Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ի կոմերցիոն եւ գործադիր տնօրենները հեռացվել են աշխատանքից





Վերջին օրերին հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասի հավանական պաշտոնանկության վերաբերյալ: Չի բացառվում, որ պաշտոնանկության հավանական պատճառը բջջային կապի քարտերի («Easy Card») շուրջ «ԱրմենՏել»-ում ստեղծված լարված իրավիճակն է:

Հայտնի է, որ վաճառքի հանված 25 հազար Easy Card-երից շուրջ 10 հազարն է միայն ակտիվացված: Կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել «ԱրմենՏել»-ի գործադիր, կոմերցիոն եւ տեխնիկական տնօրենների միջեւ, ինչի արդյունքում վերջիններս՝ Վասիլիս Կապսիսն ու Անդրեաս Վորվոլակուսը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:

Դեռ օգոստոսի 20-ին ձեռնարկության տնօրենների խորհդի նիստում գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը խոստացել էր մինչեւ տարեվերջ կառուցել բջջային կապի նոր, ավելի հզոր կայան: Սակայն պարտավորություններն ու խոստումներն այդպես էլ մնացին անկատար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, գործադիր տնօրենը պատճառաբանում է, թե եվրոպական շուկայում կապի համակարգը ֆինանսական ծանր վիճակում է, այդ պատճառով էլ մատակարարող ընկերությունները չեն կարողացել անհրաժեշտ բոլոր սարքավորումները տրամադրել՝ թեեւ պահանջվող գումարը վճարված է: Այդ մատակարարող ընկերությունները, ի դեպ, հիմնականում հունական են: «ԱրմենՏել»-ի տնօրինությունն էլ իրենց պարտավորությունները չկատարած մատակարարների նկատմամբ տույժ եւ տուգանքի պահանջ չի ներկայացնում:

«ԱրմենՏել»-ին մոտ կանգնած «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների վկայությամբ, ովքեր գերադասեցին չհրապարակել իրենց անունները, ընկերության գործադիր տնօրեն Գեորգուլասի աշխատանքից դժգոհ է նաեւ հունական OTE ընկերությունը, որի մասնաճյուղն է «ԱրմենՏել»-ը: Ֆինանսական եւ այլ խախտումների ու չարաշահումների վերաբերյալ ահազանգներ են եղել, ինչը պարզելու նպատակով, OTE-ն մտադիր է ներքին աուդիտ ուղարկել՝ ստուգելու «Արմենտել»-ի գործունեությունը: Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, ձեռնարկությունում չպատճառաբանված եւ ոչ նպատակային ծախսեր են կատարվում, այդ թվում՝ ներկայացուցչական եւ խորհրդատվական:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենը լուրջ հակասություններ ունի նաեւ Հայաստանում ինտերնետային կապ տրամադրող խոշոր մատակարարների հետ: Միայն մեկ տարվա ընթացքում մատակարարների հայցերով շուրջ 30 դատական գործ է քննվել: «ԱրմենՏել»-ը հիմնականում պարտվում է, բայց շարունակում է խոչընդոտել ինտերնետային կապի մատակարարների գործունեությունը՝ անջատելով այս կամ այն ընկերության կապը:

Ձեռնարկությունը մատակարարներին մեղադրում է թրաֆիկներ գողանալու, ինտերնետի միջոցով հեռախոսային ծառայություն մատուցելու մեջ: Մատակարարները հերքում են՝ ասելով, թե իրենք պարտաճանաչ կերպով կատարում են բոլոր վճարումները, նաեւ պատճառաբանելով, որ գործունեությունն իրականացնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից ստացած արտոնագրի համաձայն:

Մի բան պարզ է, որ ինտերնետի միջոցով հեռախոսային կապը մուտք գործել է հանրապետություն, ուստի դրա դեմ ոչ բռնի ուժով հնարավոր չէ պայքարել: Այսօր, սակայն, իրավական սահմանում չկա ինտերնետի ծառայության այդ տեսակի վերաբերյալ, հստակեցված չէ, թե այն որքանով է հակասում թիվ 60 արտոնագրի դրույթներին:

Առաջացած խնդիրների քննարկման նպատակով հոկտեմբերի 16-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ինտերնետային կապի խոշոր մատակարարներ, ոլորտի մասնագետներ, կապի նախարարն ու փոխնախարարը: Մատակարարները դժգոհել են իրենց նկատմամբ «ԱրմենՏել»-ի ցուցաբերած կամայական եւ քմահաճ վերաբերմունքից: Խորհրդակցությանը մասնակիցներից «Հայ համակարգիչ» կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանի խոսքերով, իրենք ուզւոմ են, որ ոլորտի վերահսկողության համար պատասխանատու կառավարական օղակները իրականացնեն իրենց գործառույթները:

Խորհրդակցության ժամանակ, մինչդեռ, կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը մատակարարներին մեղադրել է գողության մեջ: «Իրենք գող են», - Վահրամ Մխիթարյանի փոխանցմամբ, ասել է Անդրանիկ Մանուկյանը: - «Թող գնան դատարանում ապացուցեն, որ գող չեն»:

Վահրամ Մխիթարյանի կարծիքով, սակայն, մեղավորը «ԱրմենՏել»-ն է: «Այս ոլորտի ապագան գողացել է «ԱրմենՏել»-ը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մխիթարյանը: - «Իր [«ԱրմենՏել»-ի] հետ միասին գողացել է նախարարությունը, որը դատավարություններում նստած է «ԱրմենՏել»-ի կողքին»:

Հարցի առնչությամբ հրաժարվեց մեկնաբանություններ տալ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ պատճառաբանելով, որ այդ խնդրով ինքը չի զբաղվում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG