Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ ՀՌԱԿ 11-րդ համագումարը


Հակառակ սպասումների, այսօր գումարված Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության 11-րդ համագումարը ձեռնպահ մնաց 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրելուց:

Համագումարի ընթացքից, մինչդեռ, միանգամայն այլ վերջաբան էր ենթադրվում: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, օրինակ, իր ծրագրային ելույթում հատուկ ընդգծեց, որ կուսակցությունը ամիսներ առաջ հայտարարել է 2003 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահին սատարելու իր որոշման մասին:

Առայժմ, ինչեւէ, Միրզախանյանի առաջարկությամբ համագումարը քվերակությամբ որոշեց ՀՌԱԿ նորընտիր վարչությանը հանձնարարել սահմանված ժամկետներում վերահաստատել նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու որոշումը:

«Հայաստանի Հանրապետության նախագահի առաջադրումները օրենսգրքով ենթադրում են որոշակի ժամանակահատված», - իր ելույթից հետո լրագրողներին ասաց Միրզախանյանը: - «Դա 40 օր է»:

Դիտորդները, սակայն, չեն բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը ձեռնպահ է մնում այս կամ այն կուսակցությանը արտոնել՝ հանդես գալ իր թեկնածության պաշտպանի, դրոշակակրի դերում: Դրա համար Քոչարյանը իրական պատճառներ, իրոք, ունի: ՀՌԱԿ համագումարին եկել էին գրեթե բոլոր իշխանամետ կուսակցությունների՝ Դաշնակցության, ԱԻՄ-ի, «Օրինաց Երկրի», «Արժանապատիվ ապագա»-յի, ներկայացուցիչները, ներկայացված չէր, սակայն, իշխանամետ խոշորագույն կուսակցությունը՝ ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցություն):

Ռուբեն Միրզախանյանի կարծիքով, հրավերներ ստացած վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը զբաղվածության պատճառով չէին եկել: Տիգրան Թորոսյանը, սակայն, այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ռամկավարների հրավերը չընդունելու պատճառն այլ է՝ ՀՌԱԿ-ը եւ նրա ստեղծած «Ազգ» թերթը բացահայտ անբարյացկամ վերաբերմունք ունեն ՀՀԿ-ի նկատմամբ:

Այսօրվա համագումարը ծանրացավ հիմնականում արտաքին քաղաքականության հարցերի վրա: Ռամկավարներին, օրինակ, դուր չի գալիս Միացյալ Նահանգների նախագահ Բուշի քաղաքականությունը Իրաքի նկատմամբ: Պատճառները մի քանիսն են. նախ, այդ երկիրը մոտ է մեզ, եւ ապա՝ պատերազմի դեպքում նավթի գները համաշխարհային շուկայում կբարձրանան, ինչը լավ հետեւանքներ չի ունենա Հայաստանի տնտեսության համար: Ուստի ռամկավարները դեմ են «պատերազմի շղթայազերծմանը»:

Արտաքին քաղաքականության գնահատականների շրջանակում Իրանն արժանացավ «Հայաստանի բարեկամ», իսկ Ռուսաստանը՝ «Հայաստանի մեծ բարեկամ» բնութագրումներին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG