Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Գրող Գուրգեն Խանջյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. - «Չեմ բացառում, որ մեր ընտրյալներից շատերը կցանկանային ծառայել ժողովրդին: Սակայն ընդհանուր մթնոլորտն ու միջավայրն այնպիսին է, որ նույնիսկ այդպիսի անկեղծ ցանկություն ունեցողները ծառայելու համար ժամանակ չունեն: Նրանք դեռ իրենց տեղը, դիրքը, աթոռը պետք է ամրացնեն, քանի դեռ դրանք երերում են ու բաց խորշեր կան: Ուժեղ մրցակցություն է գնում, թե ո՞վ է դառնալու այս կամ այն կտորի կամ աթոռի տերը: Եվ ընտրյալները սկսում են մտածել. «Լավ, ընկնեմ ժողովրդի հոգսերի հետեւից, բա որ կողքիններս գան ու ինձ անցնեն, վաղը երեխեքս մնան սոված...»:

Ընթացիկ համայնքապետական ընտրությունների եզրափակիչ շաբաթում գուցե միամիտ է հնչում «Հայոց Աշխարհ»-ի վերնագիրը, թե «Բանը հասել է ընտրակաշառքներին»: Խոսքը տվյալ դեպքում Երեւանի Արաբկիրի համայնքապետի ընտրության ընթացքի մասին է: Թեկնածուներից ներկայիս թաղապետ Ֆելիքս Յայլոյանը բացահայտում է. - «Կան բազմաթիվ փաստեր, վկայություններ, որ ընտրողների ձայները գնվում են 3000-5000 դրամով»: «Մեր ունեցած տեղեկություններով, ընտրակաշառքները բաժանվում են համայնքապետի թեկնածու, քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Լեւոն Հարությունյանի օգտին: Կարծում եմ, որ նրա միջոցով որոշակի ուժեր ուզում են այստեղ գալ իշխանության», - ակնարկում է Յայլոյանը: Ըստ ամենայնի, այդ ուժերը հաստատ քաղաքական ընդդիմությունից չեն: Վերջինս իր համար կարեւոր բազում այլ խնդիրներ է գտնում: «Օրրան» թերթի պատկերմամբ, եթե իշխանությունների ճամբարում կատարվողին նայես նրանց անձնական շահի տեսանկյունով, ամեն ինչ տեղը կընկնի, կդառնա տրամաբանական: Ոչ արդարացնող, իհարկե, բայց գոնե՝ հասկանալի: Հակառակ՝ ընդդիմության ճամբարում ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ հակասական: Կարծես թե՝ Քոչարյանին դեմ են: Երեւի թե զգում են, որ մի քիչ կարող է եւ ճիշտ չհասկացվել, եթե ընդդիմություն լինելով՝ կողմ լինեն նաեւ Քոչարյանին: «Գրեթե բոլորը ընդդիմադիր են մեկը մյուսին եւս: Ու ստացվում է, որ, գոնե առայժմ, այդ բոլորը եթե իշխանական կիսադաշտում էլ չեն խաղում, ապա ակամա խաղում են նույն այն իշխանությունների օգտին, որոնց իրենք այս կամ այն կերպ դեմ են: Որովհետեւ այդ մարտավարությամբ լիովին բացառում են ռազմավարական նպատակի իրականացում: Որովհետեւ դա ջանքերի, տարբեր տիպի ռեսուրսների ու գաղափարների անհեթեթ փոշիացում է ենթադրում», - արձանագրում է «Օրրան»-ը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում այսօր ոգեշնչում է, թե երբ ընդդիմության թիմը բաժանված է եւ չի ներկայանում սեփական թեկնածուով, այդ դեպքում իշխանական թեւի «կրակոցները» կարծես ապարդյուն են. ո՞ւմ դեմ են պայքարում: Եվ երբ լինի այդ միասնական թեկնածուն (իսկ նա կլինի անպայման), արդեն շատ բան փոխված կլինի: «Այդ սյուրպրիզը շատ կլրջացնի իրավիճակը», - շեշտում է Արամ Սարգսյանը՝ նաեւ ավելացնելով. - «Չեմ համարում, որ հիմա է այն ժամանակը, երբ պետք է բացահայտել գործընթացների նախատեսվող ցանկը: Առնվազն մի քիչ համբերություն է պետք՝ մինչեւ նոյեմբերի վերջը եւ, կարծում եմ, որ ընդդիմադիրներին հետեւող ու համակրող մարդիկ կունենան ուրախանալու առիթներ»:

«16-ի հետագա գործողությունների մարտավարությունը մեծապես կախված է կիրակի օրը անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ու հատկապես՝ Կենտրոն համայնքի ընտրություններից», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է ընդդիմադիր միավորման ներկայացուցիչներից մեկը: - «Եթե ընդդիմադիր թեկնածու Արարատ Զուրաբյանին հաջողվի Կենտրոնում հաղթանակ տանել, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա մենք չենք թողնի, որ իշխանությունները ուշքի գան եւ հենց հաջորդ օրը, ընդդիմության հաղթանակի տեմպը չգցելու համար, խորհրդարանում կանցնենք լուրջ գործողությունների։ Իսկ եթե իշխանությունները կփորձեն կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառել Կենտրոնում, ապա մենք այդ փաստերը ձեռքներիս՝ անմիջապես ոտքի կհանենք ողջ ժողովրդին»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի դիտարկմամբ, հոկտեմբերի 20-ից հետո չպետք է բացառել իշխանամետ կուսակցությունների՝ նախագահից աստիճանաբար հրաժարվելու շքերթը, քանի որ բուն համայնքապետական ընտրություններում «թաղային հեղինակություններից» ջախջախիչ պարտություն կարող են կրել անգամ հանրապետականները: Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, «Իրավունք»-ում սահմանվում է. «Քանի որ Հայաստանի ընտրազանգվածը ավանդաբար սիրում է հայացքը հառել դեպի հյուսիս, ապա հրապարակային առումով ե'ւ նախագահի թիմը, ե'ւ հականախագահական ընդդիմությունը խաղալու են ռուսամետ դաշտում»: Բայց ռուսամետ դաշտերն իրենց հերթին «տարբեր են եւ արտացոլում են բուն Ռուսաստանի ներքաղաքական պայքարը»: Ըստ «Իրավունք»-ի, Հայաստանի իշխանությունները «գործ են բռնում» ելցինյան «ընտանիքի» հետ, իսկ ընդդիմության ռուսամետ հատվածը ավելի շուտ կողմնորոշված է դեպի Վլադիմիր Պուտինին մոտ շրջանակները կամ էլ այսպես կոչված ժողովրդահայրենասիրական ուժերը: Այս դիտանկյունից է ընկալվում եւ Բորիս Ելցինի ներկա այցը Հայաստան: «Կարելի է չկասկածել, որ շուտով Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր իրադարձություններ անպայման կկապվեն Ելցինի այցի հետ», - իր հերթին շեշտում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Ելցինի այցը ինքնին, որպես փաստ, քաղաքական իրադարձություն է: Եթե առայժմ քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվամիջոցները այս տեսանկյունից չեն մեկնաբանում Ելցինի այցը, ապա դա ժամանակավոր է»:

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի այցին Հայաստան «Օր» թերթի մեկնաբանը ընդհանրացրել է. - «Նման տիպի ցանկացած այդ կամ այլ նախաձեռնություն այս օրերի ունենում է ոչ այնքան միջպետական, որքան ներքաղաքական ազդեցություն: Քննարկումների օրակարգում չերեւաց որեւէ էական հարց, միջպետական սրված խնդիր, որի շուրջ պտտվեին նախագահների բանակցությունները»: Փոխարենը նախագահներից յուրաքանչյուրը իրեն անհրաժեշտ մի բան ստացավ: Կուչման՝ Ուկրաինայում խիստ լարված ներքաղաքական վիճակի գոնե կարճ մի թոթափում, Հայաստանի նախագահը՝ քաջալերող մի քանի արտահայտություն, ինչպես՝ «Երեւանը վերածվել է շինհրապարակի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG