Մատչելիության հղումներ

Օրդուեյը վստահ է, թե Հայաստանում հնարավոր են արդար ընտրություններ


«Մեկ հարցում մենք հաստատակամ ենք, եւ մեր դիրքորոշումը հստակ է. մենք ցանկանում ենք, որ ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ», -Հայաստանում իր պաշտանավորության առաջին տարեդարձի առիթով հրավիրած մամուլի ասուլիսում հինգշաբթի օրը ասաց Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելը հնարավոր է, դրա համար հիմքեր կան, եւ քաղաքական կամքի ու համապատասխան աշխատանքի իրականացման պայմաններում հնարավոր կլինի ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնել:


Ջոն Օրդուեյը հավաստիացրեց, որ իրենց կողմից կաշխատեն առաջիկա ամիսներին հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընտրությունների գործընթացին, մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, դիտորդական առաքելություններ կազմակերպելու գործին, հասարակությանը իրազեկելուն ուղղված գործունեությանը:

Երեկ հրապարակվել է Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի որոշ երկրների Հայաստանում համատարմագրված դեսպանների, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների նամակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «ընտրական ընթացակարգերը բարեփոխելու» կոչով եւ համապատասխան առաջարկություններով:

Հարցին, թե արդյոք ամերիկաբնակ հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցով ներկայումս Հայաստանում իրականացվող ակտիվ շինարարական ու վերանորոգման աշխատանքները չեն նշանակում, թե Միացյալ Նահանգները 2003-ի նախագահական ընտրություններից առաջ անուղղակիորեն աջակցում են գործող նախագահին, դեսպանը պատասխանեց, որ ցանկացած երկրում իրենք համագործակցում եւ աշխատում են լեգիտիմ ղեկավարության հետ: «Եթե այդ ղեկավարությունը փոխվում է, ապա ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել նոր ղեկավարության հետ, - շարունակեց դեսպանը՝ ավելացնելով, որ այդ համագործակցություն շարունակվելու է՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից:

Ջոն Օրդուեյը, անդրադառնալով «Ա1+» հեռուսատաընկերությանը վերաբերող հարցին, որին կապուղուց զրկելու կապակցությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հանդես էր եկել մտահոգություն արտահայտող հայտարարությամբ, ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, եւ շարունակում են համարել, որ «ընտրությունների հաջողության համար շատ կարեւոր է տեսակետների զանազանությունը՝ մասնավորապես հեռուստատեսությամբ»:

Դեսպանի խոսքերով, «Ա1+»-ին նորից եթեր վերադարձնելու կամ եթերում տարակարծությունն ապահովելու գործընթացը բավականին արագ չի ընթացել: Նա հույս հայտնեց, որ այս խնդիրը ժամանակի ընթացքում՝ «որքան հնարավոր է արագ», լուծում կստանա՝ օրենսդրության շրջանակներում:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG