Մատչելիության հղումներ

«Հայկական պղինձ ծրագիր» ընկերությունը ընդլայնում է գործունեության շրջանակները


Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայկական պղինձ ծրագիր» ընկերության գործադիր տնօրեն Վալերի Մեջլումյանը, ընկերությունը ընդլայնում է իր շրջանակները՝ ի հաշիվ Լեռնային Ղարաբաղում Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրի յուրացման:

«Հայկական պղինձ ծրագիր»-ը արդեն երկու ամիս է ինչ ներդրումներ է արել Սարսանգի ջրամբարի ափին գտնվող Դրմբոնի հանքի յուրացման մեջ ու հիմնել է «Բեյզ մեթըլս» դուստր ընկերությունը։ Վերջինս պատրաստվում է առաջիկա մի քանի տարիներին ներդնել շուրջ երեք միլիոն դոլար։

Ծրագրի հիմնական մասը վարկավորելու են ռուսաստանյան երկու բանկ, եւս 800 հազար դոլար ներդնելու են «Հայկական պղինձ» ընկերության բաժնետերերը։

«Հայկական պղինձ ծրագիր» ընկերությունը 15 տարվա ընդգրկում ունեցող մի հսկայական ծրագիր է իրականացնում, որի նպատակը, ըստ գործադիր տնօրեն Վալերի Մեջլումյանի, արդեն 2007 թվականին ռաֆինացված պղնձի տարեկան արտադրությունը Ալավերդու պղնձաձուլարանում մինչեւ 40 հազար տոննայի հասցնելն է: Ընդ որում՝ տեխնոլոգիան պետք է լիովին բավարարի բնապահպանական ժամանակակից չափանիշներին։

Ընկերությունը խնդիր է դրել վերամշակել ոչ միայն Հայաստանի հարավում եւ հյուսիսում արտադրվող պղնձի ողջ խտանյութը, այլեւ Հայաստանից ու տարածաշրջանի երկրներից հավաքված պղինձ պարունակող ողջ մետաղի ջարդոնը:

«Տեխնոլոգիան թույլ է տալիս վերամշակել նաեւ մինչեւ 10 հազար տոննա պղնձի ջարդոն, որը մենք ծրագրում ենք գնել ոչ միայն Հայաստանից, այլեւ մեր հարեւաններից, առաջին հերթին՝ Վրաստանից», - ասաց Մեժլումյանը:

Այս ամենը երկարաժամկետ լուրջ ներդրումներ է պահանջում. նախնական գնահատումներով՝ շուրջ 18 միլիոն դոլար։ Այդ գումարի մի մասը երկարաժամկետ վարկի ձեւով տրամադրելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը։ Մեջլումյանը այսօր տեղեկացրեց, թե բանկի հետ շուրջ երկու տարի տեւած բանակցություններն արդեն ավարտվել են, ու վարկային համաձայնագիրը կստորագրվի մեկ ամսվա ընթացքում։

«Հայկական պղինձ ծրագիր» ընկերությունը իր երկարաժամկետ ծրագրերը մշակելիս, հաշվի է առել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների մասնավորեցման հեռանկարը: Որոշ տեղեկություններով, Քաջարանի եւ Ագարակի կոմբինատները միասին գնահատվել են շուրջ 100 միլիոն դոլար։ Դրանց գնման հարցում ընդգծված շահագրգռություններ ունի Ռուսաստանի լեռնամետալուրգիական հսկան՝ «Նորիլսկի նիկել»-ը: Եթե հարավի լեռնահարստացման կոմբինատների ապագա սեփականատերը որոշի սեփական պղնձաձուլարան կառուցել, ապա «Հայկական պղինձ ծրագիր» ընկերությունը իր հումքի խնդիրը լուծելու է Հայաստանի հյուսիսի եւ Ղարաբաղի պղնձի հանքավայրերում հանույթի ընդլայնման հաշվին: Իսկ եթե սեփականաշնորհումից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակի արտադրել միայն պղնձի խտանյութ, ապա, ինչպես ասաց Մեժլումյանը, «կոմբինատի հետ երկարաժամկետ պայմանավորվածության հիման վրա, մենք կարող ենք հզորությունն ավելացնել եւ հասցնել 60 հազարի»:

Մինչդեռ ներկայումս ընկերությունը տարեկան արտադրում է ընդամենը 8000-9000 տոննա սեւ պղինձ, ինչն ամբողջությամբ արտահանում է։ Գնորդը գերմանական «Նորդդոյչե Աֆիների» հանրահայտ ընկերությունն է։ Վալերի Մեջլումյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք ծրագրում են նաեւ մաքուր պղնձի արտադրություն կազմակերպել ու դրա մի մասը վաճառել ներքին շուկայում, քանի որ դա ավելի ձեռնտու կլինի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG