Մատչելիության հղումներ

Ըստ լրագրողական հարցախույզի, գյումրեցիների շուրջ 25 տոկոսը պատրաստ է ընտրակաշառքի


Հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը անցկացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն քաղաքի 600 բնակիչների շրջանում: Ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել հարցված բնակիչների 75 տոկոսը: Հարցվածների մոտ 50 տոկոսը պաշտպանում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Ուշագրավ են ընտրակաշառքին վերաբերող հարցերի պատասխանները: «Արդյո՞ք 1999 թվականի ընտրությունների ժամանակ ձեզ ընտրակաշառք առաջարկել են» հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 20 տոկոսը, բացասական՝ 78 տոկոսը: Հարցվածների 12 տոկոսը քվեարկության ժամանակ իր ձայնը վաճառելու պատրաստակամություն է հայտնել:

«Փաստորեն 21-25 տոկոսը այսպես թե այնպես, այս կամ այն չափով պատրաստ են ընտրակաշառքի», - պարզաբանելով հարցախույզի արդյունքները, «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանը:

«Ազատություն» ռադիոկայանի՝ Գյումրիի փողոցներում անցկացված փոքրիկ հարցախույզի նպատակը նույնպես ընտրակաշառքների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը վերհանելն էր: Գյումրիի բնակիչ Սաշիկ Նախշքարյանը, օրինակ, «անթասիբ» որակեց ընտրակաշառք վերցնողներին: Մեկ այլ գյումրեցու՝ Բարսեղյան Ռաֆիկի կարծիքով, եթե քաղաքապետի ընտրություններն արդար անցնեն, թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվի:

Իսկ թիվ 34 կրթօջախի տնօրեն Շուրա Ղազարյանը, թեեւ ինքը ընտրակաշառք չի վերցնի, մյուսներին խորհուրդ է տալիս վերցնել: «Ես խորհուրդ եմ տալիս՝ թող վերցնի, բայց գնա ում ուզում է նրան ընտրի», - ասաց նա: - «Մեկ է, էդ մարդը, որ փող է տալիս, իր փողը չի տալիս, մեզանից վերցրած փողն է տալիս»:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG