Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չնայած «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության շուրջ հասարակական ալարկոտ մթնոլորտ է տիրում, այդուհանդերձ, դատարանում բավական լուրջ փաստեր են ի հայտ եկել, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել», - շեշտադրում է «Հայկական ժամանակ» թերթը, մասնավորապես երեկվա նիստի անցուդարձից բխեցնելով. - «Շատ շուտով ի հայտ են գալու նոր հանգամանքներ, որոնք ցույց են տալու մեր ուժային կառույցների՝ մասնավորապես ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների դերը «Հոկտեմբերի 27»-ի գործում: Հիմա հերթը, կարծես թե, ներքին գործերի նախարարությանն է: Ազգային ժողովի անցագրային կետում հոկտեմբերի 27-ին հերթապահած ոստիկան Արմեն Գասպարյանի ցուցմունքները գալիս են ապացուցելու, որ ՆԳՆ մի շարք պաշտոնյաներ չպետք է դուրս մնան «Հոկտեմբերի 27»-ից անջատված մասով քրեական գործի նախաքննության ուշադրությունից»:

«Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում այսօր հրապարակվել է մի հայտարարություն, որը, թերեւս, ավելի որոշակի մի գործընթացի փաստական սկիզբ է: Դա թվով մոտ 20 հասարակական կազմակերպությունների կոչն է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վերադառնալ մեծ քաղաքականություն: «Վստահ ենք, որ Ձեր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կատարել իրական ընտրություն», - նշվում է ուղերձում:

«Ստվերից դուրս գալու ժամանակը» վերնագրի տակ «Իրավունք» թերթում հաշվարկվում է, որ մի կողմից Տեր-Պետրոսյանի առաջադրումը իշխանություններին ձեռնտու է այն առումով, որ հնարավոր կլինի ընտրողներին վախեցնել «բոբո» Տեր-Պետրոսյանի կերպարով: Մյուս կողմից Տեր-Պետրոսյանի առաջադրումը օբյեկտիվորեն շահեկան է նաեւ ընդդիմադիրներին: Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը աշխատելու են հիմնականում նույն դաշտում, եւ Տեր-Պետրոսյանը հիմնականում որոշակի վարչական եւ օլիգարխիկ ռեսուրսներ է փախցնելու Քոչարյանից: «Այսպիսով Տեր-Պետրոսյանի առաջադրումն ու մասնակցությունը ընտրություններին հեշտացնելու է «16»-ի միավորման գործը, քանի որ էապես ավելանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի, հետեւապես եւ Ռոբերտ Քոչարյանին հաղթելու հավանականությունը», - հանգեցվում է«Իրավունք» թերթում:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, անկախ թեկնածուների թվից, նախագահական ընտրություններում լինելու է երեք գլխավոր դեմք. «16»-ի միավորման ձախ-ռուսամետ թեկնածու, աջ-արեւմտամետ թեկնածու՝ ՀՀՇ-ի ու նրա արբանյակների կողմից, եւ ղարաբաղամետ ներկայիս նախագահը՝ իր հայտնի աջակիցներով: «Այսօր Քոչարյանի շանսերը պարզապես փայլուն են, բայց», - գրում է մեկնաբանը, - «պետք է նկատի ունենալ, որ ընտրարշավում բոլոր մյուս թեկնածուները նրա դեմ են լինելու, եւ դա կարող է խանգարել նրան իրացնելու իր առավելությունը»: Հնարավորություններով երկրորդ տեղում մեկնաբանը տեսնում է «16»-ի միավորման թեկնածուին, հատկապես Ստեփան Դեմիրճյանին, իսկ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի համար, անգամ իրերի ամենաանհավանական դասավորության դեպքում, որեւէ իրական շանս «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը չի տեսնում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Սոցիոմետր» անկախ կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում նշում է. - «Եթե 5-6 թեկնածուներ նախընտրական պայքարի այս շրջանում կարողանան որոշակի վարկանիշ ապահովել, կա որոշ հավանականություն, որ կարող է լինել երկրորդ փուլ»: Իսկ բուն պայքարը հասարակության 30-40 տոկոս կազմող տատանվող հատվածի համար է: Այդ շերտի համակրանքը գրավելուց է կախված ընտրությունների ելքը: Ինչ վերաբերում է քարոզարշավի որակին, «ծրագրային լուրջ տարբերություններ չկան. բոլորը պետության առաջնահերթ խնդիրները լավ տեսնում են, ուղիները գոնե մոտավորապես պատկերացնում են: Եվ քանի որ նոր բան ասելը դժվար է, այս դաշտում տարբերակվելու համար անցնում են անձնական վիրավորանքների, ինչը ընտրազանգվածի վրա շատ վատ տպավորություն է թողնում»:

«Իրավունք» թերթն էլ այսօր ուշադրություն է հրավիրում նախընտրական շրջանում իշխանությունների կողմից լրատվական դաշտի կառավարելիությունն ապահովելուն ուղղված դրսեւորումներին՝ դրա մեջ տեղավորելով հետեւյալը. «Գտնվեցին հերթական հնարքները, որպեսզի «Ա1+»-ն ու «Նոյյան տապան»-ը մինչեւ նախագահական ընտրությունները գործնականում հնարավորություն չունենան եթեր դուրս գալու: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ ընդդեմ «Առավոտ»-ի խմբագրի, գործնականում փորձարկում էր, թե ինչքանով է հնարավոր կոմպրոմատային նյութերի միջոցով կառավարելի դարձնել լրագրողներին: Այդ ուղղությամբ է ընթանում նաեւ «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենքի առաջ տանելը»:

«Օրրան» թերթի խմբագրականը եւս նվիրված է հատկապես հիմա լրագրության առջեւ ծառացող փորձություններին. - «Նախագահական ընտրարշավի ընթացքում այդ ուժերը ոչնչի առջեւ կանգ չեն առնելու, ոտնատակ են տալու մամուլի սահմանադրական իրավունքները, բարոյականությունը, մարդկային ճակատագրերը: Եվ նրանք առաջին հերթին պատերազմ են հայտարարել լրագրողների եւ լրագրության դեմ: Վտանգավորն այն է, որ լրագրության դեմ նրանք կռվում են լրագրության միջոցով եւ լրագրողի ձեռքով... Ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ պայքարը գնալով ավելի կատաղի, ավելի նենգ, ավելի նրբին ու քայքայիչ է լինելու, առաջին հերթին՝ թակարդային», - զգուշացնում է «Օրրան»-ը:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG