Մատչելիության հղումներ

Քննարկվեցին Հայաստանի արտաքին առեւտրի հեռանկարները


Հայաստանի արտաքին առեւտրի ծանրության կենտրոնը ԱՊՀ երկրներից եւ Իրանից տեղաշարժվում է դեպի Եվրամիության զարգացած երկրների շուկաներ։ Այս փաստը փորձագետների շրջանում տարակարծությունների ու հաճախ տրամագծորեն հակադիր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր կազմակերպված սեմինարում հնչած կարծիքները հենց այս ենթատեքստում բախվեցին։

Հիմնական զեկուցող՝ վիճակագրական գերատեսչության նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանովն ասաց, թե անդրկովկասյան երկրների եռյակը առանձին-առանձին տնտեսական գլոբալացման գործընթացներում իրենից ոչինչ չի ներկայացնում ու միայն ինտեգրվելով միմյանց, ինչպես նաեւ տարածաշրջանի խոշոր երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի եւ Իրանի շուկաներին, կկարողանա տնտեսական զարգացման խնդիրներ լուծել։

«Իսկ այն փաստը, որ Հայաստանի արտաքին առեւտրում Եվրոպական միության երկրները եւ Թուրքիան սկսել են գերազանցություն ստանալ ԱՊՀ երկրների եւ Պարսկաստանի նկատմամբ, խոսում է դրական տնտեսական տեղաշարժերի մասին», - պնդեց նախկին նախարարը՝ հայկական ապրանքների արտահանման վերաբերյալ էլ ասելով. - «Դրանց մեջ գերակշռում են ադամանդն ու ոսկերչական իրերը, ինչը ամենեւին չի խոսում տնտեսության առաջադիմական ու մրցունակ կառուցվածքի մասին»։

Մյուս կողմից, այս տեղաշարժերի մեջ Աղաջանովը մտահոգիչ երանգներ նույնպես տեսնում է. տարբեր փորձագիտական գնահատումներով, Թուրքիայի հետ սահմանի փակ լինելու, միջնորդավորված առեւտրի հետեւանքով Հայաստանը տարեկան կորցնում է 300-500 միլիոն դոլար: Եվ այդուհանդերձ, նա գտնում է, որ եթե, ենթադրենք, վաղը սահմանները բացվեն, Հայաստանը պատրաստ չէ այդ վնասները վերածել օգուտների:

«Այս կառուցվածքի դեպքում մենք դժվար թե կարողանանք մրցակցել Թուրքիայի որակյալ եւ էժան ապրանքների հետ: Իսկ մենք, ցավոք սրտի, չենք նախապատրաստվում դրան», - ասաց Աղաջանովը:

Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, բնականաբար, համաձայն չէր Էդուարդ Աղաջանովի պնդումներին, թե Հայաստանի առեւտուրը Իրանի հետ նվազել է, եւ վերակողմնորոշումը դեպի Եվրահամայնք եւ Թուրքիա խոսում է դրական տեղաշարժերի մասին:

«Պարոն Աղաջանովի ներկայացրած թվերը չպետք է իբրեւ բացարձակ վարկած ընդունել. դրանք, սակայն, կարելի է քննարկել: Իմ անձնական տպավորությամբ, Հայաստանի հետ մեր տնտեսական կապերի մեջ այդպիսի մեծ փոփոխություն չկա», - ասաց պարոն Քոլեյնին՝ այնուհետեւ ակնարկելով, թե կովկասյան երկրները, այդ թվում եւ Հայաստանը ինչքան էլ զարգանան, միեւնույն է չեն կարող սպառողական ապրանքներ վաճառել եվրոպական շուկաներում։ Դեսպանի տպավորությամբ, ընդհակառակը, այս տարվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը ընդլայնվել է: Միայն 6 ամսվա ընթացքում հայ-իրանական սահմանը հատել է 14 հազար բեռնատար մեքենա, ինչը գերազանցոււմ է ողջ նախորդ տարվա ցուցանիշը:

«Երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ այժմ ծավալվում է հատկապես էլեկտրաէներգետիկայի բնագավառում, եւ հուսով ենք «Գազպրոմ» ընկերության կողմից ցուցաբերված ճկունության արդյունքում նաեւ գազի բնագավառում մենք արդյունքներ կունենանք», - իր խոսքին հավելեց դեսպան Քոլեյնին։ Նրա համոզմամբ, տարածաշրջանային տնտեսական համագործակցության առանցքը էներգետիկ ծրագրերն են, որոնց մեջ Իրանը լուրջ գործոն է։

«Մենք այսօր տեսնում ենք, որ առավել քան երբեւէ ձեռք է բերվել փոխհամաձայնություն Իրանի, Ռուսաստանի եւ Եվրահամայնքի միջեւ: Մենք նկատում ենք , թե ինչպիսի ուժ կունենա եվրոն առաջիկա 20 տարիների ընթացքում Ռուսաստանում եւ Իրանի տնտեսության մեջ: Ուղղվածությունը հետզհետե կմիտվի դեպի եվրոն, ուստի տնտեսական ինտեգրացման համար շատ հիմնարար է ֆինանսական աղբյուրների հայթհայթումը», - իր երկրի տեսակետը շարադրեց դեսպան Քոլեյնին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG