Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ղեկավարելու է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը լրագրողներին ասաց, թե մեծ է հավանակությունը, որ ինքը դառնա գործող նախագահի նախընտրական շտաբի պետը, թեեւ, նրա խոսքերով, վերջնական որոշումը դեռ ընդունված չէ:

Շարունակելով այդ թեման, Սերժ Սարգսյանը նշեց, թե առհասարակ պետք չէ գերագնահատել «նախընտրական շտաբ» հասկացության դերը, որովհետեւ, ըստ նրա, շտաբ ասածն ընդամենը գործիք է, «որը ուսումնասիրում է իրավիճակը, առաջարկում է տարբերակներ, լուծումներ թեկնածուին»: Եվ յուրաքանչյուր թեկնածու, նրա խոսքերով, «ինքն է ղեկավարում իր ողջ նախընտրական գործունեությունը»:

Պաշտպանության նախարարի՝ գործող նախագահի նախընտրական շտաբում լինելը Սերժ Սարգսյանը համարում է օրինաչափ: Նրա խոսքերով, «թիմ» հասկացության շրջանակներում, երբ անցյալ տարիներին իրենք միասնական պատասխանատվության կրողն են եղել, անտրամաբանական կլիներ իր շտաբի պետ չդառնալը:

Խոսելով այդ իրավունքը ունենալ-չունենալու մասին, Սարգսյանն ասաց, թե դա որոշվում է օրենքով: «Եթե որեւէ մեկը կարող է ասել, որ մեր իրականության մեջ կա մի օրենք, որ կանոնակարգում է շտաբի աշխատանքները կամ արգելում է պաշտպանության նախարարին, կոնկրետ պարագայում՝ ոչ քաղաքացիական ծառայողին, այլ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձնավորությանը, ղեկավարել այդ շտաբը, ապա անմիջապես, ես խոստանում եմ, հենց վաղը կհայտարարեմ, որ ես այդ գործին չեմ մասնակցելու»:

Հարցը, իրավական կողմից բացի, ունի նաեւ փաստական ընկալում. բանակը մեզանում նախընթաց փուլում ոչ նպաստավոր ազդեցություն է ունեցել ընտրությունների վրա: Նման հարցադրման հետ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց՝ ասելով, թե բանակը ոչ ոքի չի սպառնացել, «տանկերը քաղաք չեն բերել ու ասել, թե արդյունքները, չգիտեմ, էսպես պիտի լինեն, հակառակ պարագայում էս ենք անելու»: Շարունակելով, նախարարը ասաց, թե գուցե մի քանի մարդ եկել՝ «իրենց տեսքով, իրենց մասին եղած լեգենդներով» ինչ-որ բանի վրա ազդել են, սակայն դա չի կարելի «անպայման բանակի հետ կապել»:

«Հենց էս տեսանկյունից, եթե ես լինեմ այդ նախընտրական գործընթացներին ակտիվ մասնակից, սա եւս մեկ լրացուցիչ երաշխիք է, որ ընտրություններին ուժային մեթոդներ չեն կիրառվելու», - ասաց պաշտպանության նախարարը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ իրեն նախորդած պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնազրկվեց՝ քաղաքականությամբ զբաղվելու համար, իսկ ինքը, ըստ էության ներգրավվում է քաղաքական գործընթացում, Սերժ Սարգսյանը ասաց. - «Մենք պետք է տարբերակենք քաղաքականությամբ զբաղվել ասած հասկացողությունը: Սա մեկ: Երկրորդ՝ ի տարբերություն նախկին նախարարի, ես գեներալ չեմ: Եվ եթե այսօր պաշտպանության նախարարը լիներ գեներալ, իհարկե, նա իրավունք չուներ զբաղվել ընտրություններով»:

Սերժ Սարգսյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու չի առաջադրվելու:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG