Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Բորիս Ելցինի հայտարարությունից հետո, ինչպես փոխանցում են «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը, ՀՀՇ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ասել է. - «Ես այժմ էլ վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու»: Ընդհանուր առմամբ, Ելցինի հայտարարությունը լուրջ աժիոտաժ է առաջացրել քաղաքական դաշտում, եւ գրեթե բոլորը հրաժարվում են մեկնաբանություններից», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած որոշ գործիչներ վստահ են, որ սա Ելցինի անհիմն, անտեղի հայտարարությունների շարքից է: «Ելցինն արեց իր գործը» վերնագրի տակ, սակայն, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն ընդգծում է. - «Անկախ նրանից՝ Տեր-Պետրոսյանը այդպես միանշանակ հայտնե՞լ է իր դիրքորոշումը Ելցինին, թե՞ ոչ, վերջինիս հայտարարությունը արդեն իսկ ճշգրտում է ռուսական վերնախավի դիրքորոշումը Հայաստանում տեղի ունենալիք առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ: Ռուսաստանի համար ամենացանկալի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է... Քոչարյանի համար ավելի օգտակար հայտարարություն առաջիկայում դժվար թե հնչի»:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր նաեւ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի արձագանքն է բերված այն պնդումների կապակցությամբ, թե Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը փորձել է ամեն կերպ խոչընդոտել Ելցին - Տեր-Պետրոսյան հանդիպումը: «Հայաստանյան մամուլում հրապարակվող վերլուծությունների կամ վերլուծության հավակնող գրվածքների անթույլատրելիորեն մեծ մի մաս հիմնվում է կա'մ իրականության հետ կապ չունեցող բամբասանքների, կա'մ տեղեկատվության պակասի, կա'մ էլ ակնհայտ դիտավորության վրա կառուցված ապատեղեկատվության վրա», - գնահատել է նախագահի մամուլի քարտուղարը: Մյուս կողմից, «Առավոտ»-ի խմբագիրն էլ այսօր համադրելով հարց է դնում՝ ինչո՞ւ Ելցինի՝ որպես առաջին նախագահի, հանդեպ այդպես ակնածանքով լցված մեր պաշտոնական քարոզչությունը եւ իշխանական թեւը ներկայացնող քաղաքական գործիչները նույն պետական մոտեցումը չեն դրսեւորում Հայաստանի առաջին նախագահի հանդեպ: Հակառակը՝ հինգ տարի շարունակ կատաղի ձեւով վայրահաչում են նրա հասցեին: «Հակված եմ ենթադրելու, որ այդ ամենը գալիս է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքից», - գրում է խմբագիրը:

«Իրավունք» թերթի դիտարկմամբ, փաստորեն, ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ. արեւմտյան վարկերով սնվող Հայաստանում արեւմտամետ լինելը մի տեսակ թերություն է դարձել... Ընտրությունների վրա ներազդելու ամենաարդյունավետ ձեւը ռուսամետ դաշտում խաղեր տալն է, եւ անգամ արեւմտամետ ներգործություն իրականացնելու համար օգտագործում են Ռուսաստանի արեւմտամետ շրջանակները»: «Բայց կա մի ոլորտ, որն էապես ազդելու է ներքաղաքական կյանքի վրա, սակայն ոչ մի կերպ չի առնչվում արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ», - առանձնացված է «Իրավունք»-ում: - «Խոսքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին է: Առանձնահատկությունն այն է, որ մեծամասամբ դրանք ապաքաղաքականացված բնույթ են կրում, ամենուրեք գերիշխում են քրեականացված կամ շահամոլ տարրերը, եւ նախագահը ցանկություն չունի առանձնապես միջամտելու՝ համոզված լինելով, որ վարկաբեկիչ անցյալ ունեցող ցանկացած համայնքապետի հնարավոր է հեշտությամբ ստիպել ծառայել նախագահին»: Ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ում ուրվագծվում է. «Հոկտեմբերի 20-ից հետո կտրուկ աճելու է այն մարդկանց ու ուժերի թիվը, ովքեր հիասթափվելու են հանրապետության նախագահից... Ըստ էության, իշխանական եւ իշխանամետ շրջանակներում կարծես թե արդեն հոգեբանորեն նախապատրաստվում են, այսպես կոչված, առնետավազքին»:

«Հայկական ժամանակ» թերթը ուշադրություն է սեւեռում, որ թեեւ օրերս նախագահ Քոչարյանը հայտարարեց, թե իշխանության ներկայացուցիչներին արգելվում է որեւէ թեկնածուի օգնել, քարոզարշավին մասնակից լինել, իր եւ Գյումրիի քաղաքապետի երեկվա հանդիպումից հետո նախագահի լրատվականը հաղորդագրություն տարածեց, որ զրուցակիցները քննարկել են քաղաքի զարգացման հեռանկարը եւ այդ համատեքստում՝ հաջորդ տարվա ընթացքում Գյումրիում իրականացվելիք ծրագրերը: «Սա այն դեպքում, երբ ընդամենը երկու օրից Գյումրիում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, եւ, ըստ ՀՀ օրենսդրության, գյումրեցի ընտրողները պետք է որոշեն, թե ով պիտի իրականացնի «հաջորդ տարվա» ծրագրերը», - շեշտադրել է «Հայկական ժամանակ»-ը՝ բխեցնելով. - «Սա ոչ այլ ինչ է, քան Ղուկասյանին ամեն գնով քաղաքապետ դարձնելու վերաբերյալ Շիրակի մարզի իշխանական օղակներին ուղղված հրահանգ»:

Մեղմ ասած՝ խորին հեգնանքի սահմանին է «Ազգ» թերթը արձագանքել ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցության) եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի պարզաբանմանը, որ իրենք մերժել են մասնակցել Ռամկավարների համագումարին, քանզի ՀՌԱԿ-ը եւ նրա ստեղծած «Ազգ»-ը բացահայտ անբարյացակամ վերաբերմունք ունեն ՀՀԿ-ի նկատմամբ. - «Տիգրան Թորոսյանը ճիշտ է արել՝ անձամբ չմասնակցելով ՀՌԱԿ համագումարին։ Խակամադան, տեսնելով իր հայ կոլեգայի՝ 19-րդ դարի սոցիալիստ հեղափոխականի դեմքը, մանավանդ լսելով դավադիր բունդավշչիկի ձայնը եւ դիտելով կազմվածքը, մեր մասին վատ բաներ կմտածեր... ՀՀԿ-ի մյուս ինտելեկտուալի՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ եւս «Ազգ»-ը չունի անբարյացակամ վերաբերմունք։ Առայժմ մենք անհաջող փորձում ենք ընկալել Նորին գերազանցության ելույթները, սերտում հայերենի հնչյունաբանական կառուցվածքը։ Փորձ ենք անում սովորելու սպիտակ վերնաշապիկ հագնելու եւ փողկապ կապելու նորագույն ձեւերը... ՀՀԿ-ի մյուս ինտելեկտուալի՝ Գալուստ Սահակյանի գործունեությանը եւս քիչ տեղ ենք հատկացնում, հաշվի առնելով գլխավոր երկու պատճառները. պրն Սահակյանի ասածներից ընթերցողը բան չի հասկանում, երկրորդ՝ խմբակցության ղեկավարի՝ երթուղային տաքսիների գիծ նայելու սովորության մասին շատ է գրվում, հետեւաբար՝ այդ մասին չգրելով մենք փաստորեն հանդես ենք գալիս ի շահ ՀՀԿ-ի», - շարադրել է «Ազգ» թերթը։

«Աշնան կեսին ենք, եւ թեժացման հեռանկարներ չկան», - «Օրրան»-ի հարցազրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը՝ նաեւ բացելով. - «Ես մեկ ամսից ավելի է՝ չեմ մասնակցում 16-ի ֆորմատի հանդիպումներին եւ ի սկզբանե էլ ունեցել եմ որոշակի վերապահումներ... Միավորման արագ արձանագրումը եի միասնական ծրագրով հանդես գալու խնդիրը որոշակի ֆալշ-ստարտի էֆեկտ ունեցավ, որովհետեւ, կարծես թե, արժեզրկվեց քաղաքական ուժերի համախմբման գաղափարը»: «Ես ունեմ որոշակի մտահոգություն, որ ընդդիմության արագ համախմբման գաղափարն այլ շրջանակներից ներդրվեց եւ խնդիր ուներ որոշակի գործընթացներով հեղինակազրկել միավորման ուժերին», - նշում է Ալբերտ Բազեյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG