Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը, անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե Ռ. Քոչարյանի հետ Սադարակի հանդիպման ժամանակ առաջարկել է Բաքու-Երեւան երկաթգի բացում՝ 4 շրջանների դիմաց եւ մերժում է ստացել, «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ դա նոր գաղափար չէ: «Այդպիսի առաջարկ ադրբեջանական կողմից եղել եւ մերժվել է նախկինում, այդ թվում նաեւ Պրահայում երկու նախագահների անձնական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Այդ կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է. հակամարտությունը պետք է լուծվի փաթեթային տարբերակով, որից որեւէ բաղադրիչ հանել հնարավոր չէ, - հաստատագրում է Վահե Գաբրիելյանը, - Ինչ վերաբերում է այս գործընթացում նախագահական ընտրությունների դերին, Հայաստանը մշտապես որոնում է հակամարտության խաղաղ լուծման ուղիներ, եւ ընտրությունների մոտ կամ հեռու լինելը չի ազդի խնդիրը լուծելու նախագահ Քոչարյանի վճռականության վրա», - հավաստիացնում է մամուլի քարտուղարը:

«Հայոց Աշխարհ»-ի եւ «Առավոտ»-ի թղթակիցներին նա ասել է նաեւ, որ նախագահը հատկապես ոգեւորված չէ իր նկարը դպրոցներում փակցնելու՝ կրթության- գիտության նախարարության նախաձեռնությունից:

Նախկին նախարար Վահան Շիրխանյանի գնահատականով, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ սոցիալական, եւ հոգեւոր ոլորտներում խայտառակ պատկեր է: Երկիրը, փաստորեն, կորցրել է ինքնիխշանությունը, զուրկ է դիմադրողական կարողություններից: Իշխանափոխությունն այսօր կենսական անհրաժեշտություն է: Ընդ որում դրա լավագույն տարբերակը վաղաժամ ընտրություններն են, սահմանում է նա՝ «Օրրան» թերթի հարցազրույցում նաեւ վստահեցնելով. «2003-ին եթե Ռ.Քոչարյանին հաջողվի եւս մեկ անգամ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, առաջադրվել, ապա ոչ լեգիտիմ նախագահի խարանը կշարունակվի եւ Հայաստանին կբերի մեծամեծ վնասներ»:

«Ժամանակն է «նախկին իշխանություններ» բառակապակցությունը շրջանառությունից հանելու, քանի որ նախկին իշխանություն կարող է լինել այն դեպքում, եթե կա ներկա իշխանություն», - «Առավոտ»-ում ասում է «Շամիրամ» կազմակերպության նախագահ Շողեր Մաթեւոսյանը: Վերջինիս հայացքով, -Արդար ընտրությունների դեպքում գործող նախագահին կարող է հաղթել 16-ից յուրաքանչյուրի գրասենյակի պահակը, բայց քանի որ ընտրությունները արդար չեն լինելու, ընդդիմությունը պիտի փորձի միասնական թեկնածու առաջադրել այնպիսի մեկին, ում ձայները խլելը Քոչարյանի համար դժվար կլինի: Օրինակ՝ Գեղամյանին՝ իր ապարանցու հաստ կողով, Դեմիրճյանին՝ հոր խարիզմայով, Արմեն Սարգսյանին՝ արեւմտյան բարեկրթությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հայեցի նկարագրով: Մի խոսքով՝ ճաշակի հարց է»:

Նախընտրական համագումարների սեզոնը հոկտեմբերի 5-ին կբացի «Ազգային միաբանություն» կուսակցությունը, եւ ընդդիմադիր կուսակցությունների մեջ առաջինը համագումար անցկացնելը նաեւ հոգեբանական ենթատեքստ ունի, - ուշադրություն է այսօր սեւեռում «Հայկական Ժամանակ» թերթը:

«Ըստ Արտաշես Գեղամյանի մշակած սցենարի, իր կուսակցության համագումարի ընթացքում, երբ հայտարարվի, որ «ԱՄ»-ն նախագահի թեկնածու է առաջադրում Արտաշես Գեղամյանին, կուսակցության 600 պատվիրակները ոտքի պիտի կանգնեն ու ծափ տան: Բնականաբար, պատշաճությունը պահպանելու համար ոտքի պիտի կանգնեն նաեւ 16-ի համագործակցության կուսակցությունների հրավիրյալ լիդերները: Այսպիսով, եթե 15 լիդեր ոտքի է կանգնում ու ծափ է տալիս նախագահի թեկնածու Գեղամյանին, դա արդեն նշանակում է, որ «16»-ի միավորումն ընդունում է Գեղամյանի լիդերությունը:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, այս սցենարից խույս տալու քայլեր է ձեռնարկում մասնավորապես ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ինչն ունի նաեւ պատմական նախահիմքեր: ՀԺԿ-ից ասել են, որ իրենք չեն կանգնելու, որովհետեւ, երբ Կարեն Դեմիրճյանն ընտրվեց ԱԺ նախագահ, ողջ խորհրդարանը ոտքի կանգնած ծափահարեց, նույնիսկ դաշնակները, եւ միակ պատգամավորը, որն այդպես էլ մնաց նստած, Գեղամյանն էր:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում նախանշվում է, որ թե «Ազգային միաբանությունը», թե ՀԺԿ-ն առաջիկա համագումարներում հավաստելու են միմիայն իրենց առաջնորդին ձայն տալու մտադրություն, անպես որ շուտով «16»-ի միավորումը առնվազն կերկատվի: Ընդ որում, Ստեփան Դեմիրճայնը Գեղամյանից մեկ ամիս ուշ կատարելով ինքնաառաջադրման քայլը, որպես «ական» այնքան էլ չի կարող դիտվել:

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծականի համաձայն, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում դրսեւորված ակնհայտորեն կողմնակալ դիրքորոշումը Հայաստանի հանդեպ բացատրվում է նախեւառաջ նրանով, որ Եվրոպան ուղղակի «խփնված» է մահապատժի վերացման հարցում: Եվ, ըստ «Հայոց Աշխարհ»-ի, մեզանում որոշակի ուժեր, սա հիանալի հասկանալով, խոչընդոտում են մահապատժի վերացմանը՝ ձգտելով խնդիրներ ստեղծել պետության, իշխանությունների համար:

«Հայոց Աշխարհ»-ում ձեւակերպված է, - «Նման գործելակերպը բխում է ոչ թե «հոկտեմբերի 27»-ի ոճրագործների հանդեպ արդար պատիժ սահմանելու նրանց անկեղծ ցանկությունից, այլ «որքան վատ, այնքան լավ» վաղուց հայտնի տրամաբանությունից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG