Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները նոր փոփոխություններ են առաջարկում Ընտրական օրենսգրքում


Ընդդիմադիր միավորման 16 քաղաքական քաղաքական ուժերը Ազգային ժողովում ներկայացնող 28 պատգամավորները գործող Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով մտադիր են ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելու իրենց առաջարկությունների արտահերթ քննարկում: Փոփոխությունները արդեն ներկայացված են խորհրդարանական բոլոր ուժերին:

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահ Շավարշ Քոչարյանի, առաջացավ տեղական ինքնակառավարման մարմինների անցած ընտրությունների ժամանակ տեղի ունեցած «բազմաթիվ, աղաղակող խախտումներից»: «Ուղղվածությունը հետեւյալն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակեց Շավարշ Քոչարյանը. - «Առաջինը՝ վստահված անձերի իրավունքների կտրուկ բարձրացում... Վստահված անձը, ըստ էության, պետք է ունենա գրեթե բոլոր այն լիազորությունները, որ ունի հանձնաժողովի նախագահը՝ բացի քվեարկության իրավունքից»: Այսինքն՝ չթույլատրեն տվյալ տեղամասում գրանցում չունեցող անձանց մուտքը, իրավունք ունենան հետեւելու ընտրողներին գրանցող եւ քվեաթերթիկ տվող պատասխանատուներին եւ այլն:

Կա նաեւ լրագրողներին վերաբերող առաջարկ: «Ոչ ոք իրավունք չունի լրագրողին հեռացնել ընտրատարածքից», - ասաց Քոչարյանը: - «Որովհետեւ այդպիսի դեպքեր եղել են»:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում, որ խորհրդարանը կընդունի այսպիսի փոփոխությունները, Շավարշ Քոչարյանը ասաց. - «Համենայն դեպս, անհավանական չեմ համարում... Բանակցությունները ցույց կտան»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG