Մատչելիության հղումներ

Հայաստանը կդառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության 145-րդ անդամը


Վաղը Ժնեւում կայանալիք Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր խորհրդի լիագումար նիստի օրակարգի առաջին հարցը Հայաստանի անդամացկության հարցն է: Անակնկալներ չեն սպասվում, քանի որ որոշումն ընդունվել է ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, իսկ վաղը այն վավերացվելու է պաշտոնապես:

ԱՀԿ գլխավոր խորհրդի լիագումար նիստին մասնակցելու համար այսօր Շվեյցարիայի մայրաքաղաք մեկնեց Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Հայաստանի պաշտոնյաների գնահատմամբ, սա իրոք նշանակալի իրադարձություն է: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, Եվրախորհրդին անդամակցելուց հետո, սա հաջորդ կարեւոր քայլերից մեկն է:

Վարչապետը հաստատեց, որ ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը նաեւ քաղաքական բնույթ է կրել: «Ցանկանում էին քաղաքականացնել խնդիրը», - ասաց նա: - «Ցանկանում էին, որ Ադրբեջանն ու Հայաստանը միաժամանակ անդամակցեն»: Սակայն Հայաստանի պատրաստվածության աստիճանը, Մարգարյանի խոսքերով, շատ ավելի բարձր էր: Ադրբեջանի անդամակցության հարցը հետաձվեց, թեեւ արդեն որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել. - «Մենք էլ չենք խանգարի ադրբեջանական կողմին անդամակցելու, ինչպես նրանք սուր պահանջներ, խնդիրներ չդրեցին մեր առջեւ՝ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան»:

Հայաստանը վաղուց էր սկսել այս գործնթացը՝ դեռեւս 1992 թվականից: Ներհանրապետական տնտեսական օրենսդրությունը, քաղաքացիա-իրավական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեին միջազգային այս կառույցի պահանջներին: Վարչապետի ներկայացմամբ, 10-ից ավելի օրենքներ են ընդունվել, շուրջ 20 օրենքներում փոփոխություններ են կատարվել: Հիմնական բազան ստեղծված է՝ Հայաստանի օրենսդրությունը լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին:

Անդամակցելուց հետո Հայաստանի պատվիրակությունը ժնեւում մի քանի համաձայնագրեր է ստորագրելու, որոնք, վարչապետի խոսքերով, պիտի փորձեն Ազգային ժողովում հաստատել մինչեւ տարեվերջ նախատեսված խորհրդարանի արտահերթ նստաշրջաններում:

Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ վարած բանակցություններում, արդեն հաղթահարված վերջին խոչընդոտը գյուղատնտեսական ապրանքների առեւտուրն էր: ԱՄՆ-ն եւ եվրոպական մի քանի երկրներ պահանջում էին, որ Հայաստանը միանգամից ընդունի «խաղի կանոները», ինչը ենթադրում էր ավելացված արժեքի հարկի գանձում արտահանվող եւ ներմուծվող գյուղատնտեսական մթերքերից: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, դա մեզ համար անբարենպաստ պայման էր, եւ մեզ հաջողվել է դրա կատարումը երկարաձգել մինչեւ 2008 թվականը:

Վարչապետի խոսքերով, անդամակցելով ԱՀԿ-ին, Հայաստանը հնարավորություն է ստանում մասնակից բոլոր երկրների հետ ազատ, հավասար պայմաններով առեւտրի մեջ մտնել: Վարչապետն ասաց, թե առաջիկա 1-2 տարիների ընթացքում շոշափելի արդյունքներ չենք ունենա, բայց հետագայում կարող ենք օգտվել բարենպաստ պայմանների առավելություններից, մանավանդ արտահանման ոլորտում:

«Հույս ունեմ, առաջիկա 5-6 տարիների ընթացքում շատ շոշափելի արդյունքներ կունենաք: Առաջին հերթին, սա զարկ կտա մեր տնտեսության զարգացմանը, այսինքն՝ մենք կարող ենք արդեն հանգիստ, եվրոպական կանոններին համապատասխան Եվրոպա ապրանք արտահանել՝ առանց սահմանափակումների, առանց խտրականության», - ասաց Անդրանիկ Մարգարյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG