Մատչելիության հղումներ

Հայաստանում համապետական ընտրությունների ընթացքին կհետեւի ԱՊՀ դիտորդական առաքելությունը


Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) դիտորդական առաքելությունը Երեւանում կունենա իր գրասենյակ-շտաբը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովը, դիտորդական առաքելության գրասենյակը նախատեսվում է բացել նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ՝ հունվարի 19-ին:

«Կա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի որոշումը, որ Հայաստանի նախագահական, այնուհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱՊՀ-ն այստեղ դիտորդական առաքելություն կատարի», - ասաց Յարովը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո:

Նախագահի թեկնածուների գրանցումը ավարտվելու է հունվարի 20-ին, իսկ 21-ից մեկնարկելու է քարոզարշավը: Յարովի խոսքերով, ընտրություններից մեկ ամիս առաջ դիտորդներ ուղարկելը հնարավորություն կտա հետեւել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլերին:

Յուրի Յարովը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը ԱՊՀ-ում: «Դա այն երկրներից մեկն է, որը շատ ակտիվ եւ արդյունավետ աշխատում է ԱՊՀ-ում», - ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանը մեծ դեր է խաղում ԱՊՀ-ն ամրապնդելու, զարգացնելու եւ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեության կազմակերպմանը անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Յարովի հանդիպման ժամանակ: ԱՊՀ գործադիր քարտուղարը նախագահ Քոչարյանին ներկայացրել է Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հոկտեմբեր ամսին Քիշինեւում կայացած նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքը:

Նախատեսված է նաեւ Յուրի Յարովի հանդիպումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG