատնանշվում է թերթում:

«Պետք է նաեւ սոցիոլոգիան կարողանալ զատել որոշ թեկնածուների քարոզչությունից», - ուղղորդում է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը: Ընտրությունների շեմին դարձյալ բուռն ծաղկում է սկսել ապրել հարցումների «ժանրը»: «Հրապարակված հարցումների մեջ կա՞ մեկը, որի անաչառությունը ստիպեր իրեն փոքրիշատե վերականգնել հավատը հարցումների հանդեպ». «Առավոտ»-ի այս հարցին Երեւանի պետհամալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը դարձյալ բացասական պատասխան է տվել՝ ավելացնելով. - «Հարգում եմ այն կազմակերպությունների թվերը, որոնք, հավատում եմ, թե չեն խախտում սոցիոլոգիական գիտության կանոնները: Քիչ եմ հավատում ընտրություններին ի հայտ եկող ոչ պրոֆեսիոնալ խմբերին, որոնք «PR» են անում, այլ ոչ թե սոցիոլոգիա»:

Ինչպես առանձնացվել է «Առավոտ»-ում՝ «Առաջիկա նախագահական ընտրությունների ներկայիս փուլի գլխավոր ինտրիգը կլինի՝ կգրանցի՞ ԿԸՀ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, թե՞ կմերժի՝ պատճառաբանությամբ, թե վերջինս չունի քաղաքացիության անհրաժեշտ ստաժ»։ «Մարդկային, բարոյական եւ քաղաքական տեսակետներից Րաֆֆին միանգամայն իրավացի է: Սակայն օրենքը պետք է կիրառվի զուտ ձեւականորեն՝ հակառակ դեպքում դա օրենք չէ», - ընդգծում է «Առավոտ»-ի խմբագրականը, որի հայացքով «սպասել, որ հանուն օրենքի Քոչարյանն ինքն իրեն (Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին) չի գրանցի որպես նախագահի թեկնածու, մեղմ ասած, իդեալիստական կլիներ... Oրինական հիմք չունեցող նման զիջումը կարող է նշանակել ոչ այլ ինչ, քան համաձայնություն, որ ինքը՝ Քոչարյանը եւս օրինական հիմք չունի առաջադրվել որպես ՀՀ նախագահ։ Ուստի անսահմանափակ իշխանություն ունեցող թեկնածուն կաշխատի հնարավորինս խուսափել իր եւ Հովհաննիսյանի նմանություններից՝ որ ոչ ոք չհամարձակվի կասկածի տակ առնել իր առաջադրվելու իրավունքը»։

Մեկ այլ տեսանկյունից խորանալով լեգիտիմության հարցադրման մեջ, ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) քարտուղար Ստեփան Զաքարյանն էլ «Հայկական ժամանակ» թերթում ձեւակերպել է. - «Վազգեն Սարգսյանի պես անհատ այս իշխանության շարքերում, իհարկե, չկա։ Ուստի, այս անգամ որեւէ մեկը չի կարողանալու քաղաքական ուժերին եւ հասարակությանը համոզել, որ ոչ լեգիտիմ նախագահին պետք է հանդուրժել մեր կենսական խնդիրը՝ ԼՂՀ հիմնահարցը լուծելու համար»:

Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, գործող նախագահի առաջադրման օրինականության հարցի շուրջ կեղծ իրավաբանական մանիպուլյացիաներով զբաղվող քաղաքական ուժերն ու քարոզչամիջոցները փորձում են լուծել ոչ թե իրավաբանական, այլ զուտ կոնյունկտուրային քաղաքական խնդիրներ: «Իսկ իրավական առումով խնդիրն այնքան հստակ է ու հասկանալի, որ ոչ թե մասնագետ իրավաբանը, այլ իրավունքից ու քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ամեն մեկը կարող է ապացուցել գործող նախագահի առաջադրման օրինականությունը ինչպես 1998-ին, այնպես էլ այսօր», - վստահեցվում է «Հայոց Աշխարհ»-ում: Ու քանի որ ապացուցումը շատ պարզ է համարվում, չխորանալով դրա մեջ, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հարկ է համարել ավելի շուտ բացահայտել հետեւյալը. - «Լեգիտիմության հարցադրումը այն քաղաքական զենքն է, որի միջոցով ՀՀՇ-ն փորձում է հող նախապատրաստել հետընտրական քաղաքական ռեւանշի, իսկ ավելի կոնկրետ՝ հեղաշրջման համար: Այդ նպատակին է ծառայում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլ թեկնածուների առաջադրման լեգիտիմությունը քննարկման առարկա դարձնելու, նրանց ու գործող նախագահի միջեւ անհարկի զուգահեռներ անցկացնելու կազմակերպված ու խիստ հաշվարկված քարոզչությունը»:

«Ինչքան էլ որեւէ պետություն հայտարարի, թե Հայաստանը դիտում է իբրեւ բարեկամ երկիր, միեւնույն է իր հատուկ ծառայությունների միջոցով փորձում է այն դարձնել կառավարելի», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում փաստագրում է պատգամավոր Կիմ Բալայանը՝ այս առումով մատնանշելով, թե ամենավտանգավորը նախագահի թեկնածուների այն խումբը կազմող անձինք են, ովքեր առաջադրվել են դրսի հատուկ ծառայությունների պատվերն իրականացնելու համար: Ամեն դեպքում, Բալայանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվելու է՝ եթե ընտրարշավի ճիշտ կազմակերպվի, հասարակությանը ճիշտ ներկայացվի նրա կատարած աշխատանքը:

«Օրրան» թերթի հայացքով, քաղաքական դաշտը դանդաղ, բայց հետեւողականորեն հստակվում է: Իսկ հիմնական մտահոգությունն այս փուլում հետեւյալն է. - «Ընտրապայքարից փաստորեն դուրս է մնացել քաղաքական դաշտի մի լուրջ ու ծանրակշիռ հատված: Այս ուժերը գրեթե ամբողջությամբ ընդդիմադիր են, բայց իրենց պասսիվ կեցվածքով ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին... Այսօր պայքարի մեջ չմտնելով՝ ի՞նչ երաշխիքներով են որոշ ուժեր ակնկալում, որ ժողովուրդը հենց իրենց է բերելու իշխանության... Սպասողական այս պահվածքը չի ներվելու պարզապես», - ակնարկում է «Օրրան»-ը: - «Եվ, ի վերջո, եթե այսօր արդեն իրական հնարավորություն կա համախմբվելու, մեկտեղվելու միջոցով հաղթելու՝ ինչո՞ւ հետաձգել վաղվան»: «Իսկ այդ հնարավորությունը ոչ միայն կա, այլեւ օր-օրի ավելի ու ավելի իրական է դառնում», - ներշնչվում է այս վերլուծականով:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG