Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Չնայած Սերժ Սարգսյանի բոլոր հավաստիացումներին ու փաստարկներին, թե իր պարագայում պաշտպանության նախարար - նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պետ համատեղումը միանգամայն բնական-անշառ է, թերթերի մի մասը նրա լուսաբանումները բնավ բավարար չի համարում: «Առավոտ»-ի եւ «Օրրան»-ի հեգնական արձագանքի խորքում նախադրույթն է, որ մի բան են հղկված-անմեղ ձեւակերպումները, այլ բան՝ դրանց իրական խորքային բովանդակությունը: «Եթե ես լինեմ նախընտրական գործընթացների ակտիվ մասնակից, դա եւս մեկ լրացուցիչ երաշխիք է, որ ընտրությունների ժամանակ ուժային մեթոդներ չեն կիրառվի»: Սերժ Սարգսյանի այս մեկնությունը «Հայկական ժամանակ» թերթին հիշեցրել է «խորհրդային տարիների այն ավանդույթը, երբ դասարանի ամենաչարաճճի աշակերտին նշանակում էին դասարանի ավագ»:

«Մարդիկ ցանկանում են Սահմանադրությունը ոտնահարելով՝ Սահմանադրության երաշխավորի պաշտոնը ստանձնել», - բանաձեւել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ մասնավորապես նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության՝ բավարար չդիտվող պաշարով: Այստեղ կանխատեսվում է, սակայն, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի մերժի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գրացումը, քանզի ստիպված կլինի իր մերժումը հիմնավորել, իսկ այդ դեպքում հարվածի տակ կդրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման լեգիտիմությունը:

«Հայոց Աշխարհ» թերթում ներկայացվող վերլուծության համաձայն, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարումից հետո ակնհայտ է դառնում, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյան - Ստեփան Դեմիրճյան տանդեմը պիտի փորձի անել այն, ինչ այսօր վեր է Տեր-Պետրոսյանի ուժերից՝ «ապացուցել, որ գոյություն ունի գործող իշխանության քաղաքական այլընտրանք»: «Ընդ որում, դերերն այստեղ հստակ բաժանված են: ՀՀՇ-ի համար հիմնական հույսը մնում է Ստեփան Դեմիրճյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կօգտագործվի որպես մավր», - ուրվագծում է մեկնաբանը: - «Նա կառաջադրի իր թեկնածությունը, քաջ գիտակցելով, որ ինքը, ըստ Սահմանադրության ու գործող օրենքների, չի կարող գրանցվել: Դրանից հետո վիթխարի աղմուկ կբարձրացվի գործող նախագահի լեգիտիմության հարցի շուրջ»:

Ի պատասխան մեղադրանքների, որ իրենց ընդդիմադիր գործընկերներին հերթական անակնկալի առաջ են կանգնեցրել, Արտաշես Գեղամյանի կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Մի՞թե անակնկալ չէ այն, որ 16-ի միավորման ներսում միասնական թեկնածուի քննարկումները չավարտված՝ որոշ մարդիկ շտապում են առաջադրվել եւ անակնկալ են համարում այն, որ կուսակցությունները ստեղծում են դաշինք»: Կարապետյանի պարզաբանումներից հասկացվում է, որ իրենք իրենց առավել մերձ կուսակցությունների հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունեն ապագա կաբինետի շուրջ. - «Պարոն Գեղամյանը չի հավակնում ուժային կառույցներին մասնագիտական ուղղություն տալու դերին, քանի որ ընկերներ Դարբինյանը եւ Մարգարյանը աշխատել են այդ կառույցներում, կարծում ենք, որ նրանք էլ մակրոտնտեսական հարցերը կվստահեն Արտաշես Գեղամյանին»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա «թեկնածուական» նյութը, որ նվիրված է Արտաշես Գեղամյանին, նրա ողջ ուղին խտացրել է «կոմունիստական աթեիզմից մինչեւ աստվածաշնչյան պոպուլիզմ» շրջանակում, «անվստահելի գործընկեր նույնիսկ սեփական ճամբարում» դաջվածքով: Մեկնաբանն ամփոփել է. - «Սույն քաղաքական գործչի քաղաքական կարիերան սկսվեց նախագահի թեկնածու առաջադրվելով եւ ենթադրվում է, որ հենց դրանով էլ կավարտվի»:

«Առավոտ»-ի խմբագիրը այսօր նախանշում է. - «Ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկը չի համարձակվի որեւէ թարմ կոնցեպցիա առաջարկել Ղարաբաղի հարցում (որը եղել եւ մնում է մեր քաղաքականության հարցերի հարցը) եւ կսահմանափակվի ազգային-ազատագրական կարգախոսերով: Սոցիալ-տնտեսական բնագավառում որեւէ ընդդիմադիր թեկնածու չի կարողանա մատչելիորեն բացատրել, թե ինչն է հատկապես վատ այսօրվա վիճակում եւ կշարժվի լոկ սոցիալ-պոպուլիստական կարգախոսերով»: «Չկան քաղաքական գործիչներ, որոնք կարող են իրական այլընտրանք առաջարկել ներկա քաղաքական կուրսին: Հետեւաբար, ինչպես արդեն նշել էինք, Ռոբերտ Քոչարյանը լավ հնարավորություն ունի հաղթելու արդար ընտրություններում, սակայն՝ միայն երկրորդ փուլում», - սահմանում է խմբագիրը՝ զգուշացնելով. - «Այսօր, երբ պարզ է, որ Քոչարյանը լուրջ քաղաքական մրցակիցներ չունի եւ պահպանելու է իր պաշտոնը եւս 5 տարի, նրան «աջակցողների» թիվն աճելու է երկրաչափական առաջատվությամբ: Այդ «աջակցողները», բարձր եւ միջին նոմենկլատուրային շարքերից, իրենց կոտորելու են՝ ցույց տալու համար, որ հենց իրենք են կռել Քոչարյանի հաղթանակը, որպեսզի հետո բարելավեն իրենց պաշտոններն ու նյութական վիճակը: Այդ «կոտորվելու» ընթացքում նրանք անպայման կփորձեն գնալ անօրինական քայլերի: Կկարողանա՞ն նրանց զսպել Քոչարյանն ու նրա նախընտրական շտաբը», - հարց է կախվում «Առավոտ»-ում:

Մանրամասներ ներկայացնելով, թե ինչպես է երեկ, օրը ցերեկով Երեւանի Դավիթաշեն թաղամասում ավտոմատներով ու ատրճանակներով զինված մի խումբ սանձարձակ հարձակում է գործել պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու ու նրա ընկերների վրա, «Հայոց Աշխարհ» թերթը ընդգծել է. - «Թեպետ լուրջ հիմքեր կան կարծելու, որ դեպքի ականատեսները ոչ միայն մտապահել են մեքենաների համարները, այլեւ շատ լավ տեղյակ են, թե ովքեր են իրենց վրա հարձակված հանցագործները, սակայն որեւէ մեկը չի համարձակվում հրապարակավ հայտարարել այդ մասին»: Զոհ ու վիրավոր տված այս միջադեպը «Հայկական ժամանակ» թերթում ավելի բացվում է որպես ընդհարում պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) եւ գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) կողմնակիցների միջեւ: Ենթադրվում է՝ կատարվածը շարունակությունն է նոյեմբերի հինգին տեղի ունեցած միջադեպի, երբ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ծեծի էին ենթարկել Դավիթաշենի թաղապետ, Ռուբեն Գեւորգյանի թիմակից Սուրիկ Ղուկասյանին: «Հետագա իրադարձություններից եւ զոհերից, թերեւս, հնարավոր կլիներ խուսափել, եթե մեր իրավապահ մարմինները այն ժամանակ համապատասխան միջոցներ ձեռնարկեին», - շեշտված է «Հայկական ժամանակ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG