Մատչելիության հղումներ

Ելցին - Տեր-Պետրոսյան հանդիպումը կայացավ


Երեքշաբթի երեկոյան ազգային անվտանգության նախարարության ընդունելությունների տանը, ուր հայաստանյան այցի ընթացքում ապրում են Բորիս եւ Նաինա Ելցինները, տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Հայաստանի նախկին նախագահների հանդիպումը: Հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Դժվար է ասել, թե ինչի մասին են զրուցել նախկին նախագահները: Շատ հնարավոր է, որ սա պարզապես քաղաքավարության այց է. չէ՞ որ պաշտոնավարման տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին նախագահները տարբեր առիթներով հանդիպումներ են ունեցել:

Այսօր ավելի վաղ Բորիս Ելցինին հյուրընկալել էր Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն ու Ռուսաստանի նախկին նախագահը զրուցել են խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրների շուրջ, անդրադարձել եկեղեցի-պետություն զարգացող հարաբերություններին։

Բորիս Ելցինին հետաքրքրում էին տարաբնույթ հարցեր՝ կապված հայ ժողովրդի հավատքի, հոգեւոր սպասավորների պատրաստման, հայ եկեղեցու եւ քրիստոնեական այլ հարանվանությունների փոխհարաբերությունների, աղանդավորության եւ այլ խնդիրների հետ։

«Ցավոք, այնպես է ստացվել, կարելի է ասել, իմ մեղքն է, որ առաջին անգամ եմ Հայաստանում եւ համայն հայության սրբավայրում։ Իմ կարծիքով, Հայաստանում եկեղեցին մեծ ուժ է»,- շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է Բորիս Ելցինը:


Հյուրերը այցելեցին նաեւ Վեհարանի թանգարան:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG