Մատչելիության հղումներ

Հայաստանի մուտքի արտոնագիր կարելի է ստանալ ինտերնետի միջոցով


Հայաստանը Ավստրալիայից հետո երկրորդ երկիրն է աշխարհում, որ սկսել է մուտքի արտոնագիր՝ վիզա տրամադրել ինտերնետի միջոցով: Արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխարհի ցանկացած երկրից, ցանկացած կետից կարելի է բացել Հայաստանի արտգործնախարարության ինտերնետային էջը (www. armeniaforeignministry.com), մուտքագրել տվյալները եւ վիզա խնդրել: Պատասխանը տրվում է կրեդիտ քարտի միջոցով վճարումները կատարելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

«Վիզա՝ թղթի, դրոշմակնիքի տեսքով չի փակցվում անձնագրի մեջ: Նա ունի, այսպես ասած, վիրտուալ վիզա», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Արմեն Եգանյանը:

Կարգի ուժի մետ մտնելուց հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում էլեկտրոնային վիզայով արդեն 6 օտարերկրացի մուտք է գործել Հայաստան. մեկը՝ Գերմանիայից, մյուսները՝ Միացյալ Նահանգներից:

Այս նոր կարգ կիրառումը, ի թիվս բազմաթիվ առավելությունների, նաեւ գործնական պատճառներ ունի. աշխարհի ոչ բոլոր երկրներում կան Հայաստանի դեսպանատներ, հյուպատոսական բաժիններ, իսկ նոր կարգով օտարերկրացիների ժամանելը Հայաստան շատ ավելի դյուրին եւ հեշտ է դառնում:

«Մի կողմից, Հայաստանի քաղաքականությունը այս բնագավառում շատ ազատական է», - խոսելով արտոնագրային ընդհանուր քաղաքականության մասին, ասաց Եգանյանը՝ պարզաբանելով, թե ջանում են ամեն ինչ անել՝ զբոսաշրջիկությունը խրախուսելու համար. նախապայմաններ չեն դրվում, հրավեր չի պահանջվում, չի պահանջվում, որ նախօրոք ամրագրված լինի բնակության վայրը, իջեւանելիք հյուրանոցը եւ այլն: - «Մարդը ուղղակի կարող է դիմել զբոսաշրջիկային վիզայի համար ու գալ»:

Մյուս կողմից, հատկապես անցյալ տարվա սեպտեմբերի 11-ից հետո ամբողջ աշխարհում էմիգրացիոն քաղաքականությունը խստացվում է, մոտեցումները կարգավորվում են: «Նույնը կատարվում է մեզ մոտ», - ասաց Եգանյանը, ավելացնելով, որ արտգործնախարարությունը ներկայացրել է նոր օրինագիծ, որը, մի կողմից, ընդգրկելու է ազատական մոտեցումները, իսկ մյուս կողմից՝ ուժեղացվելու է միգրացիոն վերահսկողությունը:

Արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետի խոսքերով, Հայաստան այցելող օտարերկրացիների քանակը միանշանակ ավելանում է. եթե 90-ականների վերջերին տարեկան տրամադրվում էր 20-23 հազար վիզա, 2000-ից ի վեր եւ հատկապես 2001-ին, երբ տոնվում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակը,այդ թիվը հասավ 32-33 հազարի: Աճի միտումը, Եգանյանի հավաստմամբ, պահպանվում է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG