Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը վերականգնեց ընտրողների սահմանափակված իրավունքները


Հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից 18 օր առաջ Ընտրական օրենսգրքում նորից փոփոխություն է կատարվում: Հուլիսի 31-ին հանրապետության նախագահը ստորագրել էր Ազգային ժողովի հուլիսի 3-ին ընդունած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը»:

Սակայն ավելի ուշ Հայաստան եկած Եվրախորհրդի մոնիտորինգի խումբը ու ԵԱՀԿ ներկայացուցիչները, քննադատեցին փոփոխված ընտրական օրենսգրքի այն դրույթը, որով սահմանափակվում էր ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները դատական կարգով լուծելու ժամկետը: Ըստ այդմ, ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարանում, բայց քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում՝ քվեարկության օրը ընտրացուցակները ենթակա չեն փոփոխման:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ պաշտոնյաները եւս ուշադրություն էին դարձրել, որ այս դրույթը հակասում է Սահմանադրությանը:Մոնիտորինգի խմբի անդամները հանդիպել են հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլ երեք ժամ քննարկվել է ընտրական նորացված օրենսգիրքը: Մոնիտորինգի խմբի հետ հանդիպումից հետո հանրապետության նախագահը դիմել էր Սահմանադրական Դատարան, որն էլ երեկ վճռել է, որ օրենսգրքի 14-րդ հոդվածի երրորդ կետի երրորդ պարբերությունը իրավաբանական ուժ չունի:

Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը վաղը պատրաստ կլինի, բայց այսօր էլ արդեն հստակ է, որ ինչպես ընտրություններից երկու օր առաջ, այնպես էլ քվեարկության օրը հանրապետության ընտրողներն իրավունք կունենան դատական կարգով պաշտպանել իրենց ընտրական իրավունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի վկայությամբ, ընտրացուցակները հանձնաժողովների եւ համայնքների ղեկավարաների ուշադրության կենտրոնում են: Ընտրացուցակների ճշտման աշխատանքներում ներգրավված են նաեւ ՆԳ նախարարության անձնագրային ծառայությունները, բայց ընտրացուցակների ձեւավորման հիմնական պատասխանատուները մնում են համայնքների ղեկավարները:

Բացի այդ, բոլոր կուսակցությունները հայտարարում են, որ անկախ մասնակցությունից, իրենց գերխնդիրն է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների ընթացքն ապահովելը: Բոլորն էլ ընդունում են, որ այս ընտրությունները չպետք է քաղաքականացվեն:

Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ակտիվ մասնակցում է տեղական ընտրություններին, գրանցվել են կուսակցությունը ներկայացնող մի քանի փոքր ու մեծ համայնքների ղեկավարների թեկնածուներ:

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ էլ Գյումրիում, Կապանում եւ Բերդում քաղաքապետերի թեկնածուներ կուսակցությունը առաջադրել է, իսկ ոչ կուսակցական թեկնածուների պաշտպանելու հարցով բանակցությունները դեռ շարունակվում են:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մխեյանի տվյալներով, կուսակցությունն ընդհանուր առմամբ 87 համայնքների ղեկավարների թեկնածուներ է առաջադրել, այդ թվում Աշտարակում, Մարալիկում: Իսկ Արթիկում առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արծրուն Աղաջանյանը: Ըստ Մխեյանի, Երեւանում որեւէ մեկի թեկնածությունը չեն պաշտպանելու:

Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի խոսքերով, մի քանի օր առաջ կուսակցության նախագահությունը որոշում է ընդունել, թե շատ ավելի կարեւոր է ազատ ընտրություների կազմակերպումը, քան այս կամ այն գյուղում ԱՄ ներկայացուցիչներ ունենալը: Ուստի կուսակցությունը կպաշտպանի այն թեկնածուներին, ովքեր կբացահայտեն այս իշխանությունների արատները, իսկ հակառակը՝ իշխանություններին գովերգող թեկնածուներին չեն պաշտպանի:

Ամենաակտիվը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մի քանի տասնյակ թեկնածուներ է առաջադրել:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG