Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի արժեվորմամբ, վերջին ընտրությունները վկայեցին, որ այսօր անհամեմատ մեծացել է սեփական ձայնը գնահատելու, պատասխանատվությունը այս կամ այն անձին, ուժին վստահելու գիտակցությունը: Այստեղ, ինչպես եւ մի շարք այլ թերթերում առանձնացվողը ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) հաղթարշավն է: «Հանրապետական կուսակցությունը այս ընտրություններով ինչպես ինքն իրեն, այնպես էլ քաղաքական դաշտի մյուս ուժերի համար բացահայտեց իր իրական ներուժը՝ միաժամանակ լուրջ հայտ ներկայացնելով առաջիկա նախագահական ու հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ», - ընդգծում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը: Այս թերթի ամփոփումներով, փաստվեց, որ ինչպես հասարակությունը, այնպես էլ իշխանությունը ի վիճակի են համապետական ընտրական գործընթացները անցկացնել հանգիստ, արժանապատիվ ձեւով. - «Ընտրությունները ցույց տվեցին, որ խորապես սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մեր ժողովուրդը լիովին անտարբեր է դարձել քաղաքական պայքարի հանդեպ եւ չի հավատում, որ այդ ճանապարհով հնարավոր է փոխել իրավիճակը»: Միեւնույն ժամանակ, սակայն, չի մոռացվում մեկ վերապահում. ընդդիմությունն այս ընտրություններին գրեթե չէր մասնակցում, եւ հաջորդ ընտրապայքարները անհամեմատ լարված են լինելու:

Որպես փաստացի արդյունք, «Օրրան»-ի մեկնաբանը եւս արձանագրում է Հանրապետական կուսակցության առաջընթացը՝ նախագահի կողմից վերջինիս հետագա մեծամասնական-կառավարական պահանջմունքների բավարարման անխուսափելիությամբ: Բայց այս ընտրություններին տրվող բուն գնահատականը «Օրրան»-ում հետեւյալն է. - «Քանի դեռ կա շահ ու գերի, ստրուկ ու տեր, չի լինելու Հայաստանում ոչ նորմալ ընտրություն եւ ոչ էլ կառավարում, այն էլ՝ ինքնա. լինելու է հրահանգ, նշանակում, բազար՝ վասն ինքնապահպանման»:

«Օր» թերթի խտացմամբ, մեծ կեղծիքի արմատը Ընտրական օրենսգրքում է, որը համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի թեկնածուներին իրավունք, հնարավորություն է տալիս ընտրվել՝ ընտրություններին տվյալ տարածքի ընտրողներից թեկուզ, ասենք, 10-ի մասնակցության դեպքում: Մինչդեռ, եթե ժողովրդավարության տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա որեւէ թեկնածու ընտրված պետք է համարվեր միայն տվյալ տարածքի ընտրողների կեսից ավելիի քվեն ստանալու դեպքում: «Օր»-ը արձանագրել է, թե այս ընտրությունների արդյունքները կանխորոշված էին, իսկ ժողովուրդը, ըստ էության, հերթական անգամ պարտվեց: Բնավ լավատեսական չէ եւ «Առավոտ» թերթի ամփոփումը, ըստ որի, ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, նախագահական ընտրությունների համար իբրեւ փորձաքար լինելով, ապացուցեցին, որ առաջիկա «նախագահականը» ճիշտ այս եւ ավելի բիրտ մեթոդներով է անցկացվելու: «Սա օրինակ պետք է լինի ընդդիմության համար՝ իր գլխի ճարը արդեն այսօր տեսնելու համար», - հուշում է մեկնաբանը:

«Արյունահեղության բացակայությունն ամենեւին էլ չի նշանակում, որ ընտրությունները ազատ ու արդար էին», - իր հերթին գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Շատ տեղերում կանխորոշիչ էր նորին մեծություն ընտրակաշառքը եւ ոմանք ընտրությունների վրա ծախսել են հարյուր հազարավոր դոլարներ»: «Իրավունք»-ի անդրադարձում էլ առավել ուշադրություն է սեւեռված հետեւյալին. «Առաջիկա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը ստիպված է լինելու հաշվի նստել ՀՀԿ-ի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ եւ ավելին՝ չի կարողանալու շրջանցել նրանց, քանի որ, հակառակ դեպքում, տեղերում կզրկվի վարչական հնարավորությունների չափազանց շոշափելի մասից»: «Փաստորեն, Անդրանիկ Մարգարյանին հաջողվեց այնքան ամրապնդել իր դիրքերը, որ Ռոբերտ Քոչարյանի համար դարձել է գրեթե անփոխարինելի», - գնահատվում է «Իրավունք»-ում: - «Երկուսուկես տարվա հետեւողական աշխատանքի շնորհիվ Անդրանիկ Մարգարյանին հաջողվել է ՀՀԿ-ին օժտել «նախագահ սարքող» կուսակցության կարգավիճակով, ինչի հետ պետք է հաշվի նստի ցանկացած ոք, ով ձգտում է գալ իշխանության»: Այս ֆոնի վրա «Իրավունք»-ում ենթադրվում է նաեւ, որ ներկայիս մյուս իշխանամետները, ասենք՝ Դաշնակցությունը, «Օրինաց երկիր»-ը, արեւի տակ տեղ պահպանելու համար կտեղաշարժվեն դեպի ընդդիմադիր դաշտ:

«2000 թվականի գարնանը Քոչարյանը չէր էլ կարող ենթադրել, որ ինքը հայտնվելու է այնպիսի վիճակում, որ իր նախագահ լինելու հարցը էականորեն պայմանավորվելու է Անդրանիկ Մարգարյանով», - գրում է այսօր «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը: Վարչապետի պաշտոնում մնալու հարցում վերջինս հիմա հանգիստ է, ու այս ընտրություններից հետո Հայաստանի նախագահ դառնալու գաղափարն էլ նրան այլեւս օտարոտի եւ չափազանցված չի թվալու: «Եթե «Չոռնի Գագոյին» հնարավոր եղավ Կենտրոնում թաղապետ դարձնել, ո՞վ ասաց, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հնարավոր չէ դարձնել նախագահ», - համադրված է «Հայկական ժամանակ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG