Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերը քննարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները


Ռուզան Խաչատրյան, Երեւան
Երեքշաբթի օրը փակ քննարկումներում խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները համաձայնեցին ու տարաձայնեցին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ: Դաշնակցության եւ ընդդիմադիր միավորումը ԱԺ-ում ներկայացնող 28 պատգամավորների առանձին տարբերակները եւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) բանավոր առաջարկները հիմնականում վերաբերում են ընտրացուցակների բարելավմանը, քվեարկության ընթացքի վերահսկողությունը մեծացնելուն: Ընտրարշավի վաղ փուլերին առնչվող առաջարկներ չկան:

Այսօր նախնական համաձայնություն ձեռք բերվեց, վերջնականը սպասվում է ուրբաթ օրը: Իսկ հաջորդ շաբաթասկզբին արդյունքները կներկայացվեն խորհրդարանական առավել լայն շրջանակներին, ու նախագծի տեսք ստանալուց հետո կսկսի գործել արագ քննարկման ժամատախտակը, անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ նիստով:

Պայմանավորվածություն կա, որ նիստերի դահլիճում արդեն նոր առաջարկություններ չեն լինելու: Միայն մի դեպքում է նախագիծը քննարկման դրվելու, եթե Ազգային Ժողովի բոլոր ուժերը դրա շուրջ փոխադարձ համաձայնության գան:

«Համաձայնության կգանք՝ կստեղծենք փաստաթուղթ, որը արագ եւ առանց ավելորդ երկար-բարակ բանավեճերի, կարելի է Ազգային ժողովում քննարկել եւ ընդունել, ուրեմն կանենք, - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ ղեկավար անդամ Տիգրան Թորոսյանը: - «Եթե չենք հասցնի, չենք կարողանա, ուրեմն այդ փոփոխությունները ավելի ուշ կանենք»:

Խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները չեն համաձայնել 28-֊ի այն առաջարկին, որով քվեարկության օրը, բացի դատարանից, ընտրական հանձնաժողովն իր կեսից ավելիի ստորագրության դեպքում եւ ընտրողի անձնագրում հասցեն ստուգելով կարող է նրա անունը վերականգնել ընտրացուցակում: ՀՀԿ-ն այստեղ ցուցակների արհեստական ուռճացման մտահոգություն է տեսնում: Դաշնակցության եւ 28-֊ի ներկայացուցիչները խոստացել են այս կետի շուրջ փոխհամաձայնեցված հոդված բերել, հանրապետականներն էլ, ըստ Թորոսյանի՝ եթե իրենց մտահոգությունները դրանով փարատված տեսնեն, կհամաձայնեն:

Թեկնածուների վստահված անձանց վերահսկողությունը քվեարկության ընթացքին մեծացնելու խնդրի շուրջ 28֊-ի տարբերակի հիմնական հեղինակ, Ազգային ժողովրդավարական կուսկցության նախագահ Շավարշ Քոչարյանը ասաց. - «Կան տեղեր, որ վիճելի են, տեղեր կան, որտեղ արդեն համաձայնության եկել ենք: Հիմա մենք ելնում ենք մեկ սկզբունքից. եթե հնարավոր է բարելավել այդ ուղղությամբ եւ հասնել համաձայնության, ապա հասնելու ենք»:

Տիգրան Թորոսյանը նույն խնդրի շուրջ ասաց, թե 28-ի այն առաջարկները, որով, իր բնորոշմամբ, «վստահված անձանց շնորհվում է հանձնաժողովի անդամի կարգավիճակ՝ առանց քվեարկելու իրավունքի», անընդունելի են. - «Բնականաբար, դրա հետ մենք համաձայն չէինք, եւ ի վերջո, քննարկման արդյունքում, մի շարք դրույթներ, որոնք նման միտում ունեին, համաձայնություն եղավ, որ իրենք կհանեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG