Մատչելիության հղումներ

Առաջին անգամ պետականորեն նշվեց Մարդու իրավունքների միջազգային օրը


Դեկտեմբերի 10-ը Հայաստանում առաջին անգամ պետականորեն նշվում է իբրեւ մարդու իրավունքների միջազգային օր: Հայաստանի նախագահը երեկ վավերացրել է այդ առնչությամբ կառավարության ընդունած որոշումը:

Նախագահ Քոչարյանը այսօր ընդունել է մի քանի տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ու հայտարերել, որ չնայած թերություններին, «ժողովրդավարության ամրապնդման, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ակնհայտ ձեռքբերումներ կան»:

Նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասրյանը գրեթե բառացիորեն մեջբերելով Ռոբերտ Քոչարյանին ասաց. - «Մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանում կա առաջընթաց եւ այսօր, կարծում եմ, որ մեր խնդիրը ոչ միայն այդ առաջընթացը շարունակելն է, այլ հատկապես՝ անշրջելի դարձնելը»:

Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի մեկնաբանությամբ, սակայն, մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում վիճակը շատ տխուր է: 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բոլոր կետերով ոտնահարվում են մարդու իրավունքները Հայաստանում:

Դանիելյանը ասաց նաեւ, թե մարդու իրավունքների մեկ օր չի կարող լինել. դրանք պետք է ամեն օր պաշտպանվեն: «Ինչ է, եթե այսօր մարդու իրավունքների օրն է, այսօր քաղմասերում մարդ չե՞ն ծեծել, Հայաստանի դատարաններում սխալ դատավճիռ չի՞ կայացվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ օրինակ բերելով Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով դատվող Մուրադ Բոջոլյանի դատավարությունը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Մուրադ Բոջոլյանի գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը այսօր միջնորդել է Բոջոլյանին դատապաեւտել 11 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավումով:

«Մարդու իրավունքների օրվա առթիվ հենց Մուրադ Բոջոլյանին 11 տարի ուզեց դատախազը», - ասաց Դանիելյանը: - «Այն դատախազը, ում ղեկավարը ասաց, որ հատուկ ծառայությունները ղեկավարվում են ոչ թե օրենքով, այլ ներքին հրամաններով»:

Հայկական Սոցիոլոգիական ընկերակցության՝ վերջերս անցկացրած հետազոտությամբ պարզվել է, որ Հայաստանում մարդկանց պահանջները իրենց քաղաքական իրավունքների նկատմամբ շատ ավելի փոքր են, քան սոցիալական, տնտեսական, առողջապահական իրավունքների նկատմամբ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG