Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Իշխանություն - ընդդիմություն նախընտրական մրցությունում երկու կողմերն էլ շարունակում են շեշտադրել, որ իրենց թեկնածուն միանգամայն ի վիճակի է հաղթել հենց առաջին փուլում: «Քաղաքականությունը թվաբանություն չէ» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը մատնանշում է. - «Քանի դեռ միասնական թեկնածուի ընտրության խնդիրը դիտարկվում է որպես մեխանիկական բնույթի գործընթաց, բացառվում է ընդդիմության քվեների կտրուկ աճի այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որն արձանագրվեց 1996-ի նախագահական ընտրություններում»: «Անկախ նրանից, թե քանի փուլով է ընթանալու ընտրական մարաթոնը, չկողմնորոշված ընտրազանգվածին իր կողմը գրավելու համար ընդդիմությունը պետք է ունենա իշխանության կողմից տարվող քաղաքականության իրական ու միաժամանակ նաեւ ընտրողի համար շոշափելի այլընտրանք, որն այդպես էլ չի հստակեցվել ո'չ առաջադրումներին նախորդած ամիսներին եւ ո'չ էլ առաջադրումների շրջափուլում», - ընդգծվում է «Հայոց Աշխարհ»-ում: - «Նման իրավիճակում քանակը կրճատելով` մեխանիկորեն որակի վերածելու, կամ էլ ընդդիմադիր թեկնածուների քանակական առավելություն ձեռք բերելու միջոցով քվեարկության երկրորդ փուլին հասնելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության»:

Ալբերտ Բազեյանն էլ «Իրավունք»-ի հարցազրույցում այսօր ասում է. - «Իշխանությունները ձգտում են հասարակության մեջ ձեւավորել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, իբր որեւէ այլընտրանք չունի գործող նախագահը եւ միանշանակ հաղթելու է առաջին փուլում: Իշխանությունները հոգեբանական գրոհ են ձեռնարկել հասարակության վրա: Հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա եւ արդեն վերից վար հրահանգավորված են բոլոր կարգերի չինովնիկները՝ նախագահի օգտին բերելու որոշակի քանակի ձայներ»: «Բայց իրականությունն այն է, որ հասարակության մեծամասնությունը չի վստահում գործող իշխանությանը», - համոզված է մնում Բազեյանը՝ պայմանավորելով. - «Եթե ընդդիմությունը կարողանա համախմբվել եւ հենց առաջին փուլում ներկայացնել նախագահի թեկնածուի իր այլընտրանքը, որին կվստահի ժողովուրդը, ապա չենք բացառում այն հնարավորությունը, որ հենց առաջին փուլում կհաղթի ընդդիմության թեկնածուն»:

«Իրավունք» թերթի բանաձեւմամբ՝ «արդեն իսկ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում ընդդիմության կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի երկրորդ փուլի ապահովումը, իսկ իշխանությանը օդ ու ջրի պես անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանին նախագահ կարգել հենց առաջին փուլով»: Վերջին շրջանի որոշ վերլուծություններ ու հետազոտական տվյալներ վկայակոչելով, «Իրավունք»-ի մեկնաբանը թվաբանում է. - «Քոչարյանի՝ օրինական ճանապարհով ձեռք բերած քվեները ոչ մի կերպ չեն կարող գերազանցել 35 տոկոսի սահմանագիծը: Քանզի վարչական ռեսուրսի բերած առավելագույնս 25 տոկոսին Ռոբերտ Քոչարյանին աջակցող կուսակցությունները 10 տոկոսից առավել գումարել չեն կարողանա... Ստացվում է, որ գործող նախագահի թիմն ունի ցանկացած գնով պակասող 15-20 տոկոսը ճարելու գերխնդիր»: Եվ այստեղ է, որ կարեւորվում է Սերժ Սարգսյանի հանգամանքը: «Եթե հաշվի առնենք, որ իշխանության կառույցներն ու ուժերը մեծամասամբ համալրված են այն կադրերով, որոնք 98-ին Տեր-Պետրոսյանի ճամբարից առնետավազք կատարեցին դեպի Քոչարյանի ճամբար, ապա պարզ է դառնում, որ այդ հենարանը իրական հենարան կարող է լինել միմիայն մեկ դեպքում՝ եթե կառավարվում է երկաթյա ձեռքով: Ու.. Քոչարյանի թիմի անդամը իր տիրոջ ընտրվելու համար առավելագույնը չանելու դեպքում խիստ պատժվում է», - գրում է մեկնաբանը: - «Պատժի գործիքն էլ հայտնի է. մի կողմից, Սերժ Սարգսյանը իշխանական թիմում աշխատողներից ցանկացածին կարող է ցանկացած պահի զրկել իշխանական ու տնտեսական լծակներից, մյուս կողմից՝ գրեթե ցանկացածի վրա գոյություն ունեն կոմպրոմատներ»:

Որպես տոկոսների մեկ այլ «ռեզերվ» «Իրավունք»-ում առանձնացվում է բանակը՝ ելնելով նաեւ Սերժ Սարգսյանի թարմ արտահայտությունից, թե «եթե զինվորը համարում է, որ պետք է քվեարկի այնպես, ինչպես իր նախարարը, ապա նշանակում է, որ բանակում գործերը լավ են ընթանում»: Նույն արտահայտության առիթով «Առավոտ» թերթը նշում է. - «Մեր իշխանությունները գնալով ավելի ու ավելի անկեղծ են դառնում: Ո՞ւր է հասել բանը, որ արդեն այսօր մեզ ուղղակիորեն հասկացնում են, որ բազմահազարանոց բանակը պարտավոր է ընտրել Քոչարյանին: Եթե զինվորները ձայն տան ո՛չ հօգուտ Սերժ Սարգսյանի նախընտրած թեկնածուի, դա արդեն կխոսի բանակի ոչ բարվոք վիճակի մասին»: «Այսպիսով», - տրամաբանության շարունակությունն է տեսնում «Առավոտ»-ը, - «ժողովրդին էլ է հասկացվում, որ հօգուտ գործող նախագահի ընտրությունն արդեն կատարված է... Կարելի է է'լ ավելի խորացնել Սարգսյանի միտքը եւ ասել. եթե ՀՀ բոլոր քաղաքացիները քվեարկեն, ինչպես որ ինքն է ուզում, ապա դա կնշանակի, որ մեր հասարակության մեջ էլ են գործերը լավ ընթանում»:

«Ազգ» թերթի մեկնաբանը սենսացիոն է որակել «Միասնություն» խմբակցության ղեկավար Gալուստ Սահակյանի հայտարարությունը, ըստ որի՝ Գեղամյանն ակնհայտորեն առանձնանում է ընդդիմության ֆոնի վրա եւ իր կառուցողականությունն ապացուցում է իր ողջ կենսափորձով։ «Սահակյանի այս հայտարարությունը թերեւս նման ռեզոնանս չառաջացներ, եթե չհիշենք նրա ընդամենը երկու շաբաթ առաջ արտահայտած նմանատիպ վերաբերմունքը նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ», - համադրում է մեկնաբանը։ - «Այն ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարում էր, թե նախագահ դառնալու բարոյական իրավունք ունեն միայն պայքարի բովով անցած անհատականությունները եւ նշեց Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները»։ «Ազգ»-ում հարց է կախվում՝ գուցե ի վերջո ճշմարտանման էին այն տեսակետները, որ հանրապետականները փորձում են դեպի ընդդիմություն կամուրջներ կառուցել՝ ցանկացած պատեհ ժամանակ այնտեղ անցնելու համար:

«Երկիր» թերթի մեկնաբանի հայացքով էլ՝ «վերջին օրերին ինչ-որ չափով փոխվել է ընդդիմության առաջնորդների հրապարակային ելույթների թե' տոնայնությունը, թե' բառապաշարը»: Եվ ենթադրվում է՝ նման մեղմացումով ընդդիմությունը ներկայացնող որոշ գործիչներ պարզապես ջանում են մինչեւ վերջ չայրել իրենց եւ գործող նախագահի միջեւ կամուրջը: «Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր, չդառնալով առաջինը ընդդիմության մեջ, դեմ չեն լինել առաջինը ընդդիմության նավից թռչողների մեջ», - ակնարկվում է «Երկիր»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG