Մատչելիության հղումներ

Նախարարն առաջարկում է ինտերնետային հեռախոսակապի խնդիրը կարգավորել պայմանագրով


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության խորհուրդը փորձում է հաշտության եզրեր գտնել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենատեր «ԱրմենՏել»-ի եւ ինտերնետային կապի մատակարար ընկերությունների միջեւ: Խորհրդի այսօրվա նիստում խնդրի լուծման հերթական առաջարկն արեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

«ԱրմենՏել»-ը ինտերնետային կապի մատակարարներին մեղադրում է ինտերնետ ծառայության անվան տակ հեռախոսային խոսակցությունների թրաֆիկները գողանալու ու այդ կերպ իրեն օրինական շահույթներից զրկելու մեջ: Մատակարարներն էլ մեղադրում են կապի մենատիրոջը պետության տված լիցենզիայի հիման վրա իրենց օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ տրամադրած կապի ցածր որակի համար։

«Այ-Փի տելեֆոնիայի խնդիրը լուծվելու է միմիայն պայմանագրային հիմունքներով, որովհետեւ ցանկացած օպերատորի առկայության դեպքում այդ խնդիրը լինելու է, եւ օպերատորին երբեք ձեռք չի տալու, որ առանց պայմանագրի Այ-Փի տելեֆոնիա կատարվի», - այսօրվա նիստում արած իր առաջարկությունը լրագրողներին փոխանցեց Անդրանիկ Մանուկյանը:

Այսինքն՝ տվյալ դեպքում անհնար է հարցը կարգավորել «ԱրմենՏել»-ին բացառիկ մենաշնորհ վերապահող թիվ 60 լիցենզիայի հիման վրա, քանի որ դրանով սովորական հեռախոսակապը սահմանազատված չէ Այ-Փի, այսինքն՝ ինտերնետ-հեռախոսակապից։ Հակառակ դեպքում, կապի նախարարի համոզմամբ, «ԱրմենՏել»-ին պետք է զրկել մենաշնորհից։

Մինչդեռ, ըստ նախարարի, «ԱրմենՏել»-ը՝ անջատելով անօրինականորեն ինտերնետ-հեռախոսակապ մատակարարող ընկերությունների կապը, ապացուցել է, որ վերջիններս կապի մենատիրոջից շուրջ 7 միլիոն րոպե հեռախոսային թրաֆիկ են գողանում։ «ԱրմենՏել»-ը նաեւ փաստարկում է, թե իր ներքին ցանցերի օգտագործման 1 րոպեի դիմաց ինտերնետ մատակարարները վճարում են ընդամենը 4 դրամ, մինչդեռ, այդ ծառայության միայն ինքնարժեքը շուրջ 7 դրամ է։

Ինչ վերաբերում է բուն ինտերնետ կապի ցածր որակին, ապա, նախարար Մանուկյանի համոզմամբ, դրա պատճառը կապի ցածր որակն է:

«Եթե «ԱրմենՏել»-ը հայտարարել է, որ կատարել է 127 մլն դոլարի ներդրում, ապա ես պնդում եմ, որ եթե այդքան ներդրում կատարվեր Հայաստանում, ապա այսօր կապի որակը կլիներ ավելի բարձր, քան Հունաստանում», - ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Անդրանիկ Մանուկյանը չհաստատեց տեղեկությունները, թե «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենը կապի համակարգում ստեղծած շիլաշփոթի պատճառով պաշտոնանկ է արվել՝ ասելով, որ պաշտոնական որեւէ տեղեկություն այդ առնչությամբ չի ստացել:

Ինտերնետի ոլորտում աշխատող գործարարների հավաստմամբ, «ԱրմենՏել»-ի տրամադրած ինտերնետ կապի բարձր սակագնի պատճառով Հայաստանը այս բնագավառում ԱՊՀ երկրների մեջ վերջին տեղերում է: Շուկայում աշխատող ամենախոշոր ենթամատակարարներից մեկի՝ «ՎԵԲ» ընկերության տնօրեն Կոլյա Հովհաննիսյանի մատուցմամբ, թեեւ ինտերնետի մեկ ժամի օգտագործման միջին սակագինը վերջնական սպառողի համար Հայաստանում եւ, ասենք, Մոսկվայում գրեթե նույնն է (մոտ 0,5 ԱՄՆ դոլար), սակայն, ինտերնետային կապուղիների գնման սակագինը հայաստանյան մատակարարների համար 2-3 անգամ բարձր է։ Պատճառը, անշուշտ, «ԱրմենՏել»-ի մենաշնորհն է:

Ինտերնետ ծառայություն մատուցող ամենախոշոր ընկերության՝ «Արմինկո»-ի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ, այսօր Հայաստանում գրանցված շուրջ 7 տասնյակ ընկերությունների սոսկ 10-15 տոկոսն է մաքուր ինտերնետ ծառայություն տրամադրում, մյուսները զբաղված են «ԱրմենՏել»-ի հաշվին հեռախոսակապի բիզնեսով:

«Եթե կա շուկայում դրա պահանջարկը, թող ինչ-որ որոշում կայացնեն՝ Այ-Փի հեռախոս պե՞տք է, թե՞ պետք չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալեքսանյանը:

Այ-Փի միջազգային հեռախոսակապն անշուշտ պետք է, քանի որ 2-3 անգամ ավելի էժան է, ու ձեռնտու է հայաստանյան անվճարունակ բաժանորդին: Սակայն, հարց է, թե տրանսպորտի եւ կապի նախարարի առաջարկին ինչպես կարձագանքի կապի մենատերը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG