Մատչելիության հղումներ

Թեհրանում քննարկվելու են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերը


Երկուշաբթի օրը Իրանի մայրաքաղաք մեկնեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու դեկտեմբերի 10-11-ը Թեհրանում անցկացվելիք Հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:

Նշված հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանի հետ Թեհրան են մեկնել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, նրա տեղակալ Արա Սիմոնյանը, փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Թեհրանյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-իրանական տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը եւ ապագա ծրագրերը: Վերջիններից ամենակարեւորը, թերեւս, Իրան - Հայաստան գազատարի շինարարությունն է:

Օդանավակայանում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին հույս հայտնեց, որ «բանակցությունները դրական ընթացք կունենան»:

«Կարծում եմ, պետք է հաշվի առնել նաեւ ընդհանուր միջավայրում համագործակցելու խնդիրը», - շարունակեց դեսպանը՝ ավելացնելով, թե տարածաշրջանում էներգետիկ ծրագրերի զարգացման ուղղությամբ նախորդ շաբաթ ռուսաստանյան «Գազպրոմ»-ն ու «Իտեռա»-ն նոր ռազմավարություն են առաջ քաշել:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, թե ռուսաստանյան այդ ընկերությունները մտադրություն են հայտնել մասնակցելու Իրան - Հայաստան գազատարի շինարարությանը, Քոլեյնին ասաց. - «Մենք հուսով ենք, որ նրանք էլ, իբրեւ շահագրգիռ կողմեր, կմասնակցեն»:

141 կիլոմետր երկարությամբ գազատար խողովակաշարը կառուցելու համար, նախնական հաշվարկներով, 125 միլիոն դոլար է անհրաժեշտ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG