Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հաջորդ շաբաթ ՀՀՇ-ն 166-րդ անգամ լուրեր կտարածի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվում է որպես նախագահի թեկնածու, իսկ առաջին նախագահի գրասենյակը 167-րդ անգամ կհավաստիացնի, որ ամեն ինչ առայժմ անորոշ է», - «նոր զարգացումների» այս ուրվագիծը, որ կեսկատակ տրված է «Առավոտ» թերթում, իր բովանդակությամբ իրականում այսօրվա մամուլի հիմնական առանցքներից է: «Այդքան սպասել եք, կարծում եմ, մի քիչ էլ կարող եք սպասել, եւ ամեն ինչ պարզ կլինի», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում խորհուրդ է տալիս Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ նաեւ ավելացնելով. - «Ընդհանրապես, իշխանական մամուլը Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան շուրջ աղմուկը շատ վաղուց է բարձրացրել, որովհետեւ հասկանում է, որ իրական վտանգն իրեն այդ կողմից է սպասվում»: Ըստ Խաչատրյանի, այն տակտիկական քայլերը, որ այսօր փորձում է անել 16-ի միավորումը՝ առանձին-առանձին առաջադրելով թեկնածուներ, այնուհետեւ՝ ռեյտինգային քվեարկությամբ որոշել միասնական թեկնածուին, շատ խոցելի մարտավարություն է: «16»-ը չպետք է մոռանա, որ իր դիմաց կանգնած ուժը ավելի վտանգավոր է, քան երբեւէ եղել է, եւ իշխանության մնալու վճռական տրամադրվածություն ունի, որովհետեւ լինել-չլինելու հարց է դրված:

«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, եթե Տեր-Պետրոսյանը իսկապես հայտնվի ասպարեզում, առանց այդ էլ անմիաբան ընդդիմադիր հանրությունը վերջնականապես կտրոհվի: «16-ի միավորումից նախ կսահմանազատվի «Հանրապետություն» - ՀԺԿ տանդեմը», - նախանշում է մեկնաբանը: - «Նրանք կհայտնվեն ճակատագրական երկընտրանքի առջեւ. պաշտպանե՞լ Տեր-Պետրոսյանին, թե՞ հանդես գալ սեփական միասնական, այսինքն՝ Ստեփան Դեմիրճյան թեկնածուով: Երկու դեպքում էլ, սակայն, իրենց «Միասնության» իրավահաջորդը հռչակած այս տանդեմի հավաքական ընտրազանգվածը կտրոհվի»: «Եթե ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» միանան հհշամետների փաղանգին՝ կոմկուսը, ՍԻՄ-ը եւ 16-ի մի շարք այլ մանր կազմակերպություններ, ըստ ամենայնի, կհավաքվեն «Ազգային միաբանության» դրոշի ներքո՝ աջակցելու Արտաշես Գեղամյանին», - իր տեսլականն է ամփոփել «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Ազգ» թերթի վերլուծությամբ էլ, Լեւոն ՏերՊետրոսյանի թեկնածության պաշտոնական առաջադրումը խոստանում է խառնել իրականում ոչ թե գործող նախագահի, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ հենց 16-ի թեկնածուների խաղաթղթերը։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը կայուն էլեկտորատ չունի», - փաստարկվում է այստեղ։ - «Նա դիտարկվելու է որպես Քոչարյանին այլընտրանք, արմատական ընդդիմության ներկայացուցիչ, իսկ դա նշանակում է, որ քվեները նա տանելու է ոչ թե Քոչարյանից, ինչով էլ պայմանավորվում է նաեւ ՏերՊետրոսյանի հեռացումը, այլ հենց ընդդիմությունից»։ Այս առումով էլ «Ազգ»-ում կրկին քննադատության թիրախ է դարձել իշխող հանրապետական կուսակցությունը. - «Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օրերս նշեց, թե բարոյական առումով նախագահ կարող են դառնալ միայն պայքարում կոփված անհատները, եւ, որպես այդպիսիք, առանձնացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները։ Փաստորեն Գալուստ Սահակյանը հաստատեց այն ընդհանուր մոտեցումը, որ միայն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում Քոչարյանը որեւէ էական խոչընդոտ չի ունենա առաջին փուլով վերընտրվելու, ինչը, բնականաբար, թեկուզ քարոզչական մարտավարության առումով խիստ վտանգավոր է։ Փաստորեն ՀՀԿ-ն չի դադարեցնում նախագահին արջի ծառայություններ մատուցելու իր վարքագիծը»։

1998 ին, երբ Քոչարյանը հաշվետու չէր անցյալի համար, այլ միայն խոստումներ էր շռայլում, առաջին փուլում Քոչարյանի հավաքած ձայները 30-40% կազմեցին։ Հինգ տարի անց Քոչարյանն այլեւս խոստումներ չի շռայլելու, այլ անցյալի համար է հաշվետու լինելու՝ բազմաթիվ սուր հարցերի պատասխան չունենալով. այս ելակետից նայելով առաջիկա մրցավազքին, «Առավոտ» թերթի մեկնաբանը, ներկայիս նախագահի այսպես ասած «երգը երգված է համարում» եւ ավելի սեւեռվել է Տեր-Պետրոսյան - Ստեփան Դեմիրճյան մրցակցությանը՝ առավելությունը տալով վերջինիս. - «Միայն մեկ անգամ՝ 1991-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանին է հաջողվել հասարակության համակրանքի ու վստահության այնպիսի ալիքի վրա բարձրանալ, որ հայտարարությունը, թե «Ես կամ» բավական լիներ ընտրարշավ մղելու՝ նույնիսկ ծրագիր չներկայացնելով։ Դատելով հասարակական տրամադրություններից, այսօր նման սցենարով վերելք կարող էր ունենալ միայն Ստեփան Դեմիրճյանը, եթե հայտարարեր, թե ինքը մինչեւ վերջ կպայքարի։ Դեմիրճյանը դա արեց։ Համագումարն էլ ցույց տվեց, որ «16»-ի ֆորմատում մյուս առաջնորդները իրենց անձից դուրս երկրորդը նրան են ընդունում»։

«Երեք ամիս անց՝ փետրվարի 19-ին, մենք միայն տեխնիկական խնդիր ենք լուծելու՝ թերթիկը գցելով քվեատուփի մեջ: Իսկ իրական ընտրությունը կայանալու է այս բոլոր ամիսների ընթացքում», - կրկին զգուշացնում է «Օրրան» թերթը: - «Ընդդիմությունից լրջագույն հետեւողական աշխատանք է պահանջվում թե' տեխնիկատեխնոլոգիական ճակատում՝ բացառելու ընտրանկարչությունը, թե' գաղափարական ոլորտում»: «Ընդդիմությունը պարզապես պարտավոր է նոր գաղափարներ առաջադրել», - շեշտված է «Օրրան»-ում: - «Բայց, իհարկե, ոչ «բարելավել», «ավելացնել», «նվազեցնել», «թեթեւացնել» եւ այլ նմանատիպ արտահայտություններով ջանալ մոլորեցնել ընտրողներին... Աշխատելու է միայն «գերխնդիր - նպատակ - խնդիրներ - դրանք լուծելու միջոցներ - ակնկալվող արդյունք» բանաձեւը, որը իր իրական, այլ ոչ թե սոսկ բառային հիմնավորումը պետք է ունենա: Այդ դեպքում է միայն, որ օրվա ժամիշխանները դրան հակադրելու բան չեն ունենա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG