Մատչելիության հղումներ

Կայացավ Քոչարյան - Ալիեւ հերթական հանդիպումը


Մոլդովայի մայրաքաղաքում տեղի ունեցող ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները 19-րդ անգամ բանակցեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ: Շոշափելի առաջընթաց, սակայն, կրկին չարձանագրվեց:

Երկժամյա բանակցությունների ավարտին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ հարցը շատ բարդ է, բայց ինքն ու իր ադրբեջանցի գործընկերը «հարցի լուծումը գտնելու ցանկություն ունեն»: Քիշնեւում գտնվող «Ազգ» թերթի թղթակցի հաղորդագրության համաձայն, Հայաստանի նախագահն ասել է, թե բավարարված է հանդիպման արդյունքներով եւ որ կայացած հանդիպումը առաջընթաց քայլ էր դեպի խնդրի կարգավորումը:

Հեյդար Ալիեւը, իր հերթին, նշել է, թե շատ դժվարին եւ բարդ է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Ես չեմ կարող որեւէ կոնկրետ բան հայտնել», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության, հանդիպման մասին մանրամասներ չեն հրապարակվել: Գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության տեղեկատվությունը, մեջբերել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. - «Ես չեմ կարող ասել, թե որոշակի արդյունքներ կան»: Իսկ Հեյդար Ալիեւը, համաձայն «Ֆրանս Պրես»-ի, նշելով, որ հակամարտության լուծումը «դժվար գործ է», ասել է. - «Այդ իսկ պառճառով ես գտնում եմ՝ երկկողմ բանակցությունները հարկավոր է շարունակել»:

Երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին են միացել միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այս ֆորմատի հանդիպմանը քննարկված հարցերի մասին հաղորդագրություններ առայժմ չկան:

Քիշնեւում «Ազգ»-ի թղթակցին տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը ասել է, թե Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք «նախագահական ընտրությունների շրջանում փոխզիջումների դիմելն արդեն դժվար է»: Մեկ անգամ էլ ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը, Գուլիեւը ասել է, թե բանակցությունների սեղանի շուրջ կարելի է նստել, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը եւ վերադարձնի օկուպացված տարածքները: Ընդ որում, Ադրբեջանի արտգործնախարարը օկուպացված տարածք է դիտում նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Պատասխանելով ադրբեջանական կողմի հնարավոր զիջումներին վերաբերող հարցին, Վիլայաթ Գուլիեը նշել է, թե 1996 թվականին Լիսաբոնի գագաթնաժողովում ամրագրվել էին հակամարտության կարգավորման սկզբունքները՝ կրկին հերքելով փարիզյան սկզբունքների գոյությունը:

Ի պատասխան այս հայտարարությունների, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ներկայումս «գտնվում է Լիսաբոնի գագաթնաժողովից 180 աստճանի վրա», եւ փարիզյան սկզբունքները շարունակում են մնալ բանակցային գործընթացի հիմքում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG