Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Շաբաթ օրը կայացած ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) համագումարը մամուլում գրանցվում է բուռն ծափահարությունների ու ջերմ բարեմաղթանքների մթնոլորտով ու նաեւ՝ դեպի կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի նախագահական ապագան բավական լավատեսական հայացքով: Իհարկե, ինչպես ուշադրություն է սեւեռված «Առավոտ» թերթում, ՀԺԿ նախագահի 30 րոպեանոց ելույթում հնչեցին գերազանցապես «կաղապարային, դեկլարատիվ արտահայտություններ», «ելույթի անգամ սուր ու քննադատական հատվածները զերծ էին որոշակիությունից», բայց, ընդհանուր առմամբ, համագումարի հաջողության ցուցանիշ որպես, մի շարք թերթերում այն ձեւակերպումն է, որ երեւաց՝ «Ստեփան Դեմիրճյանը 16-ի միավորման միասնական թեկնածուի ամենահավանական թեկնածուն է» («Հայկական ժամանակ»):

Մթնոլորտի առումով, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը եւս «Երկու ժամանոց համագումար, որ ցնցեց 16-ի միավորումը» վերնագրի տակ մասնավորապես փոխանցում է. - «Բոլորի աչքերը փայլում էին եւ կեսժամանոց զեկույցի ընթացքում ոչ մեկի դեմքից չվերացավ լայներես ժպիտը: Խոսքի ամեն մի ընդհատում ինքնաբերաբար նոր ծափերի տարափի առիթ էր դառնում»: Ինչ վերաբերում է գործնական, ավելի շուտ հոգեբանական հետեւանքներին, «Օրրան» թերթում նշված է. - «ՀԺԿ համագումարը բավական հստակություն մտցրեց ընդդիմության, մասնավորապես «16»-ի դաշտում: Կողմնորոշվածները է'լ ավելի կողմնորոշվեցին, չկողմնորոշվածներին իրենց տեղն ու դերը վերանայելու հնարավորություն տրվեց»:

«Ասպարեզ դուրս եկավ Քոչարյանի ամենահիմնական մրցակիցը», - բանաձեւել է «Օր» թերթի մեկնաբանը, որի վերլուծությամբ, Գեղամյանի համեմատ Դեմիրճյանը միանշանակ ավելի ընդունելի ֆիգուր է մյուս ընդդիմադիրների, նաեւ նախկինների համար: Իշխանություններին մոտ կանգնած շատ շրջանակներ էլ նրան դիտարկում են իբրեւ ամենաչափավոր ընդդիմադիր թեկնածու: «Չպետք է մոռանալ նաեւ կուսակցության գործոնը: ՀԺԿ-ն հիրավի կարելի է համարել ամենաուժեղ ընդդիմադիր կուսակցությունը», - ավելացնում է մեկնաբանը: - «Ոչ պակաս կարեւորություն ունի նաեւ ֆինանսական գործոնը: Ըստ լուրերի, կան մի խումբ օտարերկրյա գործարարներ, որոնք նախնական համաձայնություն են տվել ֆինանսավորելու Ստեփան Դեմիրճյանի ընտրարշավը»:

«Ռոբերտ Քոչարյանի թիմին ակնհայտ է, որ եթե առաջին փուլով չհաջողվի ապահովել նրա իրական կամ կեղծիքային վերընտրությունը, ապա երկրորդ փուլում ե'ւ վարչական ռեսուրսը, ե'ւ օլիգարխները երկփեղկվելու են, եւ Քոչարյանի նախագահական երկրորդ ժամկետը կդառնա առավել քան հարցականի տակ: Բայց», - արձանագրում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը, - «գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում երկրորդ փուլի անխուսափելիությունը»: Մեկնաբանի հայացքով, նախագահական ընտրություններում ուժեղ թեկնածուների սակավություն չի լինելու: Ու եթե անգամ նրանցից յուրաքանչյուրը 10 տոկոսից էլ քիչ քվեներ ստանա, նշանակում է գործող նախագահին լավագույն դեպքում մնում է 30-35 տոկոսի պաշար, այսինքն՝ Քոչարյանը հարկադրված կլինի երկրորդ փուլում մրցելու այնպիսի թեկնածուի հետ, որը կպաշտպանվի ամբողջ ընդդիմության կողմից: «Նման բան կանխելու թերեւս միակ հնարավորությունը ընդդիմություն դաշտը պառակտելն է: Սակայն», - շարունակում է մեկնաբանը, - «այդ ջանքերը նկատելի հաջողություն չեն ունենում, քանի որ «16»-ի ներսում աստիճանաբար աճում է փոխադարձ հանդուրժողականության ու փոխըմբռնման աստիճանը»: Արտաքին դաշտում էլ տեսնելով Ռոբերտ Քոչարյանի համար անհաճո զարգացումներ, «Իրավունք»-ի մեկնաբանը եզրափակել է. - «Հայաստանում, կարծես, գնալով ավելի ու ավելի նյութականանում է նախագահափոխության ստվերը»:

«Նախագահական ընտրությունները մեկ փուլով կարող են ավարտվել միայն այն դեպքում, եթե գործող նախագահը կամ ընդդիմության թեկնածուն այնքան բարձր վարկանիշ եւ լայն ընտրազանգված ունենա, որ գրեթե բացառվի այլընտրանքը... Գործող նախագահի պարագայում դա բացառվում է», - իր հերթին շեշտադրել է «Օրրան»-ի խմբագրականը: - «Այնպես որ, եթե մեզ կանգնեցնեն մեկ փուլի փաստի առջեւ, ուրեմն պարզապես ձեւական մի միջոցառում են անցկացրել՝ ընտրության արտաքին երեւութականություն ապահովելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG