Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի հանգանակած 5 մլն դոլարը տրամադրվելու է մայրուղու շինարարությանը Ղարաբաղում


Լոս-Անջելեսում անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում նախնական հաշվարկներով հավաքվել է 5 միլիոն դոլարից ավելի գումար, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս - Հարավ» ավտոճանապարհի շինարարությանը: Այսօր պատրաստ է 170 կիլոմետրանոց այդ ճանապարհի մոտ 40 կիլոմետրը:

2000 թվականի հեռուստամարաթոնին համեմատաբար քիչ գումար էր հավաքվել՝ 1 միլիոն 165 հազար դոլար, 1999 թվականին՝ 5 միլիոն, 1997-ին՝ 1 միլիոն 650 հազար դոլար: 1996-ին հանգանակված գումարը հասավ 8 միլիոնի, որովհետեւ հավաքված գումարը ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քրքորյանը կրկնապատկել էր:

Հիմադրամի փոխտնօրեն Սամվել Ենգոյանի խոսքերով, հանգանակված գումարների չափը տարեցտարի կայուն էր մնում: Իսկ այս տարի, ըստ Ենգոյանի, հիմնադրամի մուտքերը շոշափելիորեն աճել են:

Խոշոր նվիրատվություններ են կատարել Լուիզ Սիմոն Մանուկյանը եւ Հրայր Հովնանյանը՝ յուրաքանչյուրը 1 մլն դոլար: Այս տարվա 5 միլիոն դոլարից 2 միլիոն 600 հազարը ստացվելու է ԱՄՆ-ից, 650 հազարը Ֆրասիայից: 250 հազար դոլարով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միասին 3-րդ տեղում են:

Ակնհայտ է, որ բավականին ակտիվացել է Հայաստանի եւ Ղարաբաղի մասնակցությունը: Գումարների մեծ մասը տալիս են գործարարները: Սամվել Ենգոյանի խոսքերով, նախորդ տարիներին նրանց մասնակցությունը շատ ցածր էր, գրեթե զրոյական:

«Անցած տարի Հայաստանում եւ Արցախում միասին հավաքվել էր մարաթոնի ընթացքում մոտ 140 հազար դոլար», - ասաց Ենգոյանը: - «Այս տարի այդ թիվը բարձրացավ-հասավ մոտ 230-240 ԱՄՆ դոլարի»:

Հայաստանում եւ Արցախում հավաքված 105 մլն դրամից 85 միլիոնը տվել են գործարարները: Ամենաառատաձեռնը Հարություն Փամբուկյանն է՝ 6 միլիոն դրամ նրա «Մաքս գրուպ» ընկերությունից: 5 միլիոն 800 հազարական դրամ են տվել Հրանտ Վարդանյանը՝ «Գրանդ հոլդինգ» եւ Սարգիս Աղաբեկյանը՝ «Էսկո կոնցեռն»: 5 ական միլիոն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանը («Սիլ գրուպ»), Արեգ Ղուկասյանը (Ավանի աղի կոմբինատ), Սամվել Ալեքսանյանը («Լուսաստղ»), Վալերի Մեժլումյանը (Ալավերդու պղնձի գործարան) եւ Գագիկ Ծառուկյունը («Մուլտի գրուպ»):


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG