Մատչելիության հղումներ

Շարունակվում է Բրիտանա-հայկական բարեկամության պառլամենտական խմբի պատվիրակության այցը


Անցած շաբաթավերջից Հայաստանում գտնվող Բրիտանա-հայկական բարեկամության պառլամենտական խմբի պատվիրակության անդամները արդեն հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Հայաստանի արտաքին գործերի նախարար Օսկանյանի, Ազգային ժողովի ղեկավարության եւ իրենց գործընկերների հետ: Նախատեսված է պատվիրակության անդամների հանդիպումը նախագահ Քոչարյանի հետ:

Ազգային ժողովում այսօր հրավիրած ասուլիսում խմբի անդամները շեշտեցին, որ Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած Բրիտանա֊հայկական բարեկամության պառլամենտական խումբը 1915 թ. հայոց ցեղասպանությունը ճանաչելու հորդորով բրիտանական կառավարության առջեւ բացմիցս է հանդես եկել: Փորձերն առայժմ չեն պսակվել հաջողությամբ, եւ ինչպես այսօր ասուլիսում խմբի անդամ, հայազգի Օդեթ Բազիլն ասաց, իրենց միակ հույսն է, որ այդ հարցին աջակից պառլամենտականների թիվն այնքան կմեծանա, որ վարչապետ Թոնի Բլեյրն այլեւս չի կարողանա ոչ ասել:

Վերջին նման դիմումը՝ ավելի քան 2500 ստորագրություններով, վարչապետի նստավայր է ներկայացվել 2001֊-ին: Դիմումը Մեծ Բրիտանիայի պառլամենտի 56 անդամ էր ստորագրել, այդ թվում Լոնդոնի ներկայիս քաղաքապետ Լիվինգստոնը:

«Համենայն դեպս, Բրիտանիայի կառավարությունը դեռեւս չի պաշտպանում նման դիրքորոշումը», - ասաց համայնքների պալատի անդամ Ջեյն Գրիֆիթսը՝ վկայակոչելով Թուրքիայի հետ հարաբերություններում բարդ եւ նուրբ շատ հարցերի առկայությունը:

Թե' բարոնուհի Քոքսը, թե' Համայնքների պալատի անդամ, բրիտանա֊ադրբեջանական խմբի անդամ Ռոբերտ Ուերինգը նշեցին, որ հետաքրքված են Հայաստան ֊- Ռուսաստան հարաբերություններով, իսկ հարցին, թե արդյո՞ք նրանց հետաքրքրության շրջանակներում չէ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հաստատումը, Ուերինգը պատասխանեց, թե Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացրած Թուրքիան առաջին հերթին պետք է ներողություն խնդրի ցեղասպանության համար, ապա զորքը դուրս բերի Կիպրոսի գրավյալ մասից, բարելավի մարդու իրավունքների վիճակը երկրում, ինչը վատ է:

Բրիտանա-հայկական պառլամենտական բազմակուսակցական խումբը որեւէ օտար երկրի խորհրդարանում ստեղծվածների մեջ առաջինն էր: Հիմնադրումից ի վեր տասը տարվա ընթացքում խումբը, որը գլխավորում է Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոկսը, պառլամենտի երկու պալատներում 124 անգամ բարձրացրել է հայկական հարցեր՝ կապված, ի թիվս այլոց, Լեռնային Ղարաբաղի խնդրի, փախստականների, ցեղասպանության ճանաչման հետ: Այս անգամ տիկին Քոքսը Մեծ Բրիտանիա է վերադառնում Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը լուծելու մտադրությամբ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG