Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերի միտքն այսօր հիմնականում պտտվում է ռուսաստանյան գործիչների այցերի նպատակի որոնումներում: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, այս այցերը որեւէ կերպ հնարավոր չէ պատահականություն համարել, եւ ռուսաստանյան յուրաքանչյուր գործիչ այստեղ իրականացնում է իր գործառույթը: «Նախընտրական խմորումների այս շրջանում նման շքերթը առնվազն ցույց է տալիս, որ նախագահական առաջիկա ընտրությունների ելքը այնքան էլ կանխատեսելի չէ», - նշում է մեկնաբանը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի,
գործող իշխանությունները ոչ միայն ինտրիգներով ու կուլիսային խաղերով են փորձել խանգարել Ռուսաստանի եւ Հայաստանի առաջին նախագահների հանդիպմանը, այլեւ դրան ուղղված բաց գործողությունների են դիմել: «Մասնավորապես, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը զանգահարել է ՀՀՇ-ին մոտ կանգնած մի քաղաքացու եւ ասել, որ Հայաստանի իշխանությունները կարծում են, թե լավ կլինի, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվի հանդիպումից եւ դա պատճառաբանվի նրանով, որ առաջին նախագահը Հայաստանում չէ: Հետո էլ նախագահականում որոշվել է Ելցինի այցելության՝ այնպես էլ խիտ ծրագիրը ավելի խտացնել, որպեսզի նա Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու ժամանակ չունենա կամ էլ մոռանա նման հանդիպման մասին»: «Օր» թերթի մեկնաբանը չի բացառում, որ այս դեպքում էլ Ելցինը, ինչպես երբեմն պատահում է, Պուտինի խնդրանքով հանդիպում է ունեցել իր նախկին գործընկերներից մեկի հետ՝ շոշափելու համար որոշ հարցեր: Տվյալ դեպքում՝ պարզելու Տեր-Պետրոսյանի՝ նախագահ առաջադրվելու հավանականությունը: «Ներկայիս Ռուսաստանի ղեկավարությանը, անկասկած, ձեռնտու է Հայաստանի ներկա իշխանությունների դիրքը», - այս առումով ընդգծում է մեկնաբանը՝ ավելացնելով նաեւ, որ որպես առանձին, ինքնուրույն գործոն, Ելցինի ազդեցությունը Ռուսաստանում մնում է դեռեւս մեծ, բայց այնքան էլ որոշիչ չէ, ինչպես փորձում են ներկայացնել հայկական որոշ զանգվածային լրատվամիջոցներ:

«Ազգ» թերթի մատուցմամբ, առողջ տրամաբանության սահմաններում Ելցինն ու Տեր-Պետրոսյանը «խորհրդավոր» ընթրիքի ընթացքում լրջորեն չէին կարող քննարկել առաջիկա ընտրություններում իրենց՝ նախագահ վերընտրվելու հնարավորությունները։ «Հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի համար 2003 թ. ընտրություններին մասնակցելու հարցն ուղղակի անհամություն է, ինչին, ի դեպ, Հայաստանի առաջին նախագահը երեւի թե չի կասկածում», - գրում է մեկնաբանը՝ ի վերջո բխեցնելով. - «Անուղղակիորեն ընտրություններին մասնակցելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ուրվականը, ավելի պարզ՝ ոչ վաղ անցյալն ու ներկան են ճակատամարտ տալու, իսկ ջրբաժան ընտրվելու է 1998 թվականը»։

«Մի' մեղադրեք Խակամադային. նա պարզապես վատ շրջապատ է ընկել» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը դրվագներ է ներկայացնում՝ ապացուցելու, որ Ռամկավարների համագումարին եկած Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակը ընդհանրապես տեղյակ չէ հայաստանյան իրականությանը. «Տպավորությունն այնպիսին էր, թե Խակամադային համոզել են, որ ինքը ելույթ է ունենում 90-ականների սկզբին ամենացավոտ ու ոչ պոպուլյար ռեֆորմների ծանրությունը իր ուսերին կրած կուսակցության համագումարում... Նա չգիտի, որ ՀՌԱԿ-ի «դուխը» բավարարում է միայն նախկին իշխանություններին քննադատելու ու հայհոյելու համար, ՀՌԱԿ-ի միակ գործունեությունը գործող իշխանություններին քծնելն է»:

Ռուսաստանյան մեկ այլ հյուր՝ Նիկոլայ Ռիժկովը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ելցինը Հայաստանի նախագահական ընտրությունների վրա ուղղակի ազդել չի կարող. «Նա կարող է պարզապես ցույց տալ, որ լավ է վերաբերում Քոչարյանին, սակայն ասել, որ նա հայկական ինչ-որ ուժեր առաջ կքաշի, որպեսզի վերջիններս հանդես գան հօգուտ Քոչարյանի, չեմ կարծում: Ասել, թե նա եկել է ինչ-որ մեկին «սեղմելու», ոչ այդպես չեմ կարծում»: Նիկոլայ Ռիժկովը հարցազրույցում ասում է, որ հայաստանյան ընդդիմության մասին ոչինչ չգիտի, ճանաչում է միայն Ստեփան Դեմիրճյանին, լավ կարծիքի է:

«Ավելի մեծ զավեշտ, քան «Սոցիալիստական Հայաստան»-ի որոշումն էր՝ Գառնիկ Մարգարյանին միասնական թեկնածու ընտրելու վերաբերյալ, դժվար է պատկերացնել: «16»-ի միավորման մեջ պայթեց ոչ թե մեկ, այլ միանգամից վեց ական», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է «16»-ի միավորման անդամ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը: - «Ընդդիմության միասնական թեկնածու է ընտրվում ՀՅԴ ծպտյալ անդամը, որի կուսակցությունը՝ «Հայրենիք եւ պատիվ»-ը, ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ ֆիլիալը՝ ընդդիմադիր դաշտում»: Մյուս կողմից, թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է «Ազգային միաբանություն»-ը վերաբերում Գառնիկ Մարգարյանին՝ «Սոցիալիստական Հայաստան» միավորման կողմից նախագահի միասնական թեկնածու ընտրելու փաստին, կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ կարող էր ավելի արժանավոր ներկայացնել սոցուժերին, եթե ոչ Գառնիկ Մարգարյանը: Ընտրությունը կատարված է ճիշտ, տեղին եւ ժամանակին»:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը «Հայոց Աշխարհ» թերթի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ իր հրաժարականը պայմանավորված է միմիայն անձնական, ընտանեկան հանգամանքներով, եւ անհիմն են մեկնաբանությունները, թե իբր դա ինչ-ինչ փոփոխություններ է ենթադրում հիմնախնդրի կարգավորման հարցում ԼՂՀ դիրքորոշման մեջ: Նրա կարծիքով, ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հիմնախնդրով անմիջականորեն զբաղվելու շատ ժամանակ չեն ունենա: Հաշվի առնելով Ադրբեջանի ներքին իրավիճակը, դժվար է պատկերացնել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում որեւէ զարգացում կարող է լինել: Ուշագրավ է «Օրրան» թերթում բերված Նաիրա Մելքումյանի պնդումը, թե ԼՂՀ արտգործնախարարը չի կարող Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար լինել: Ի՞նչ հիմքերով է սա ինքնըստինքյան պարզ դրույթ համարվում, եթե ԼՂՀ նախագահն անգամ կարող է դառնալ Հայաստանի վարչապետ, մնում է անհասկանալի:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG