Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը արժանացավ անսպասելի խիստ քննադատության


Հայաստանի խորհրդարանն այսօր քննարկեց անցած ամռանը Երեւանում ստորագրված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը՝ առանձին-֊առանձին քննարկելով նաեւ հինգ ձեռնարկությունների շուրջ Ռուսաստանի հետ այս աշնանը ստորագրած արձանագրությունները: Պայմանագիրը արժանացավ պատգամավորների անսպասելի խիստ քննադատությանը:

Փաստաթղթերը վավերացնելու քվեարկությունը տեղի կունենա վաղը: Վավերացումից հետո մոտ 95 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հետեւյալ գույքը կդառնա Ռուսաստանի սեփականությունը. Կառավարման ավտոմատացված համակարգերի Երեւանի ինստիտուտ, Մաթեմատիկական մեքենաների Երեւանի գիտահետազոտական ինստիտուտ, «Մարս» ընկերություն, Նյութաբանության գիտահետազոտական արտադրական ձեռնարկություն, Հրազդանի ՋԷԿ:

Բացի հարցերը զեկուցողներից եւ «Օրինաց երկիր» խմբակցությունից, չեղավ ամբիոնից ելույթ ունեցած մի պատգամավոր, որը վերապահումներ չունենար գործարքի հանդեպ: Նույնիսկ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը իր ելույթում այդպիսիք հնչեցրեց: Անգամ Ռուսաստան֊ - Բելառուս միությանն անդամակցելու ամենամեծ ջատագով Աղասի Արշակյանը հայտարարեց, թե «Հայաստանի անկախությունից թողել են դրոշակի կոթը» եւ կոչ արեց. - «Մեր հայրենիքի անկախությունը մաս֊-մաս մի վաճառեք»:

Նույնիսկ խորհրդարանական մեծամասնության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վիկտոր Դալլաքյանը վերապահումներ ուներ. - «Կա՞ այստեղ քաղաքական ենթատեքստ: Միգուցե մեր ռազմավարական դաշնակիցը չի՞ վստահում Հայաստանի Հանրապետությանը կամ նրա ղեկավարությանը»:

Այսուհանդերձ, համաձայնագրի վավերացումը ամենեւին էլ վտանգված չէ: Օրինակ, կոմունիստ Խորեն Սարգսյանը պնդեց, որ եթե բացի Ռուսաստանից ուրիշի հաձնեինք այդ գույքը. - «Մերը չէր լինելու, հիմա՝ էլի մերն է»:

«Ստիպված ենք կողմ քվեարկելու այդ «Գույք՝ պարտի դիմաց քաղաքականությանը», - ասաց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունից Աղասի Արշակյանը:

Իր հռետորական հարցերի պատասխանը չստացած Վիկտոր Դալլաքյանը նույնպես հայտարարեց, որ, համաձայնագրի քաղաքական նշանակությունը գիտակցելով՝ կողմ է քվեարկելու:

Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն էլ, քանի որ անկախության մասին խոսք եղավ, որոշեց արձագանքել: «Անկախ նրանից նախարար եմ, նախարար չեմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ... ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ եմ՝ հայամետ եմ», - ասաց նա: - «Եվ եթե Հայաստանի Հանրապետության անկախությանը դույզն անգամ սպառնող հարց լինի, համենայն դեպս, ես այս ամբիոն չեմ բարձրանա»:

«Մինչեւ Կասյանովի գալը... կանգնած էր վտանգի տակ պայմանագիրը, եւ մենք պատրաստ էինք վճարել, որովհետեւ կային պայմաններ ոչ պետության այլ այն տնտեսվարողների կողմից, որոնք հույս ունեին վերցնել, ուզում էին իրենց համար բարենպաստ պայմաններ», - բանակցությունների ընթացքից բացահայտում արեց ֆինանսների նախարարը: - «Մենք միանշանակ մերժեցինք եւ կանգնած էինք վճարման ճանապարհին, եւ պատրաստ ենք վճարել»:

Համաձայնագիրն ու դրանից բխող արձանագրություններն Ազգային Ժողովում քվեարկության կդրվեն վաղը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG