Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական ուժերը կոչ են անում Չեչնիայի հարցը լուծել բանակցությունների միջոցով


Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անհանդուրժելի եւ անարդյունավետ են որակում չեչեն գրոհայինների ձեռնարկը՝ «անմեղ մարդկանց կյանքի գնով քաղաքական պահանջներ դնել ու պետությանը շանտաժի ենթարկել»: Նրանք միաձայն են նաեւ, որ «Չեչնիայի հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ»:

Ինչ վերաբերում է պատանդներին ազատելու եւ գրոհայիններին վնասազերծելու՝ Մոսկվայի գործողությանը, ապա այստեղ տեսակետները տարբերվում են:

Հայկոմկուսի ղեկավար անդամ Գագիկ Թադեւոսյանը, օրինակ, լիովին համաձայն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեւակերպմանը, թե հենց Չեչնիայում կյանքն սկսեց կարգավորվել, «տեռակտներ սկսվեցին, քանի որ որոշ կլանների, նարկոբիզնեսի պարգլուխների դա ձեռնտու չէր»:

«Չեչենները պատրաստ էին պայթեցնելու պատանդներով լի շենքը», - ասաց Թադեւոսյանը: Նա թեեւ ասաց, որ մասնագետ չէ, այդուհանդերձ արդարացված կհամարեր վնասաբեր գազի կիրառումը 1999 թվականի հոկտեմբերի լույս 28-ի գիշերը, եթե դրանով փրկվեին Ազգային ժողովի դահլիճում սպանվածները: - «Փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանի պետությունը որոշեց եւ ազատագրեց պատանդներին՝ թեկուզ այդ գնով»:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, Մոսկվան արեց տվյալ իրավիճակում հնարավորը եւ ցույց տվեց, որ «Պուտինի գալուց հետո Մոսկվան չեչենների այս կարգի գործողությունների դեմ գնում է ավելի կոշտ քայլերի, եւ ինչ-֊որ առումով սա արդարացված է, որովհետեւ այլ ելք, ըստ էության, չէր մնում»:

Ինչ վերաբերում է Չեչնիայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությանը, ապա, ըստ Ռուստամյանի՝ «մի ճանապարհ կա. պետք է քաղաքական լուծում տրվի»: Ուժի գործադրումը, նրա կարծիքով, երկուստեք օգուտ չի բերի: «Անկախության պայքարի ու ահաբեկչական գործողությունների զուգահեռումը, ինչն անում են չեչենները, անհասկանալի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Ռուստամյանը: - «Չեչնիայում պիտի ազատ ընտրություններ անցկացվեն, ու բանակցություններ սկսվեն օրինական ընտրված ներկայուցիչների հետ, պրոցեսը մտնի քաղաքական հուն»:

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով, ինչքան շուտ կողմերը բանակցությունների միջոցով հաշտության ձեւ գտնեն, այնքան լավ: «Բայց», - ավելացրեց Մանուկյանը, - «Չի կարելի այդպիսի որոշումները ընդունել շանտաժի միջոցով: Եթե Ռուսաստանի իշխանությունները ընդունեին այդ պահանջը, դա կնշանակեր Ռուսաստանի թուլացում մինչեւ վերջ»:

Ինչ վերաբերում է գրոհի արդյունքներին, անմեղ պատանդների թիվը բավական մեծ գնահատելով եւ ցավակցությունը փոխանցելով զոհերի հարազատներին, Մանուկյանն ասաց, թե «փակուղային էր Ռուսաստանի համար վիճակը, չէր կարելի տուրք տալ շանտաժին, ու չէր կարելի հապաղել»:

«Միգուցե սա լավագույնը չէր, բայց վատագույնն էլ չէր»,- ասաց նա: - «Այս ամենից հետո արդեն պետք է մտածել Չեչնիայում պատերազմի խնդրի շուրջ: Վաղուց ի վեր ապացուցված է, որ Չեչնիայի հետ պատերազմով չէ, որ պետք է հարցերը լուծվեն»:

ՀՀՇ ղեկավար անդամ Դավիթ Շահնազարյանը, որը ժամանակին գլխավորել է Հայաստանի ազգային անվտանգության վարչությունը՝ վկայակոչելով գրոհի արդյունքում պատանդառված զոհերի մեծ թիվը, ասաց, թե այդ գործողությունն իր արդյունքներով ավելի շատ նման է «ոչ թե հատուկ ծառայությունների կողմից կատարված գործողությունների, այլ բանակային ստորաբաժանման գործողության»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Մոսկվայի թատերական կենտրոնում տեղի ունեցածը բնորոշեց նաեւ որպես չեչենների հուսահատ քայլ. - «Այդպիսի ահաբեկչական քայլերը չեն արդարացվում, բայց դա հուսահատ քայլ էր, որի պատճառները պետք է փնտրել ռուսական քաղաքականության մեջ, որը տարվում է Չեչնիայում»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների, «մասնավորապես նախագահ Պուտինի քայլերին», ապա, ըստ Իշխանյանի՝ «նրանք փրկեցին շենքը»:

«Չեմ կարծում, որ պատանդներին ազատելու բոլոր միջոցները կատարված էին», - ասաց նա: - «Սա սովորական պետական բռի քաղաքականություն էր, եւ ես բացարձակապես չեմ արդարացնում»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG