Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իմ կարծիքով, կառավարությունում կադրային փոփոխություններ չեն լինելու: Ես նման խոսակցություններ չեմ լսել», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Թերթի տեղեկությունների համաձայն, կառավարությունում կադրային փոփոխությունների գաղափարին բացասական է վերաբերում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը չի ցանկանում, որ ընտրությունների նախաշեմին իշխանական բուրգը ցնցվի: Կառավարությունում հնարավոր փոփոխությունների հեռանկարին «Առավոտ»-ի հարցազրույցում անուղղակիորեն անդրադարձել է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը՝ պատասխանելով հարցին, թե ժամանակին ինչու չի հերքել իր՝ վարչապետ դառնալու հնարավորությունը. - «Ճիշտն ասած, կատակեցի ուղղակի, երբ ասացի, որ այդ հարցին չեմ պատասխանի: Լրագրողները հմտորեն օգտագործեցին դա: Բայց ես իսկապես կատակել էի»:

Արտաշես Թումանյանը նույն հարցազրույցում անդրադարձել է նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի հետ իր մտերմության հանգամանքին: Վերջինս Համայնքների միության սեպտեմբերյան համագումարում սուր քննադատության ենթարկեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ նրա կառավարությունը: Այս առումով Արտաշես Թումանյանն ասում է. - «Ինչ վերաբերում է Էջմիածնի քաղաքապետին՝ 3 անգամ ընտրվել է, բայց 1990-ից նրա հետ մտերիմ լինելով՝ երբեք չեմ օգնել: Բացի այդ՝ լինելով նախագահի աշխատակազմի ղեկավար, ես չեմ կարող սուր քննադատության ենթարկել նախագահի նշանակած վարչապետին եւ կառավարությանը: Չեմ կարող նպաստել այդ քննադատությանը՝ ո'չ բացահայտորեն, ո'չ էլ միջնորդավորված»:

«Հայկական ժամանակ»-ը, մինչդեռ, փոխանցում է, թե իշխանական որոշ ուժեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վերանայելու ուղիներ են մտմտում: Մասնավորապես որոշ նշանակալի համայնքներում, որտեղ հաղթել է վարչապետ Մարգարյանի թեկնածուն, ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել: «Խոսքը վերաբերում է Էջմիածին քաղաքին, որտեղ քաղաքապետի ընտրություններում հաղթել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Հրաչիկ Աբգարյանը: Երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի հայցի լսումը, որով նա պահանջում է անվավեր ճանաչել Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների արդյունքները», - ճշգրտում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում, որ դատարանը կարող է բավարարել Աղվանյանի հայցը»:

Նույն «Հայկական ժամանակ»-ում, արտահայտվելով հետընտրական զարգացումների վերաբերյալ, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «ՀՀԿ-ն երբեք իր դիրքերը չի զիջելու... Ես նորից պիտի հորդորեմ դիմության այդ ուժերին, որ ոչ թե նախագահի փեշը քաշելու ճանապարհը ընտրեն, այլ ավելի մոտ լինեն սեփական ժողովրդին, ու նրանց հաղթանակը եւս ապահովված կլինի»: Իսկ հնարավոր համարո՞ւմ է Գալուստ Սահակյանը, որ նախագահական ընտրություններից հետո, եթե Քոչարյանը մնա նախագահ, դաշնակները եւ «Օրինաց երկիրը» փորձեն համոզել նախագահին՝ «քցելու» հանրապետականներին: «Նման խնդիր կարող է առկա լինել», - պատասխանել է Սահակյանը, - «բայց ես չեմ կարծում, որ հարցը կարող է այդքան լրջանալ: Ես չեմ կարծում, որ խանդը կարող է վրիժառություն եւ թշնամանք ծնել, ու կոնկրետ մենք երբեք թշնամանքի ճանապարհով չենք գնալու»:

Հայաստանյան այսօրվա մամուլը մի մասով էլ ծանրացել է մոսկովյան իրադարձությունների հետեւանքների վրա: «Առավոտ»-ը գրում է. - «Երեկվա տվյալներով՝ Մոսկվայի Թատերական համալիրի գրոհի ժամանակ գազից թունավորվել եւ մահացել է դահլիճում եղած ՀՀ երեք քաղաքացիներից՝ Մյասնիկ Զաքարյանը։ Չեն կարողացել փրկել եւս մեկ հայուհու՝ ՌԴ քաղաքացի Լյուդմիլա Թովմասյանի կյանքը։ Դեռեւս ոչինչ հայտնի չէ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Մարգարիտա Աղաբաբյանի ճակատագրի մասին։ Նրա անունը չկա ո'չ ողջերի, ո'չ զոհվածների ցուցակում։ Բարեբախտաբար, այդ չարաբաստիկ օրը «Նորդ-Օստ» ներկայացումը դիտող մյուս հայերը ողջ ու անվնաս են»։ Թերթի մատուցմամբ, պատանդ հայերը արաբների դեմ պատերազմող իսրայելցիներից ոչ պակաս էին ռիսկի դիմելու, եթե ահաբեկիչներն իմանային նրանց ազգային պատկանելությունը։ «Ու այս պատճառով էլ մեր դիվանագետներից նաեւ ավելի շուտ ու ճիշտ կողմնորոշվող հայ պատանդները չեն բարձրաձայնել իրենց ազգությունը։ Մեր դիվանագետները պիտի որ գլխի ընկնեին ու առաջինը փորձեին բջջային հեռախոսակապով իրենց երկրի քաղաքացիներին համապատասխան ցուցումներ տալ։ Ցավոք, դա չարվեց», - ամփոփում է «Առավոտ»-ը։

«Հայոց Աշխարհ» օրաթերթում էլ, համեմատություն անցկացնելով մոսկովյան իրադարձությունների եւ «Հոկտեմբերի 27»-ի միջեւ, ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ասում է. - «Հոկտեմբերի 27-ին, երբ հինգ ոճրագործներ գրավեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, շատ արագ պատանդների տեղաշարժը նմանվեց այգում զբոսնելու: Նիստերի դահլիճը վերածվեց միջանցիկ բակի, ուր ով ասես ու երբ ասես կարող էր մտնել ու դուրս գալ: Մոսկվայի Թատերական կենտրոնի դահլիճում, որտեղ պահվում էին պատանդները, մինչեւ ազատագրվելը մուտք գործեց միայն մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը՝ այն էլ 5 րոպեով: Իսկ ով ուզում էր դուրս գալ, կամ դրսից ինքնակամ դահլիճ եկավ, սպանեցին»:

Ըստ «Օրրան» թերթի, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը հերքել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովի այն հաղորդումը, թե Ռուսաստանի կառավարության որոշմամբ, Մոսկվայում փակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG