Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի կարեւորող մատուցմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված բաց նամակին, որով առաջին նախագահին կոչ է արվում վերադառնալ մեծ քաղաքականություն եւ թեկնածու առաջադրվել նախագահական առաջիկա ընտրություններին, միացել են եւս վեց հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Լեզուների կենտրոն»-ը, «Մարդիկ՝ հանուն առողջ ապրելակերպի» կազմակերպությունը, «Կանանց տարածքային խորհուրդ»-ը: «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է նաեւ, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով Տեր-Պետրոսյանին նախագահի թեկնածու առաջադրելու նպատակով այս շաբաթվա ընթացքում տեղի կունենա նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հավաք: Սա, ըստ էության, նախաձեռնող խմբի համագումարն է լինելու:

Տեր-Պետրոսյանին վերջապես խնդրեցին, բայց՝ միայն իր համախոհները: «Հիմա մնում է սպասել՝ ազգի այս հատվածի խնդրանքը կբավարարի՞ Տեր-Պետրոսյանին՝ վերադառնալ մեծ քաղաքականություն, թե՞ նա դեռ կսպասի, որ խնդրողների շարքերը ստվարանան», - հարց է դնում «Առավոտ»-ը։ - «Այսպես թե այնպես, առաջին նախագահի վերադարձի՝ շրջանառության մեջ դրված ինտրիգը չի մարում։ Ընդ որում, ոչ ոք, անգամ նրա թեկնածությունն անմիջապես առաջադրելու պատրաստ ՀՀՇ-ն, այդպես էլ գլխի չի ընկնում, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը»։ «Արդյո՞ք հաշվարկ արվել է, թե ինչպիսին են հասարակական տրամադրությունները եւ ընտրազանգվածի որ մասն է պատրաստ իր ձայնը տալ նախկին նախագահին», - մտմտում է «Առավոտ»-ը: - «Միամտություն կլիներ ենթադրել, որ գործող նախագահի նկատմամբ առկա դժգոհությունը մեխանիկորեն ձայներ կավելացնի Տեր-Պետրոսյանին»: Խմբագրականը ուշադրություն է սեւեռում նաեւ, որ Տեր-Պետրոսյանը մինչեւ օրս չի ընդունել իր արած եւ ոչ մի սխալ, ոչ մի բացթողում. - «Իսկ նրա սխալների հետեւանքները մենք տեսնում ենք նաեւ այսօր՝ մասնավորապես, պետության ղեկավարման կլանային համակարգ եւ Ռոբերտ Քոչարյան՝ այդ համակարգի ղեկին։ Այդ պարագայում հնարավո՞ր է ստանալ համախոհների որոշ շրջանակներից դուրս հասարակական լայն աջակցություն», - բազմակետ է դնում «Առավոտ»-ը:

«Մեկ, երկու, երեք, ազգովին խնդրում ենք» վերնագրի տակ ներկայացնելով խնդրարկուների կազմը, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հեգնում է. - «Տղերքը, ինչպես տեսնում ենք, ժամանակը իզուր չեն կորցել. 4-5 հոգով մի հասարակական աղանդ գրանցելով՝ խնդրեմ, հհշական կազմակերպությունների մի ամբողջ ցանց են ստեղծել... Այսօր ազգովին խնդրելու համազգային նախաձեռնությանը կմիանա հռչակավոր օրինապաշտպան, համատեղության կարգով՝ «Հարբեցողների միության» նախագահ Վարդան Պետրոսյանի «Հայոց Տունը»-ը: Ազգովին խնդրելու բարի լուրն առնելուն պես՝ իր ստորագրությունը «Հայաստանից թռնողների միջազգային ասոցիացիայի» կնիքով հանդերձ, ֆաքսով հհշական մամուլի տնօրինմանը կհանձնի Վանո Սիրադեղյանը»: «Ինչ վերաբերում է նախկին նախագահին, ապա վերջինս համազգային սույն նախաձեռնությանը կարձագանքի ոչ ավելի վաղ, քան ստորագրությունների թիվը կհավասարվի շարժմանը միացած կազմակերպությունների անդամների ընդհանուր թվաքանակին:Այսինքն՝ կհատի 200-ի սահմանը», - թվաբանված է «Հայոց Աշխարհ»-ում:

Թեմատիկ նույն մորմոքի հետքերով «Հայաստանի Հանրապետություն» թերթը ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանից քաղել է, որ առաջադրման հարցով Տեր-Պետրոսյանը ոչ մեկի հետ չի խոսում, նրա դիրքորոշումը ճնշտված չէ: Եթե նախկին նախագահը որոշի չառաջադրվել, ՀՀՇ-ն մոտ մեկ շաբաթից իր համագումարում կտա իրենց մեկ այլ թեկնածուի անուն:

«Չլսված բան է, որ ընտրարշավի նախօրեին ընտրողներին այդպես վիրավորեն», - ձեւակերպում է «Օրրան» թերթը՝ համադրելով, որ զանազան ու այլազան չինովնիկների աշխատավարձը ավելանում է հարյուր հազարավոր դրամով, իսկ թոշակները՝ ընդամենը 600 դրամի չափ: «Օրրան»-ի շեշտադրմամբ, այս հարաբերակցությունը նշանակում է, որ իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչպիսի թշվառության է դատապարտել ժողովրդին: Այնպիսի թշվառության, որ 600 դրամն այդ ժողովրդի համար արդեն զգալի գումար է համարում... Նշանակում է, որ գործող նախագահին ժողովրդի քվեն, նրա ընտրական ձայնը ոչ հետաքրքրում է, ոչ էլ՝ հուզում, նշանակում է նաեւ, որ գործող նախագահին հետաքրքրում է պաշտոնեության ու չինովնիկության ձայնը, որ նրան իշխանության են վերստին բերելու դրանք եւ դրանց թիկունքում թաքնված ուժերը, որ ինքը նախագահ է վերընտրվելու դրանց համար: Այնպես որ՝ նա շատ լավ գիտի, թե ում է սիրաշահում եւ ումից զգուշանում»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը վերջերս Բաքվում էր ու հանդիպել է Ադրբեջանի նախագահին: «Արդյոք նման շփումները ենթադրո՞ւմ են, որ ԱՄՆ-ը փորձում է էլ ավելի ակտիվացնել իր դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում». «Հայոց Աշխարհ» թերթի այդ հարցին Օրդուեյը մասնավորապես պատասխանել է. - «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում դեսպաններս չենք, որ այդ գործընթացը պետք է առաջ տանենք: Դեսպանների այս փոխայցելությունները պետք է պարզապես ընկալվեն որպես ամերիկյան քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում իրականացվող մի գործընթաց»: «Ռազմական գործողությունների վերսկսումը կարող է կործանարար դառնալ երկու երկրների համար: Բայց ե'ւ Ադրբեջանում, ե'ւ Հայաստանում առկա է ռիսկի որոշակի գործոն, որ կարող է շարունակվել այդ խնդրի չլուծված մնալու պատճառով», - նշում է ԱՄՆ-ի դեսպանը: - «Քանի դեռ հիմնահարցը չի կարգավորվել, կան կորսվող հնարավորություններ, եւ կա այդ վտանգը»: Ջոն Օրդուեյը հարցազրույցում արձանագրում է նաեւ, որ Թուրքիայում իսլամիստների հաղթանակը չի կարող որեւէ կերպ փոխել իրենց հիմնարար հետաքրքրությունները. Միացյալ Նահանգները շարունակելու է Թուրքիայի հետ համագործակցությունը այն համընդհանուր շահերի շրջանակում, որի մեջ ներառված է միջազգային ուժերի ներկայությունը Աֆղանստանում, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, Կիպրոսի հիմնահարցի լուծումը, ինչպեսեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG